Ծավալն աճել է 62,1 տոկոսով

02/09/2008

2008թ. հունվար-հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ Վրաստանից Ուկրաինա արտահանության ծավալն աճել է 62,1 տոկոսով (27,2 մլն դոլարով) եւ կազմել 71 մլն դոլար` Վրաստանի արտահանության ընդհանուր ծավալի 7,4 տոկոսը: Այդ մասին հաղորդել է Վրաստանի Վիճակագրության դեպարտամենտը: Աճը, մասնավորապես, պայմանավորված է ֆերոհամաձուլվածքների, երկաթուղային լոկոմոտիվների եւ խաղողի գինիների արտահանման ծավալների աճով: Այս տարվա 7 ամիսների ընթացքում Վրաստանից Ուկրաինա է արտահանվել 11,2 մլն դոլար գումարի, ավելի քան 7,8 հազար տոննա ֆերոհամաձուլվածքներ, ինչը 8,8 մլն դոլարով ավելի է, քան 2007թ. հունվար-հուլիս ամիսներին: Նաեւ Ուկրաինա է արտահանվել 10,3 մլն դոլար գումարի 6 երկաթուղային լոկոմոտիվ: Բացի այդ, նշված ժամանակաշրջանում 2007թ. հունվար-հուլիսի համեմատությամբ 4,2 մլն դոլարով ավելացել է խաղողի գինիների արտահանումը եւ կազմել 11,2 մլն դոլար (5,5 հազար տոննա): Բացի այդ, նշված ժամանակահատվածում նաեւ Ուկրաինայից Վրաստան արտահանման ծավալների էական աճ է արձանագրվել: 2008թ. հունվար-հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ Ուկրաինայից Վրաստան ներմուծման ծավալն աճել է 37,9 տոկոսով (107,3 մլն դոլարով) եւ կազմել 390,5 մլն դոլար` Վրաստանի ներմուծման ընդհանուր ծավալի 10,4 տոկոսը: Ամենից շատ աճել է երկաթե ու պողպատե ձողերի, ցորենի ալյուրի եւ ավտոբուսների ներմուծման ծավալը: Նշված ժամանակաշրջանում Ուկրաինայից Վրաստան են ներկրվել 66,7 մլն դոլար գումարի 79,3 հազար տոննա մետաղաձողեր, ինչը 27,6 մլն դոլարով ավելի է, քան անցած տարվա յոթ ամիսներին: Այս տարվա հունվար-հուլիսին Ուկրաինայից ներկրվել է 20 մլն դոլար գումարի 45,1 հազար տոննա ցորենի ալյուր, ինչը 19,2 մլն դոլարով ավելի է, քան 2007թ. նույն ժամանակաշրջանում: Ավտոբուսների ներկրումն ավելացել է 17,6 մլն դոլարով եւ կազմել 17,8 մլն դոլար (321 ավտոբուս): 2008թ. հունվար-հուլիսին Ուկրաինան երրորդ տեղն էր զբաղեցնում Վրաստանի հիմնական առեւտրական գործընկեր երկրների թվում: Ուկրաինայի հետ Վրաստանի արտաքին առեւտրական շրջանառությունը նշված ժամանակահատվածում կազմել է 461,5 մլն դոլար, ինչը 41,1 տոկոսով ավելի է, քան 2007թ. հունվար-հուլիսին: Ուկրաինայի հետ շրջանառությունը տվյալ ժամանակաշրջանում կազմել է Վրաստանի արտաքին առեւտրի ողջ շրջանառության 9,8 տոկոսը, ինչը 0,1 տոկոսային կետով պակաս է, քան 2007թ. հունվար-հուլիսին: