Երեկ, մարտի 1-ի դեպքերից ուղիղ 6 ամիս հետո, Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Գագիկ Ջհանգիրյանի գործով առաջին դատը:
Նա մեղադրվում է Քրեական օրենսգրքի 316 հոդվածով` իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալու համար: Հիշեցնենք, որ մինչ այդ Գ.Ջհանգիրյանը որպես վկա մասնակցում էր իր եղբոր` Վարդան Ջհանգիրյանի դատավարությանը: Բացի այդ, Գլխավոր դատախազի նախկին տեղակալն իրեն դասային աստիճանից զրկելու եւ պաշտոնից հեռացնելու համար դատի էր տվել ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ու մասնակցում էր այդ դատավարությանը: Իսկ երեկ արդեն Գ. Ջհանգիրյանը որպես մեղադրյալ մասնակցում էր իր հիմնական դատավարությանը: Հիշեցնենք նաեւ, որ փետրվարի 23-ին նրան ու եղբորն Արգավանդի խճուղուց, առանց զգուշացնելու բռնի ուժով բերման էին ենթարկել Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցներն՝ այն բանից հետո, երբ հանրահավաքի ժամանակ հայտարարել էր, թե սատարում է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Տեղեկացնենք նաեւ, որ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը Գ.Ջհանգիրյանի նկատմամբ նախապես առաջադրել էր ապօրինի զենք կրելու մեղադրանք, որից հետո նրա նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել կալանքը: Ավելի ուշ պարզել էին, որ գլխավոր դատախազի տեղակալն ի պաշտոնե իրավունք ունի զենք կրել, եւ առաջ էին քաշել մեկ ուրիշ` իշխանությունը բռնի ուժով յուրացնելու մեղադրանքը: Երկու ամիս հետո էլ որոշել էին, որ Գ.Ջհանգիրյանը Արգավանդի խճուղում բերման ենթարկվելու ժամանակ ոստիկաններին դիմադրություն է ցույց տվել, եւ մեղադրող կողմը վերջնականապես կանգ էր առել 316 հոդվածի վրա, ու այդ մեղադրանքով էլ գործն ուղարկվել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատարան: Դատական նիստը վարում էր դատարանի նախագահ Ժորա Վարդանյանը:
Դատական նիստը հենց սկզբից թեժացավ, երբ դահլիճ բերեցին այդ գործով տուժող համարվող` 6-րդ վարչության աշխատակիցներ Տիգրան Աղվանյանին եւ երգչուհի Շուշան Պետրոսյանի ամուսնուն` մարտի 1-ից հետո հայտնի դարձած Արման Հարությունյանին: Վերջինիս ներկայությունը բորբոքեց Ջհանգիրյանի կողմնակիցներին, եւ դահլիճից հնչեցին «տուզիկ», «Շուշան Պետրոսյանի տուզիկ» արտահայտությունները: Ա. Հարությունյանը հակադարձեց սեռական բնույթի հայհոյանքներով. «Եթե ինձ որեւէ մեկը տուզիկ ասի, այ գ, տուզիկըգ»: Դատարանի կարգադրիչները տուժողին դուրս հանեցին դահլիճից: Ջհանգիրյանի պաշտպանները Ժ.Վարդանյանին անմիջապես միջնորդություն ներկայացրեցին դիմել դատախազին` «խուլիգանական հայհոյանքներ» թույլ տալու եւ Ա.Հարությունյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու համար: Դատավորը հայտարարեց, թե հայհոյանք չի լսել եւ միջնորդությունը քննարկման առարկա կդարձնի ձայնագրված նյութը լսելուց հետո: Մինչդեռ դատավորից մի քանի մետր հեռու նստած մեղադրող դատախազ Կորյուն Փիլոյանը լսել էր Ա.Հարությունյանի հայհոյանքները, բայց ասաց, թե տուժողն ընդամենը պատասխանել է դահլիճին: «Այստեղ ոչ թե ինձ մեղադրող գործ պետք է քննվեր, պետք է քննվեր սպանության փորձի, ապօրինի բերման ենթարկելու, եղբորս խոշտանգելու եւ ծեծելու գործ, եւ տուժողի տեղը պետք է ես նստած լինեի: Հայաստանում իրական անկախ դատական համակարգ չի եղել, բայց ունեցել ենք քիչ թե շատ ինքնուրույն` երբեմն վճարովի, երբեմն անվճար դատարան: Ի՞նչ ունենք փետրվարի 19-ից հետո` կամազուրկ, կամակատար դատական համակարգ: Ինչո՞ւ, որովհետեւ փետրվարի 19-ին բռնազավթվել եւ յուրացվել է ոչ միայն ժողովրդի քվեն, իշխանությունը, այլեւ քննիչի ու դատավորի ինքնուրույնությունն ու անկախությունը: Նրանք այսօր մեր վարչախմբի պատանդներն են: Նրանք կամավոր պատանդներ են: Ես նրանց չեմ արդարացնում, այլ խղճում եմ, որովհետեւ չունեն բավարար կամք, ոգու արիություն` ազատ եւ ինքնուրույն գործելու համար, առնվազն պատվով հեռանալու համար: Հակառակ դեպքում իմ տասնյակ ընկերների փոխարեն այս աթոռների վրա նստած կլինեին անմեղ ժողովրդի վրա կրակողները»,- հայտարարեց Գ.Ջհանգիրյանը:
Վերջինիս պաշտպան Լուսինե Սահակյանը ներկայացրեց երկրորդ` արդեն նախապես պատրաստած միջնորդությունը դատավոր Ժ.Վարդանյանին ինքնաբացարկ հայտնելու մասին: Ինքնաբացարկի համար որպես հիմք ներկայացրեց օրենքի խախտման մոտ մեկ տասնյակ հիմնավորումներ, որոնցից մեկն էլ այն էր, որ դատավոր Վարդանյանի որդին` Արշակ Վարդանյանը, ընդգրկված է եղել մարտի 1-ի դեպքերի առնչությամբ քննություն իրականացնող խմբում: «Իսկ դա նշանակում է, որ դատավորը չի կարող անաչառ ու անկողմնակալ լինել»,- հայտարարեց Լ.Սահակյանը: «Հորդորում եմ քարը ձեր փեշից թափել եւ ինքնաբացարկն ընդունել, գուցե գա այնպիսի մեկը, որի նկատմամբ ես բարոյական խնդիր չունենամ»,- ավելացրեց Գ. Ջհանգիրյանը: Այս միջնորդությունը քննելու համար դատավորը մոտ երկու ժամ գնաց խորհրդակցական սենյակ: «Վարդանյան Ժորան շատ մեծ ուրախությամբ կընդուներ, բայց այսօրվա պայմաններից ելնելով՝ չեմ հավատում, որ կընդունի»,- ընդմիջման ժամանակ կանխատեսեց Գ. Ջհանգիրյանը: Եվ իսկապես, դատավորը վերադարձավ ու ասաց, թե մերժում է իրեն ինքնաբացարկ հայտարարելու միջնորդությունը: Լ.Սահակյանը ներկայացրեց հաջորդ միջնորդությունը, որով խնդրում էր փոխել մեղադրողներ Կորյուն Փիլոյանին, Հովսեփ Սարգսյանին եւ Լիլիթ Թադեւոսյանին: Պաշտպանը, նաեւ Ջհանգիրյանն՝ ինքը, մի քանի անգամ ներկայացրին այն օրենքները, նաեւ ՀՀ Սահմանադրության այն նորմը, համաձայն որի` դատարանում մեղադրանքը պետք է պաշտպանի մեղադրական եզրակացությունը ստորագրած դատախազը, տվյալ դեպքում` ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: «Քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը գործն ավարտել է, մեղադրական եզրակացությունը կազմել եւ ուղարկել է գլխավոր դատախազին: Գլխավոր դատախազն էլ հաստատել է, եղավ, որ հսկողություն իրականացնող դատախազը գլխավոր դատախազն է: Ես մեղադրողների նկատմամբ ոչինչ չունեմ, ես ուզում եմ, որ պատշաճ դատախազ ներգրավվի,- հայտարարեց Գ.Ջհանգիրյանը եւ կատակեց, թե քանի որ սեպտեմբերի 1-ը նաեւ գիտելիքի օր է, ինքը նաեւ դասախոսություն է կարդում: -Հումորի եմ տալիս, որ այս կեղծ թատրոնին դիմանամ»:
Եվ ընդհանրապես երեկվա ողջ դատական նիստն ընդմիջվեց Գ.Ջհանգիրյանի ելույթներով, որին դահլիճը ծափահարություններով էր պատասխանում: Նախագահող Ժ.Վարդանյանը շատ հաճախ կորցնում էր վերահսկողությունը դատական նիստի նկատմամբ: Իսկ իր նկատմամբ ինքնաբացարկ հայտարարելուց հետո նա ընդհանրապես դժվարացավ կառավարել նիստը: Դատավորն այնքան էր իրեն կորցրել, որ երբ Ջհանգիրյանը նրան ասաց, թե` «եւ՛ Ձեզ, եւ՛ ժողովրդի համար ակնհայտ է, որ այս գործն ապօրինի է», պատասխանեց` «անկասկած»:
Ինչեւէ, Ժ. Վարդանյանը մերժեց նաեւ այս միջնորդությունը, եւ պաշտպանական կողմն արդեն ներկայացրեց մեղադրողներին ինքնաբացարկ հայտարարելու միջնորդությունը: «Այս գործով նախաքննությունն իրականացվել է օրենքի կոպիտ խախտումներով: Գ.Ջհանգիրյանն ակնհայտ ապօրինի կերպով ձերբակալվել է, այնուհետեւ ակնհայտ ապօրինի կերպով նրան մեղադրանք է առաջադրվել, ակնհայտ ապօրինի կերպով նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց է ընտրվել, ակնհայտ ապօրինի երկու անգամ երկարացրել են նրան կալանքի տակ պահելու ժամկետը: Այն հանգամանքը, որ Գ.Ջհանգիրյանին մեղադրանք է հարուցվել 316 հոդվածով, եւ այդ գործով տուժողները չեն գործել իրենց լիազորությունների շրանակներում, արդեն փաստ է: Այս պարագայում, հարգելի դատարան, հսկողություն իրականացնող 3 դատախազները գլխավոր դատախազի հետ միասին պարտավոր էին նկատել, որ ի սկզբանե Գ.Ջհանգիրյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կալանքի մեջ պահելու համար»,- միջնորդությունը մեկնաբանեց Լ.Սահակյանը: «Ակնհայտ է, որ նրանք հսկողություն չեն իրականացրել գործի վրա, թող տղամարդ լինեն, այդքանն ընդունեն: Ուզում եք՝ դիմումը գրեք, հետո հրաժարվեք, ուզում եք՝ հիմա հրաժարվեք, հետո դիմումը գրեք,- դատախազներին առաջարկեց Ջհանգիրյանը: -Դու հսկողություն իրականացրե՞լ ես այս գործի վրա, Փիլոյան»: Կ. Փիլոյանը չպատասխանեց: Եվ Ժ.Վարդանյանն այս միջնորդությունն էլ քննելու համար անցավ խորհրդակցական սենյակ եւ դուրս գալուց հասցրեց սպառնալ «Չորրորդ իշխանություն» թերթի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին, որ անընդհատ լուսանկարում էր, ասելով` «Գլուխդ քո՞ր է գալիս»:
Որոշումը կհրապարակի այսօր ժամը 12-ին: