Կարեւորը կրթության որակն է

02/09/2008

ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանի հավաստմամբ` այսուհետ ուսումնական հաստատությունները պետք է զերծ մնան քաղաքական քարոզչության որեւէ գործընթացից:

«Այս ուսումնական տարին նախորդներից տարբերվում է նրանով, որ կրթական համակարգի նկատմամբ պահանջները շեշտակի բարձրացել են»,- երեկ ասել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանը` հավելելով, որ եթե Հայաստանը հայտարարում է գիտելիքի վրա հենված տնտեսություն կառուցելու հավակնությունների մասին, եթե համարվում է, որ Հայաստանի զարգացման գրավականը գիտելիք ունեցող երիտասարդն է, ապա կրթական համակարգում, լինի դա հանրակրթություն թե բուհական համակարգ, պետական պահանջների շեշտակիորեն բարձացումն անհրաժեշտություն է: «Պետության համար առաջնայինը կրթության որակի ապահովումն է, եւ մեր ամենամեծ ուշադրությունն ուղղվելու է դրան: Այսօր հիմնանորոգվող կամ վերանորոգվող դպրոցներն ապահովվում են կրթության համար անհրաժեշտ բոլոր պայմաններով, ուստի մենք պահանջում ենք նաեւ կրթության բարձր որակի ապահովում»,- նշել է նա: Ըստ Ս. Սեյրանյանի, սակայն, ցավոք, այսօր դեռ բոլոր դպրոցներում չէ, որ ունենք բարձրակարգ պայմաններ, «բայց «Լինսի» հիմնադրամի միջոցներով հիմնանորոգված դպրոցները մեզ համար դարձել են չափորոշիչներ, որոնց համապատասխան պետք է վերանորոգվեն նաեւ մյուս դպրոցները»: «Ճիշտ է, պետությունն այսօր հնարավորություն չունի բոլոր դպրոցներում նույն ծավալի աշխատանքներ իրականացնելու, սակայն ամենակարեւորը` պետությունն ունի կամք ու վճռականություն` այդ աշխատանքներն ավարտին հասցնելու համար,- նշել է Ս. Սեյրանյանը,- Ամենակարեւորը` բոլոր դպրոցները, ամենալավ հիմնանորոգվածներից սկսած եւ վերջացրած այն դպրոցներով, որոնք դեռ ունեն շենքային խնդիրներ, բոլոր առումներով պատրաստ են բացել իրենց դռները, որեւէ խնդիր ուսումնական տարին սկսելու առումով չկա: Հուսով ենք, որ նոր ուսումնական տարին բնականոն հունով կսկսենք»: 2007թ. 2006թ. համեմատ, Ս. Սեյրանյանի խոսքով, նկատվել էր առաջին դասարան հաճախող աշակերտների թվաքանակի նվազում, իսկ այս տարի 2007-ի հետ այդ թիվը գրեթե նույն մակարդակի վրա է` շուրջ 33.000: Ս. Սեյրանյանի հավաստմամբ` վերջին տարիներին առաջին դասարան հաճախող երեխաների թվաքանակի կրճատումը չի հանգեցնի դասվարների կամ ուսուցիչների կրճատման: Դպրոցները, նրա խոսքով, բոլոր հնարավորություններն ունեն՝ իրենց ուսուցիչներին ապահովելու աշխատանքով: Բացի այդ` առաջին դասարան հաճախող երեխաների թվաքանակի կրճատման այս փուլը ժամանակավոր բնույթ ունի: Հետո գալու է այն «ալիքը», երբ նրանց քանակը կտրուկ աճելու է:

Անդրադառնալով դպրոցներում այս կամ այն պատճառաբանությամբ ծնողներից հավաքվող գումարների խնդրին` նախարարը նշել է, որ այդ խնդիրներն ունեն 2 կողմ: «Այո, կան որոշակի ուսուցչական կոլեկտիվներ, որոնք նմանօրինակ գործընթացներ են նախաձեռնում կամ իրականացնում: Մինչեւ այդ ուսուցիչներին դիմելն ուզում եմ առաջին հերթին դիմել հասարակությանը, ծնողներին, որպեսզի նրանք իրենց կենցաղի շատ ու շատ երեւույթներ, որոնք բնավ ընդօրինակելի չեն, չտեղափոխեն դպրոց, իրենց ճաշակը, իրենց տրամադրությունները, իրենց մակարդակը շատ դեպքերում չփոխանցեն դպրոց: Դպրոցն օրինակելի վայր է, եւ ես մեր բոլոր ծնողներին խորհուրդ եմ տալիս` եթե իրենք հանդիպեն այնպիսի երեւույթների, որոնց մասին խոսում ենք, թող անմիջապես ահազանգեն նախարարություն: Մենք վճռական ենք դրամահավաքության առկա բոլոր երեւույթները վերացնելու եւ պատժելու բոլոր նրանց, ովքեր նմանօրինակ գործընթացներ կիրականացնեն դպրոցական համակարգում»,- հայտարարել է նա: Ս. Սեյրանյանը նաեւ նշել է, որ շարունակվում են քայլերն` ուղղված ուսումնական համակարգը միջազգային չափորոշիչներին համապատասխանեցնելուն: «Հայաստանյան դիպլոմը պետք է հարգի լինի աշխարհում, իսկ դա նշանակում է, որ համաշխարհային բոլոր չափորոշիչները պետք է տեղափոխվեն հայաստանյան կրթական համակարգ»,- ասել է նա: Իսկ ինչ վերաբերում է բուհական ընդունելության քննությունների ավարտին եւ արդյունքների ամփոփմանը, ապա Ս. Սեյրանյանը նշել է, որ այս տարի հաջողվել է քննական գործընթացն այնպես կազմակերպել, որ չարձանագրվի էական որեւէ բողոք կամ դժգոհություն: «Քննություններն ավարտվել են, ցուցակներն ամփոփվել են, եւ, ի տարբերություն նախորդ տարիների, դիմորդների եւ ծնողների դժգոհության ցուցադրական դրսեւորումներ չեն եղել, քանի որ այս տարի մենք, այո, կարողացանք ստեղծել քննական մի գործընթաց, որտեղ գիտելիք ունեցող դիմորդը հնարավորություն ունեցավ իր գիտելիքները լիարժեքորեն դրսեւորել, հնարավորություն ունեցավ համոզվելու, որ իր գիտելիքներն ամբողջ ծավալով են գնահատվել: Ես դա հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ եւ ուրախությամբ»,- ասել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարը: