Դիմել են Բակո Սահակյանին

02/09/2008

«Փախստականները եւ միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին է ուղարկել ադրբեջանահայ փախստականների կողմից ԼՂՀ իշխանություններին հասցեագրված դիմումների հերթական խմբաքանակը: «Ադրբեջանահայությունը լիահույս է, որ ԼՂՀ իշխանությունները տեր կկանգնեն եղեռնի եւ բռնագաղթի զոհ դարձած ավելի քան 500 հազար մարդկանց ոտնահարված իրավունքները վերականգնելու, կրած բարոյական վնասների դիմաց Ադրբեջանական Հանրապետությունից համարժեք փոխհատուցում ստանալու, իրենց Հայրենիքը եւ քաղաքացիության երկիրը վերագտնելու պահանջը իրականություն դարձնելու գործընթացին: Ներկայում ադրբեջանահայությունը դիմելով ԼՂՀ օրինական իշխանություններին` հստակորեն իր ունեցած վստահությունն է վերահաստատում նրանց նկատմամբ, նաեւ` տալով իր անունից գործելու լիազորություն: Արդեն իսկ, «Փախստականները եւ միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցի տրամադրության տակ կա Ձեզ ուղղված տասնյակ հազարավոր դիմումներ, որոնց հոսքը գնալով մեծանում է»,- ասված է դիմումի մեջ: