Քարոզչական եւ իրական ազգայինները

31/08/2008

Սեպտեմբերի 2-ին նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Սոչի, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ: Այդ մասին երեկ հաղորդագրություն է տարածել նախագահի մամլո գրասենյակը: «Հանդիպման ընթացքում կքննարկվեն հայ-ռուսական ռազմավարական գործակցության հետագա զարգացմանը, առաջիկայում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում` Հայաստանի նախագահության ստանձնմանը վերաբերող, ինչպես նաեւ տարածաշրջանային ու միջազգային հարցեր»,- նշված է հաղորդագրությունում: Ակնհայտ է, որ այդ հանդիպումից է մեծապես կախված Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախության ճանաչման եւ ընդհանրապես տարածաշրջանում ստեղծված իրավիճակի առնչությամբ Հայաստանի դիրքորոշումը: Ընդ որում, դատելով վերջին օրերի իրադարձություններից, շատ հավանական է, որ դրանից ընդամենը երկու օր հետո Հայաստան ժամանի Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: Եվ մինչ կոալիցիայի անդամ Դաշնակցությունը պատրաստվում է սեպտեմբերի 2-ի հանրահավաքին եւ հերթական անգամ հայտարարում է Գյուլի դեմ կազմակերպվելիք բողոքի ակցիայի մասին, երեկ Հայ Ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել` սեպտեմբերի 5-ին նախատեսված հանրահավաքը մեկ շաբաթով հետաձգելու եւ օգոստոսի 31-ից Հյուսիսային պողոտայի նստացույցը դադարեցնելու վերաբերյալ: Այս որոշումը ՀԱԿ-ը պայմանավորել է տարածաշրջանում առկա իրադրությամբ, սեպտեմբերի 6-ին կայանալիք Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղով, դրան մասնակցելու նպատակով սպասվելիք թուրք զբոսաշրջիկների հոսքով, եւ այդ ընթացքում որեւէ սադրանք թույլ չտալու եւ Հայաստանի հեղինակությունը չվտանգելու մտահոգությամբ: