Վերլուծաբանները վիճարկում են Ադրբեջանում ընտրությունները բոյկոտելու որոշումը

02/09/2008

Տեղացի վերլուծաբանների կարծիքով, գալիք նախագահական ընտրությունները բոյկոտելու Ադրբեջանի բոլոր խոշոր ընդդիմադիր կուսակցությունների որոշումն արդյունավետ չի լինի, քանի որ դա փաստորեն թեկնածու Իլհամ Ալիեւին ափսեի վրա կմատուցի հաղթանակը: Այս բոյկոտը սովորաբար տրոհված ընդդիմության կողմից միասնության եզակի դրսեւորում է, սակայն քննադատները պնդում են, թե այս նոր ձեւավորված վճռականությունը սխալ ուղղությամբ է ընթանում: Ալիեւի հակառակորդ հանդիսացող յոթ թեկնածուներից ոչ մեկը լուրջ կշիռ չունի, եւ հոկտեմբերի 15-ին նա անխուսափելիորեն նորից կվերընտրվի հնգամյա ժամկետով: Ընտրությունները բոյկոտելու առաջարկով ամառվա սկզբին առաջինը հանդես եկավ «Ազադլիգ» բլոկը: «Ազադլիգը միավորում է «Ժողովրդական ճակատը», «Լիբերալ կուսակցությունը» եւ «Քաղաքացիական եւ զարգացման կուսակցությունը»:

Վերջերս` օգոստոսի 3-ին, ընդդիմադիր խոշոր ուժերը հայտարարեցին, թե նույն դիրքորոշումն են ընդունում: Նրանց թվում են «Մուսավաթական», «ժողովրդավարական», «Բաց հասարակության» կուսակցությունները, «Դասական ժողովրդական ճակատը» եւ «Ազգային անկախության» կուսակցությունը: «Խորհրդարանի (ընդդիմադիր) անդամների մեծամասնությունը կողմ է քվեարկել բոյկոտին (օգոստոսի 3-ին): Մնացածին ոչինչ չէր մնում, քան միանալ մեծամասնությանը»,- ասել է «Մուսավաթական» կուսակցության խոսնակ Իսա Գամբարը, ով Ալիեւի մրցակիցն էր 2003թ. կայացած անցյալ նախագահական ընտրությունների ժամանակ:

Մյուս ազդեցիկ գործիչները միացել են բոյկոտին: Նախկին բարձրաստիճան պաշտոնյա Էլդար Նամազովը, ով ընդդիմության կողմից հավանական թեկնածու էր համարվում, հրաժարվել է մասնակցել ընտրապայքարին` պնդելով, թե իրեն չեն ստիպել նման որոշում ընդունել: «Ես իսկապես խոսել եմ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ մինչեւ այս կարեւոր որոշումն ընդունելը, բայց ես ինքնուրույն եմ այն ընդունել,- ասել է նա,- Համոզված եմ, որ ճիշտ ընտրություն եմ կատարել»:

Ընդդիմությունը պնդում է, որ Ընտրական օրենսգրքում վերջերս ընդունված փոփոխություններն անհնար են դարձնում արդար ընտրությունների անցկացումը, ու դրանց մասնակցելը միայն օրինական կդարձնի արդյունքը: Հունիսի 2-ին Ադրբեջանի խորհրդարանը, որտեղ մեծամասնություն է կազմում նախագահին աջակցող «Ենի Ադրբեջան» կուսակցությունը, օրենքում փոփոխություններ ընդունեց 100 կողմ եւ երեք դեմ ձայներով: Ընդդիմության կարծիքով, դրանք հետընթաց փոփոխություններ են, եւ դրանց շնորհիվ ներկա վարչակարգի համար ավելի հեշտ կլինի ընտրությունների ժամանակ ստանալ ձայների մեծամասնությունը:

Նախեւառաջ, վարչակարգը չներկայացնող թեկնածուների մասնակցության հնարավորությունները կրճատվում են, քանի որ ընտրապայքարի ժամանակաշրջանը կրճատվել է 120-ից մինչեւ 75 օր, իսկ պետական հեռուստատեսությունն այլեւս անվճար եթերաժամանակ չի տրամադրելու նախագահի պաշտոնին հավակնող թեկնածուներին: Ադրբեջանի հանրային հեռուստաալիքը դեռեւս կտրամադրի որոշ անվճար եթերաժամանակ: «Այսուհետ հանրային հեռուստատեսությունը թեկնածուներին ընդամենը երեք ժամ եթերաժամանակ է տրամադրելու,- ասում է «Ժողովրդական ճակատ» կուսակցության բարձրաստիճան ներկայացուցիչ Մանսում Բայրամովը,- Նրանք նաեւ խստացրել են (ընտրությունների ընթացքին վերաբերող) դատական հայցեր ներկայացնելու եւ դատարաններում բողոքարկելու կարգը»: Մինչդեռ ընդունված փոփոխություններում ներառված չէ ընդդիմության կարեւոր պահանջներից մեկը` ընդդիմության հավասար ներկայացվածությունն ընտրական հանձնաժողովներում` արդյունքների կեղծման ծավալը նվազեցնելու նպատակով: «Իշխանությունները միշտ կեղծում են ընտրությունները եւ արդար մրցակցության համար պայմաններ չեն ստեղծում,- ասում է «Ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահ Ալի Քերիմլին: -Այս անգամ նրանք իրենց խաղերի համար օրենսդրական հիմք ստեղծեցին եւ հակառակ ազդեցություն ունեցող փոփոխություններ կատարեցին Ընտրական օրենսգրքում»: «Այս ընտրություններին մասնակցելը պարզապես կծառայեր իշխանական թեկնածուի հաղթանակի արդարացմանը: Այդ պատճառով մենք որոշեցինք բոյկոտել ընտրությունները»,- հավելել է նա: Ադրբեջանում ընտրությունները հարթ չէին անցնում: Անցյալ նախագահական ընտրությունների ժամանակ Իլհամ Ալիեւը լիակատար հաղթանակ տարավ` առաջադրվելով առաջին անգամ: Նա փոխարինեց իր վատառողջ հորը` Հեյդար Ալիեւին, ով շուտով մահացավ: Ընտրություններին ներկա գտնվող միջազգային դիտորդների կարծիքով, ընտրարշավի ժամանակ ընտրողների ահաբեկման եւ բռնության դեպքեր են գրանցվել, մամուլի լուսաբանումը կանխակալ բնույթ էր կրում: Արդյունքների հայտարարումից հետո փողոցներում բռնության դեպքեր են գրանցվել. Ոստիկանությունը կոպիտ կերպով ճնշում էր բողոքի ցույցերը: ԵԱՀԿ եւ ԵԽ դիտորդների խոսքերով, 2005թ. խորհրդարանական ընտրությունները նույնպես չէին համապատասխանում միջազգային չափանիշներին: Իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցությունը ստացավ քվեների 94 տոկոսը: Չնայած այս բոլոր տվյալներին, անկախ վերլուծաբաններից շատերը վիճարկում են ընտրությունների չմասնակցելու ընդդիմության որոշումը: Ալիեւի ներկա մրցակիցների թվում են Իգբալ Ագազադեն, որ գլխավորում է փոքր «Ումիդ» կուսակցությունը, մի կենսաթոշակառու, մի բուժքույր եւ մի գործազուրկ. քիչ հավանական է, որ նրանցից որեւէ մեկը կարող է շատ քվեներ գողանալ Ալիեւից, որ գլխավորում է հզոր քաղաքական համակարգը եւ նավթային տնտեսությունը: «Այս հավանական թեկնածուներից ոչ մեկը ներկա նախագահի համար լուրջ մրցակից չէ,- ասում է քաղաքական վերլուծաբան Ռասիմ Մուսաբեկովը,- Իլհամ Ալիեւը մրցակիցներ չի ունենա»:

Քաղաքագետ Լեյլա Ալիեւան պնդում է, թե մասնակցելով ընտրություններին, ընդդիմությունն առնվազն «մրցակցության նախադրյալներ» կստեղծի: Մեկ այլ վերլուծաբան` Զարդուշտ Ալիզադեն, ասում է, որ ավելի խելամիտ կլիներ աջակցել ուժեղ մրցակիցներից որեւէ մեկին, օրինակ` Նամազովին, թեեւ վերջինս, թվում է, արդեն բացառել է սեփական մասնակցությունը: «Էլդար Նամազովը միակ անձնավորությունն է, ով ունակ է վարչակարգի փոփոխություն առաջ բերել, եւ ողջ ընդդիմությունը պետք է սատարի նրան, որպեսզի նա կյանքի կոչի այդ ներուժը: Բայց դա տեղի չունեցավ»,- ասում է Ալիզադեն: Քաղաքական վերլուծաբան Իլգար Մամեդովն էլ ենթադրում է, որ ընդդիմությունը հրաժարվել է մասնակցել ընտրություններին, քանի որ գիտեր, որ միեւնույն է՝ հաղթելու շանսեր չուներ: «Այս կուսակցությունները, որոնց ղեկավարները ճիշտ նույնն են մնացել, պարտվել են իրար հետեւից ութ ընտրություններում, այնպես որ այս մեկը բոյկոտելու նրանց որոշումը պարզապես թուլության ընդունում է»,- ասում է նա: Իշխող վարչակարգի անդամները նմանատիպ անտարբեր կարծիք ունեն ընդդիմության բոյկոտի վերաբերյալ: «Եթե հասարակությունը կարծում է, որ Իլհամ Ալիեւը նախագահական ընտրություններում լուրջ մրցակից չունի, դա մեր մեղքը չէ»,- ասում է նախագահական վարչակազմի ներկայացուցիչ Ալի Հասանովը: Նա ասում է, որ բոլոր թեկնածուները հավասար պայմաններում էին, ավելացնելով, որ «կհաղթի ուժեղագույնը»: «Ենի Ադրբեջան» կուսակցության պատգամավոր Սիյավուշ Նովրուզովի խոսքերով` «Ծիծաղելի է մտածել, որ եթե մի կուսակցություն հրաժարվում է մասնակցել նախագահական ընտրապայքարին, ապա մյուսի մասնակցությունը ժողովրդավարական չի լինի: Դա նույնն է, եթե ասենք, որ եթե վատ գնահատական ստացող կամ կանոնները խախտող աշակերտները դպրոց չեն գնում, ապա դասերը պետք է վերացվեն»: Ընդդիմության կողմից հնչող հրապարակային հայտարարություններում դրսեւորվող միաբանությունը չի նշանակում, թե բոլոր ընդդիմադիրներին դուր է գալիս այդ որոշումը: «Մուսավաթական» կուսակցության գերագույն խորհրդի անդամ Ադիլ Գեյբուլան ասում է, որ ինքը դեմ էր բոյկոտին եւ փորձում էր համոզել մյուս անդամներին՝ չաջակցել այդ գաղափարին. «Այժմ ստիպված են հարգել մեծամասնության որոշումը: Ժամանակը ցույց կտա` արդյոք ընդունված որոշումը ճի՞շտ էր, թե՞ սխալ»: «Մուսավաթական» կուսակցության մեկ այլ անդամ` Հուքմեթ Հաջիզադեն նույնպես դժգոհ է, ասելով, որ ընդդիմությունը բաց է թողնում վարչակարգին մարտահրավեր նետելու արժեքավոր հնարավորությունը:

«Կարծում եմ, որ նախագահական ընտրություններին մասնակցելուց հրաժարվելը նշանակում է փակել հինգ տարին մեկ բացվող պատուհանը: «Մուսավաթական» կուսակցությունը պետք է ցույց տար, որ կարող է մասնակցել ընտրություններին նույնիսկ ամենավատթար պայմաններում»,- ասում է նա: Թվում է, թե ընդդիմադիր առանձին քաղաքական գործիչներ կարող են ցանկանալ միայնակ մասնակցել ընտրություններին: «Մուսավաթական» կուսակցության ներկայացուցիչ, կուսակցության «Ենի Մուսավաթ» թերթի գլխավոր խմբագիր Ռաուֆ Արիֆօղլուն Պրահայի «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշել է, որ ինքը կարող է նախագահական ընտրություններին առաջադրել իր թեկնածությունը:

Սակայն, երբ նրա կուսակիցները զայրույթով արձագանքեցին, մեղադրելով նրան իշխանություններին հաճոյանալու համար, Արիֆօղլուն ստիպված էր հայտարարությամբ հանդես գալ օգոստոսի 8-ին` ասելով, թե իր խոսքերը սխալ են մեկնաբանվել: «Նախագահական ընտրություններին ինը հավանական մասնակցության մասին իմ հայտարարությունը պարզապես «Մուսավաթական» կուսակցության խորհրդի որոշման դեմ արտահայտված բողոք էր»,- ասված էր հայտարարության մեջ: «Ես կարծում եմ, որ «Մուսավաթական» կուսակցությունը պետք է մասնակցի նախագահական ընտրություններին եւ պայքարի մինչեւ վերջ: Սակայն ես ընտրություններին իմ թեկնածությունն առաջադրելու լուրջ մտադրություն չունեի»: Մեկ այլ խոշոր ընդդիմադիր ուժ ներկայացնող «Ժողովրդական ճակատ» կուսակցության կազմում նույնպես այլախոհներ կան: «Ժողովրդական ճակատի» գերագույն խորհրդի նախագահ Գուլամհուսեյն Ալիբեյլին լքեց կուսակցությունը օգոստոսի 11-ին եւ դիմեց ընտրական մարմիններին` իր թեկնածությունը գալիք ընտրություններում գրանցելու համար:

«Ես դուրս եմ եկել կուսակցության շարքերից, քանի որ համաձայն չեմ ընտրությունները բոյկոտելու որոշման հետ,- ասել է նա,- Ես մտադիր եմ ընտրություններին առաջադրել սեփական թեկնածությունս»:

Սամիրա ԱՀՄԵԴԲԵՅԼԻ
Բաքու