Գյուլը դեռ չի որոշել

31/08/2008

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հարցազրույցից հետո թուրքական «Ռադիկալի» թղթակիցը հարցազրույց է ունեցել նաեւ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ: Հարցին, թե Ս. Սարգսյանը Գյուլի՝ երկու երկրների ֆուտբոլի ազգային հավաքականների սեպտեմբերի 6-ին տեղի ունենալիք հանդիպումը միասին դիտելու համար Երեւան կատարելիք հնարավոր այցը որպես առի՞թ է տեսնում Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները զարգացնելու համար, եւ արդյոք Թուրքիայի նախագահը պատրաստվո՞ւմ է մեկնել Երեւան, Գյուլը պատասխանել է. «Շատ կարեւոր հարցազրույց է: Դա տեսնում եմ որպես ամեն մակարդակում խնդիրը լուծելու եւ սխալ ընկալումները վերացնելու գործին նպաստող օրինակ: Կարող եմ ասել, որ պարոն Սարգսյանի հրավերի հարցում գնահատումը շարունակվում է՝ զարգացումներն իր բոլոր դրսեւորումներով քննարկելու միջոցով»: Իսկ հարցին, թե զարգացում սպասվո՞ւմ է արդյոք Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ ստեղծելու եւ սահմանները բացելու հարցում, Գյուլը պատասխանել է. «Անկեղծորեն աջակցում եմ վերջին շրջանում տարածաշրջանում խաղաղության համար կատարվող ջանքերին: Կարծում եմ, որ շատ կարեւոր է այդ ուղղությամբ բոլոր առիթների արժեւորումը: Մեր նպատակը եւ ցանկությունը բոլոր հարեւանների հետ եղած խնդիրները խաղաղ ճանապարհով, երկխոսության միջոցով լուծելն է: Թուրքիան տարածաշրջանում խնդիր լուծող երկիր է: Մենք մեծ նշանակություն ենք տալիս խաղաղությանը Կովկասում»: Հարցին էլ, թե այդ դեպքում ինչն է խոչընդոտում այդ խնդիրների լուծման համար, Գյուլն ասել է, որ դրան խանգարում են ԼՂՀ գլխավորությամբ Կովկասում սառեցված բոլոր խնդիրները, որոնք պետք է լուծվեն երկխոսության միջոցով եւ համարձակորեն: «Հավատում եմ, որ դա հանգստություն եւ բարօրություն կբերի տարածաշրջանի մարդկանց: Տարածաշրջանը բոլորինս է, եւ մենք բոլորս այս հողերի զավակներն ենք: Թուրքիան ցանկանում է, որ իրագործվող բոլոր տեսակի նախագծերին միանան տարածաշրջանի բոլոր երկրները: Հավատում եմ, որ մշակույթով եւ ավանդույթներով իրար մոտ, տարբեր էթնիկ արմատներով եւ դավանանքներով տարածաշրջանի մարդիկ, վստահելի միջավայր ստեղծվելու դեպքում, հակառակ սխալ ենթադրությունների, կայունության եւ բարեկեցության ճանապարհ կբռնեն»,- ասել է նա: