Քաղաքապետարանի որոշմամբ Սուրբ Կաթողիկե եկեղեցուն հարակից երկու սրճարանները`«Թայ ֆուդ» եւ «Համար 15», պետք է քանդվեն:
Շաբաթ օրը` օգոստոսի 30-ին, քաղաքապետարանի մի խումբ աշխատակիցներ, մասնավորապես` քաղաքապետարանի Քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության ներկայացուցիչները, բանվորների հետ եկել էին վերոնշյալ սրճարանները քանդելու, սակայն նրանք բուռն դիմադրության արժանացան սրճարանների աշխատակիցների ու սեփականատերերի կողմից: Բանն այն է, որ սրճարանները քաղաքապետարանի հետ մի քանի տարիների պայմանագրեր ունեն կնքված: Սրճարանի աշխատակիցները հավաստիացնում են, որ այդ պայմանագրերը քաղաքապետարանի կողմից չեն լուծարվել, եւ իրենց ընդամենը երեք օր առաջ են զգուշացրել, որ սրճարանները պետք է քանդվեն: Ի դեպ, մենք ականատես եղանք, թե ինչպես են քաղաքապետարանի աշխատակիցները փակել սրճարաններից մեկի մուտքը` արգելելով հաճախորդներին ներս մտնել: «Ամսի 26-ին որոշել են, որ պետք է քանդեն, մինչդեռ դա խախտում է իմ պայմանագիրը: Նախ՝ պայմանագիրն առանց խզելու գալիս են քանդեն ու դադարեցնում են իմ գործունեությունը, որի իրավունքը չունեն: Իրենք շաբաթ օրով են եկել, որպեսզի ոչ ոքի չկարողանամ դիմել: Այս սրճարանը ԱՄՆ քաղաքացու սեփականություն է, եւ նա էլ այստեղ չի ներկայումս: Երեք օր են տվել, այդքան ժամանակահատվածում ես ամբողջ գույքը ինչպե՞ս հանեմ, այսքան ուտելիքն ո՞ւր տանեմ: Պայմանագիրը մինչեւ 2012 թիվն է, որը սեփականաշնորհման վկայականով հաստատված է: Քաղաքապետարանը որոշել է անօրինական ձեւով հանել ինձ: Եկել են, որ քանդեն, ես Ոստիկանություն եմ զանգել, հրաժարվել են, ասում են` դատարան դիմեք: Այս սրճարանները եկեղեցու հետ կապ չունեն, քաղաքապետարանին են պատկանում: Ասում են` երեք օր է, զգուշացրել են: Բայց պայմանագրում նշված է, որ նման դեպքում մեկ ամիս առաջ զգուշացվում է եւ երեք ամսվա ընթացքում՝ քանդվում: Գոնե այդ կետը պահպանեին: Հիմա ասում են` եթե չթողնես, քո վրայով կանցնենք, կքանդենք: Տեսեք` մուտքի մոտ կանգնել են, չեն թողնում մարդ մտնի ներս»,- ասաց «ԱՀԱ ինվեստ» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Նարինե Սալմանյանը («Թայ ֆուդ» սրճարանը պատկանում է «ԱՀԱ ինվեստին»): Ի տարբերություն վերջիններիս, որոնք հրաժարվում էին դադարեցնել սրճարանի գործունեությունը, «Թայ ֆուդին» հարակից «Համար 15» սրճարանի աշխատակիցները սկսել էին հավաքել սրճարանի գույքը: Վերջիններս, սակայն, հավաստիացրին, որ գիշերն անցկացնելու են սրճարանի դիմաց, որպեսզի հանկարծ առանց իրենց գիտության սրճարանը հողին չհավասարեցնեն: Նշենք նաեւ, որ այս սրճարանը 25 տարով է պայմանագիր կնքել քաղաքապետարանի հետ: Ի դեպ, մենք փորձեցինք պարզաբանում ստանալ քաղաքապետարանի աշխատակիցներից, որոնք տվյալ պահին գտնվում էին սրճարանների մոտ, սակայն նրանք հրաժարվեցին զրուցել մեզ հետ` պատճառաբանելով, թե նպատակահարմար չեն գտնում: Այդ պահին պատահաբար սրճարանում էր նաեւ իրավաբան Արա Խզմալյանը, ով, հետաքրքրությունից դրդված, ծանոթացավ սրճարանի հետ կնքած պայմանագրին: «Այսօր առավոտյան նստած էի սրճարանում, ներկայացան Ոստիկանության ներկայացուցիչներ, բանվորական խումբ` տարածքը մաքրելու ու քանդման աշխատանքներ իրականացնելու համար: Որպես գործողության հիմք, ներկայացվել է վարձակալության պայմանագիրը լուծարելու մասին քաղաքապետի որոշումը, որ կայացվել է ընդամենը մեկ օր առաջ, մինչդեռ նախնական ծանուցմամբ դրա համար պետք է երեք ամիս: Բացի այդ, տարածքում առկա գույքի հետ են խնդիրներ առաջանում: Մասնավորապես ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի համաձայն` սեփականությունը կարող է օտարվել միմիայն հասարակության գերակա շահերի առկայության դեպքում, իսկ դա պետք է հաստատվի կառավարության որոշմամբ: Տվյալ դեպքում կառավարության որոշումը չի ներկայացվել: Այս պարագայում իշխանությունների պահվածքը տարօրինակ է»,- ասաց իրավաբանը` հավելելով, որ սրճարանի վարձակալության համար բավականին երկարաժամկետ` 25 տարով պայմանագիր կա կնքված: «Իսկ այս դեպքում խոսքը գնում է պայմանագրի վաղաժամկետ լուծարման մասին, որի ժամանակ պետք է որոշակի հիմքեր լինեն, որոնք տվյալ դեպքում բացակայում են: Քաղաքապետարանի գործողությունների իրավական հիմքերն այս դեպքում անհասկանալի են»,- ասաց նա: Ի դեպ, իրավաբանը նշեց, որ սեփականության իրավունքով պատկանող գույքի մասով դրամական փոխհատուցում պետք է վճարված լիներ պետության կողմից` նախքան որեւիցե օտարման գործողություն կատարելը: «Ոչնչացվող գույքի համար դրամական փոխհատուցումը պետք է վճարված լինի նախքան դրա ոչնչացումը»,- հավաստիացրեց նա: