Երեւանի Կենդանաբանական այգու ամենախոշոր, ամենաթանկարժեք ու ամենից շատ ուշադրության կենտրոնում հայտնված Հրանտ եւ Մաշա փղերը մեկ օր ոչինչ ուտել չէին ցանկանում։ Նրանք կողք կողքի, կնճիթներն իրար փաթաթած անշարժ կանգնած էին։ Թվում էր` լուրջ բան չկա, քանի որ օրեր առաջ Հրանտը կոտրել էր իր ժանիքները ու պարբերաբար ատամնացավ էր ունենում։ Եվ ոչ ոք կանխագուշակել անգամ չէր կարող, որ փղերից մեկը սատկելու է։
Երբ 8 ամիս առաջ Երեւանի Կենդանաբանական այգում հայտնվեց փիղ Մաշան, այգու աշխատակիցներն ու գործարար Հրանտ Վարդանյանը շքեղ եւ աղմկոտ հանդիսություն կազմակերպեցին։ Հասկանալի էր, որ էգ փղի ձեռքբերումը ոչ միայն խոշոր գումարի հետ էր կապված, այլեւ՝ կարեւոր եւ անհրաժեշտ իրադարձություն էր Կենդանաբանական այգու համար։ «Գրանդ քենդի» հոլդինգի նախագահ եւ Կենդանաբանական այգու թերեւս միակ ու ամենախոշոր հովանավոր Հ. Վարդանյանը որոշել էր փղիկ Հրանտի համար կյանքի ընկերուհի գնել դեռեւս մի քանի տարի առաջ եւ փիղ գնելու նպատակով երկար բանակցություններ էր վարում տարբեր քաղաքների կենդանաբանական այգիների ու կրկեսների հետ։ Եվ ահա Մոսկվայի Նատալյա Դուրովայի «Կենդանիների թատրոնում» գտնվեց Մաշան, որին մեծ գումարով եւ դժվարին հանգամանքներում (ինքնաթիռով) տեղափոխեցին Երեւան։
Որպեսզի Հրանտը կյանքի ընկերուհի ունենա, իսկ մեր հանրապետության դեռահաս քաղաքացիները հնարավորություն ունենան հետեւել փղերի ընտանեկան ուրախ զույգին, գործարարը մոտ կես մլն դոլար էր ծախսել։ Ընդ որում՝ երկրորդ փղի ձեռքբերումը զարմանալի խոչընդոտների հետ էր կապված. մինչ Մաշային գտնելը, Հայաստանը փորձել է փիղ գնել Հնդկաստանից։ Մի խումբ հայ մասնագետներ մեկնել էին փիղ բերելու, սակայն իրենց ընտրած փիղը հանկարծամահ եղավ չվերթից մի քանի օր առաջ, եւ Հայաստանը փիղ գնելու հնարավորությունը կապեց Ռուսաստանի հետ։
Մաշայի եւ Հրանտի հարսանյաց հանդիսության ժամանակ Կենդանաբանական այգու ղեկավարները խոստացան, որ ռուս փղին իսկական հայ հարս են դարձնելու, իսկ այգու տնօրեն Սահակ Աբովյանն էլ հույս հայտնեց, որ փղերի նորաստեղծ զույգից իրենք նոր սերունդ են ակնկալում 2-3 տարի անց։ Սակայն, ավաղ, Մաշան, որը Հայաստանում ստացել էր Քենդի անունը, այլեւս չկա։ Զվարթ գեղեցկուհի փղիկը սատկել է։ Թե ի՞նչն է հանդիսացել Մաշայի վախճանի պատճառը, կպարզի բժշկական հետաքննությունը։ Հայաստանի Հանրապետական Անասնաբուժական լաբորատորիայի մասնագետները կատարել են փղի հերձումն ու ներքին օրգանների հետազոտություն են անցկացնում։ Կենդանաբանական այգու տնօրեն Ս.Աբովյանը ոչ մի պարզաբանում տալ չէր կարող, քանի որ Մաշայի վախճանն անսպասելի էր բոլորի համար։ «Դա իսկական ողբերգություն է մեզ համար, եւ մինչ չավարտվի հետաքննությունը, ոչինչ ասել չեմ կարող։ Հասկանում եք, երբ Մաշան մեզ հասավ, նա լրիվ «ոսկոր ու կաշի» էր, մենք տանջանքով նրան պահեցինք, գեղեցկուհի դարձրինք, եւ հիմա սարսափելի ողբերգություն ենք ապրում»,- ասաց նա։
Իրոք, ամիսներ առաջ Մաշան բոլորովին այլ՝ հյուծված տեսք ուներ, իսկ այս տարվա ամռանը նրան տեսած այցելուները կարող էին համոզվել, որ Մաշան ծաղկուն ու աշխույժ փիղ է դարձել։ Նա, ի տարբերություն Հրանտի, վարժեցված կենդանի էր ու մի քանի կրկեսային հնարքների էր տիրապետում։ Փղերի խնամքով զբաղվող տիկին Ալլան, ով մեծ նվիրումով էր կատարում իր ամենօրյա ծանր աշխատանքը (տեսնել էր պետք, թե օրական որքան կարտոֆիլ ու այլ բանջարեղեն էր նա մաքրում՝ Հրանտի ու Մաշայի համար շիլա կամ ապուր եփելու համար), հպարտությամբ էր պատմում, որ իր փղիկները համերաշխ զույգ են ու ամեն ինչ հասկանում են։ Փղերը հաստատված ճաշացանկով են սնվում, եւ Ալլան այդ ճաշացանկը սկզբունքորեն եւ խիստ կերպով պահպանում էր։ Հաճախ նա (եւ ոչ միայն նա, այլեւ՝ Կենդանաբանական այգու բոլոր աշխատակիցները) սրտնեղում էր, որ այցելուները մեծ վնաս են տալիս կենդանիներին՝ նրանց թխվածք կամ թարմ հաց տալով։ Կենդանիներին կարելի է միայն չոր հաց ուտել, այլապես վնասվում է նրանց ստամոքսը։ Եվ ընդհանրապես՝ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ այգու այցելուները մեծ եռանդով անում են հենց միայն այն, ինչը չի կարելի անել, ինչն արգելված է բոլոր բարոյական նորմերով՝ հարվածում են քարով, թքում են կենդանիների վրա ու կենդանիների աչքը ճյուղեր են մտցնում։ Նայելով շատերի վարքագծին՝ կարելի է մտածել, որ մեր հասարակությանը ոչ մի կենդանի դիմանալ չի կարող։ Նույնիսկ՝ հսկա փիղը չդիմացավ։ Եթե նույնիսկ այցելուների վարքագիծը փղի վախճանի հետ ուղիղ կապ ունենալ չի կարող, ապա այն հաստատ կարող էր սթրեսային իրավիճակ ստեղծել կենդանու համար։
Մաշայի վախճանի վարկածները դեռ ոչ ոք չի կարող հստակեցնել՝ նույնիսկ բացառության կարգով։ Կար փիղ, իսկ հիմա չկա։ Հնարավոր է, որ մահվան պատճառ է հանդիսացել սրտի կաթվածը կամ էլ ներքին որեւէ օրգանի աշխատանքի խափանումը։ Մի քանի ամիս առաջ մեզ հետ զրույցում Ս.Աբովյանը խանդավառությամբ նշեց, որ իրենք մեծ հույսեր են կապում սեպտեմբերին Գերմանիայից Հայաստան ժամանող անասնաբույժների հետ, ում հետ ցանկանում են համագործակցել եւ օգտագործել եվրոպական մասնագետների փորձը՝ Հայաստանում բարձրակարգ մի քանի մասնագետ ունենալու համար։ Իսկ այժմ գերմանացի մասնագետների պատվիրակությունը կփորձի նաեւ փղի վախճանի հետ կապված պարզաբանումներ անել։ Իր տեսակետը կհայտնի նաեւ գործարար Հրանտ Վարդանյանը, ով քաղաքից բացակայելու պատճառով՝ տեղյակ չէր փղի հետ կատարվածի մասին։ Ստացվեց այնպես, որ մենք առաջինը հայտնեցինք նրան այդ լուրը։ Ս.Աբովյանը չի բացառում, որ իրենք Մաշայի ներքին օրգանների նմուշները կուղարկեն Մոսկվա՝ ավելի մանրամասն հետազոտում կատարելու համար։ Ընդ որում՝ մի քանի ամիս առաջ նույն անհասկանալի հանգամանքներում սատկեց Թբիլիսիի Կենդանաբանական այգու փիղը։ Եվ պատճառը մինչ այժմ չի պարզվել։
Այն փաստը, որ վայրի կենդանիների որակյալ մասնագետներ Հայաստանում գրեթե չկան, ոչ մեկի համար գաղտնիք չէ։ Եվ եթե պետք է վերափոխել աշխատանքի հանդեպ ունեցած մոտեցումը, ապա լավ կլինի այն սկսել լավ մասնագետներ պատրաստելով։ Թույլ տանք մեզ հավելել, որ կարեւոր է նաեւ ավելացնել ոստիկան-հսկիչների քանակը՝ կենդանիներին մարդկանցից պաշտպանելու համար։ Երեւանի Կենդանաբանական այգին շատ լավ դաշտ է բացում՝ վայրագ դրսեւորումները կանխելու ու պատժամիջոցներ կիրառելու համար։ Մենք դեռ շատ կենդանիներ ունենք, որոնք ուշադրության ու պաշտպանության կարիք ունեն։
Իհարկե, յուրաքանչյուր կենդանու մահը Կենդանաբանական այգու վրա ստվեր է գցում։ Եվ հասկանալի է, որ այգու աշխատակիցները չեն ցանկանում Մաշայի վախճանի շուրջ աղմուկ բարձրացնել։ Հնարավոր է, որ մոտակա մի քանի տասնամյակների ընթացքում մեր այգուն ոչ ոք այլեւս չի ցանկանա փիղ վաճառել։ Կենդանաբանական այգին անհիմն չվարկաբեկելու եւ այլ այգիների հետ ապագա կապերը չխզելու համար կարեւոր է ուսումնասիրել Մաշայի մահվան բոլոր հանգամանքները։ Գոնե ապագայում դրանք չկրկնելու համար։