Գյումրիում մեկնարկել է գազ մատակարարող երկրորդ` լրացուցիչ գազատարի շինարարությունը, որը քաղաքին գազով ապահովելու է Ախուրյանի մայր գազատարից (մինչ օրս քաղաքը գազ ստանում էր մի գազատարով): 690 մ երկարությամբ, 325մմ տրամագծով նոր խողովակն Ախուրյանը սնող մայր գազատարից լրացուցիչ գազ կմատակարարի Գյումրու կենտրոնական եւ հարավային թաղամասերին: Գյումրու Գազամատակարարման եւ գազիֆիկացման մասնաճյուղի տեխնիկական բաժնի պետ Արամ Բաղրամյանն «Արմենպրեսին» ասել է, որ լրացուցիչ գազատարի կառուցման նպատակը հիմնական գազատարի վթարի դեպքում քաղաքն ամբողջությամբ չգազազրկելն է: Լրացուցիչ գազատարի վրա կտեղադրվի երրորդ կարգավորիչ հանգույցը, որը հնարավորություն կտա կարգավորել գազի ծավալներն ու ճնշումը: Նմանատիպ հանգույց ունի նաեւ Գյումրու Անի թաղամասը եւ Խրիմյան Հայրիկ փողոցը: Պատասխանատուների տեղեկություններով` նոր գազատարն ու կարգավորիչ հանգույցը ջեռուցման սեզոնին հեռավոր թաղամասերին գազի բավարար ճնշում կապահովի: