Հայ երգի անատոմիան

02/09/2008 Էլեոնորա ՆԵՐՍԻՍՅԱՆ

«Երիտասարդ երաժիշտը ձայների օգնությամբ անգիտակցորեն փորձում է արտահայտել այն նույն գեղագիտական արժեքները, ինչ եւ իր ժամանակակիցները. նկարիչը, բանաստեղծը, դրամատուրգը»։ Պատահաբար չէ, որ հիշեցի Օրտեգա ի Գասետին, եւ հիշեցի այն պատճառով, որ նա միտքը շարունակում է հետեւյալ կերպ. «Իրականում նոր երաժշտության անհաջողությունը միանգամայն համապատասխանում է մնացյալ մուսաների անհաջողությանը։ Ցանկացած երիտասարդ արվեստ դատապարտված է անհաջողության, եւ դա պատահականություն չէ, իսկ նրա մեջ դրվածը օրինաչափություն է»։ Գասետին, իհարկե, հիշեցի այն պատճառով, որ ցանկություն ունեի քննարկել արվեստի թեմա, սակայն թեման, որ քննարկում է Գասետը, եւ որը միտք ունեմ քննարկել ես, տարբեր բեւեռներում են, թեեւ զարմանալի օրինաչափությամբ կարող են հատվել մի կետում, այն, որ իրավիճակը թելադրում է արվեստը քննարկել ոչ թե արվեստի, այլ սոցիոլոգիական տեսանկյունից։ Այս առիթով Գասետը նկատում է. «…արվեստը դիտարկել հասարակության վրա ազդեցության տեսանկյունից՝ նույնն է, ինչ բողկի համար գլխավորը համարել տերեւները, իսկ մարդուն փորձել ճանաչել նրա ստվերից»։ Այստեղից, կարծես թե, ընդհանրություններով հանդերձ, իմ ու Գասետի ճանապարհները բաժանվում են, քանի որ նա բախտ ունի խոսելու երիտասարդ արվեստի մասին, հենց արվեստի եւ ոչ թե արվեստի իմիտացիայի, որի մասին, ցավոք, խոսելու եմ ես։

Ըստ Գասետի, նոր արվեստի անհաջողությունը միանգամայն այլ բնույթ ունի, եւ մեծ տարբերություն կա հաջողություն չունենալու եւ անհաջողություն ունենալու միջեւ։ Ցանկացած նոր ոճի համար հաստատվելու ժամանակ է պետք. հաջողությունը դեռ չի եկել, բայց եւ վաղ է խոսելը անհաջողության մասին։ Իսկ նոր արվեստի հաջողությունը զանգվածներ գրավելն ու նրան հասկանալի լինելն է։

Զանգվածներ գրավելն, իհարկե, հաջողություն է, երբ խոսքը իսկապես նոր ոճի եւ արվեստի մասին է, ինչպիսին, ասենք, բիթըլներն էին, սակայն, ցավոք, կա եւ մի այլ տարբերակ, երբ արվեստի հետ կապ չունեցող ինչ-որ բան հավակնում է ներկայանալ որպես այդպիսին եւ, այնուամենայնիվ, մեծ զանգվածներ է գրավում։ Տվյալ դեպքում անհաջողության են մատնվում հենց զանգվածները, քանի որ նմանվում են խայծ կուլ տվող այն ձկանը, որն անգիտակցորեն ինքնասպանության է գնում, այնինչ ճշմարիտ արվեստը հասարակությանը մի քայլ առաջ է մղում եւ, ինքնահաստատվելով, նորանոր ոճեր ու մոտեցումներ ծնում։

Ցավոք, հաճախ է պատահում, երբ ուզում ես խոսել արվեստից, մեկնաբանել, շոշափել գեղագիտական հարցեր, սակայն ստիպված ես այդ ամենը մի կողմ թողնել եւ խոսել ամեն ինչի մասին, բացի արվեստից։ Այդպիսի անշնորհակալ փորձ եմ ուզում անել նաեւ ես, խոսելով այսօրվա, արդեն տասնամյակների կենսագրություն ունեցող հայ «աստղային» երգարվեստ հորջորջվող երեւույթի մասին, մի երեւույթ, որն անժխտելիորեն երկրպագուների իր զանգվածն ունի եւ դրանով էլ գոյատեւում ու պաշտպանվում է։ Պետք է ասել, որ նման պարագայում զանգված ունենալը դեռեւս իրական հաջողության նշան չէ, եւ զանգվածն ամենեւին էլ չի ներկայացնում ժողովրդին։ Տվյալ դեպքում աչքի առջեւ ունենալով որոշակի զանգված, հարկ է հաշվի առնել նաեւ այն կողմնակի հանգամանքները, որ այդ զանգվածին բերում են դահլիճ կամ համերգային որեւէ հավաքատեղի։ Նախ, մարդիկ հաճախ հավաքվում են պարապությունից, երկրորդ՝ նրանց գրավում է զուտ թամաշան, երրորդ՝ ուղղակի տանից դուրս գալու ցանկություն կա, բացի այդ, դա մի տեղ է, ուր կարելի է հանդիպել միմյանց, ժամանակ անցկացնել. տվյալ պարագայում համերգը դառնում է երկրորդական. նույն հաջողությամբ մարդիկ հավաքվում են ցանկացած թամաշայի։ Ժողովուրդն ավելի սուր ու պահանջկոտ է, եւ նման թամաշաները նրա համար արժեք չեն ներկայացնում, եւ նա ամենեւին էլ լուրջ չի վերաբերվում դրանց, ավելին, այն, ինչ կարող է լինել պահանջկոտ ժողովրդի ճաշակով, ընդունելի է նաեւ թամաշայի գնացող զանգվածի համար, ինչի հակառակը չի կարելի պնդել։ Սա նաեւ շատ լավ հասկանում են իրենք՝ երգիչները, եւ պաշտպանվելու փորձեր են անում՝ եռանդագին գովերգելով մեկը մյուսին, հասկանում են եւ իրենց թերությունները, սակայն, չգիտես ինչու, նրանց թվում է, թե միմյանց գովելով թերությունները սքողվում են ունկնդրի ուշադրությունից։ Իհարկե, լինում են եւ անկեղծության պահեր, երբ փորձում են թերություններն ի դերեւ հանել եւ դարձյալ՝ ինքնապաշտպանությունից դրդված։ Մնում է միայն զարմանալ. ի՞նչն է խանգարում ավելի լավ անել այն գործը, որը սիրում են եւ որն իրենց ապրուստի ու ճանաչման գրավականն է։ Ասենք, ինչո՞ւ Ռազմիկ Ամյանը կարող է ճաշակով իտալերեն երգ կատարել, սակայն հայերենը հնչում է ռաբիս ու մի տեսակ ահաբեկիչ ոգով։

Զարմանալին այն է, որ հայ մարդը կարող է լավ մշակ լինել, արտադրություն հիմնել, գիտության մեջ նվաճող լինել, կարող է եւ հրաշալի բանաստեղծություն գրել, բայց խեղճանալ զգացմունքներն արտահայտելիս։ Երբ լսում ես սիրո խոստովանություններով հեղեղված երգերի բառերը, լացդ գալիս է. խեղճ երիտասարդության սիրտն ու հոգին այրված ու մոխրացած է. ինչ-որ մեկն ինչ-որ մեկի հոգում ամեն ինչ ջնջել է. անձրեւը տեղում է՝ քիչ է, անձրեւից էլ համբույրներն են տեղում. կարոտների հեղեղին չափ ու սահման չկա. հերիք չէ, որ սիրտն աշխատում է իր կենսաբանական ռիթմով, խեղճը պատրաստ է եւ օվկիան դառնալու, աստղերից երգ հյուսելու ու չգիտե, թե ինչպես իր սերն արտահայտի. կա՛մ «մի գնա» է աղերսում կա՛մ «արի, արի» է կանչում, կամ էլ՝ «հետս մնա, մոտս մնա», հետո էլ գյուտ արածի պես զվարթանում է. «խաբեմ յարիս տանեմ տուն, տանեմ տուն»։

Հետաքրքիրն այն է, որ մեր երգիչները, երաժշտություն ու երգի համար խոսքեր հնարողներն ու երգ բեմադրողները կարծում են, թե այդ ամենը սկսվել է հենց իրենցից. աշխարհում այդ երեւույթը ո՛չ եղել է, ո՛չ կա, ո՛չ էլ կլինի, ու հայ հանդիսատեսն էլ, իրենցից բացի, ուրիշ բան չի լսում, եւ իրենք են, որ ճաշակ են թելադրում։ Երգի խոսքերը, մեղեդին ու կատարումը միմյանց հետ բացարձակապես կապ չունեն. մի բան երգում են՝ մի այլ բան պարում, եւ քանի որ երգը հիմնականում ներկայացվում է ֆոնոգրամայի տակ, պարապ չմնալու համար երգիչը պատրաստ է ցանկացած սպորտային տրյուկի կամ ծամածռությունների։ Փող աշխատելու այս հեշտ միջոցն արդեն սկսում է սպառել իր հնարավորությունները, եւ թամաշայի սովոր զանգվածը սկսում է ձանձրանալ ձգձգվող թամաշայից, իսկ երաժշտական ոլորտի գործարարներին սպառնում է գործազրկությունը։

Ցավալին այն է, որ մեր բանաստեղծությունը հավուր պատշաճի չի արտացոլվել հայ երգարվեստում եւ, կարելի է կարծել, այն միանգամայն անհայտ է մեր երաժշտահաններին, կամ, որն ավելի հավանական է, նրանց մասնագիտական հնարավորությունները չեն ներում մակարդակով օգտվել մեր խոսքի գանձարանից եւ հոգեզուրկ ու իմաստազուրկ խոսքերի վրա անհամ երաժշտությամբ ինչ-որ բաներ են թխում ու մատուցում՝ որպես արվեստ։ Այստեղ նույնիսկ զուգահեռ չի կարելի անցկացնել Գասետի այն դիտարկման հետ, թե երաժիշտը փորձում է անգիտակցորեն արտահայտել այն արժեքները, ինչ իր ժամանակակից բանաստեղծները։ Ինչքան էլ խոցելի լինի այսօրվա մեր բանաստեղծությունը, այնուամենայնիվ, այնքան անգրագետ չէ, որքան կատարվող երգերի խոսքերը, ավելին, եթե փնտրենք, բավական բարձր արժեքներ կգտնենք, ու եթե առաջնորդվենք այդ արժեքներով, մեր զգացմունքները չեն մնա թամադայական կենացների սահմաններում։