Մարտի 1-2-ին տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը երեկվա նիստին հրավիրել էր լսելու ՀՀ Առողջապահության նախարարության դատաբժշկական Փորձաքննությունների գիտագործնական կենտրոնի տնօրեն Շոթա Վարդանյանին: Վերջինս տեղեկացրեց, որ մարտի 1-2-ի դեպքերով կատարվել է ամբուլատոր եւ ստացիոնար փորձաքննություն:
«Ամբուլատոր փորձաքննության է ենթարկվել՝ 125, ստացիոնար փորձաքննության`145 մարդ: Կատարվել է նաեւ 10 զոհվածների դիակների փորձաքննություն: Սակայն զոհվածների մասով համալիր փորձաքննությունը շարունակվում է, եւ վերջնական արդյունքները հայտնի կլինեն 1-2 ամսից»,- կարճ թվարկեց Շ.Վարդանյանը:
Ու այսքանից հետո հանձնաժողովի անդամները հարցեր ուղղեցին Հայաստանի թիվ մեկ դատաբժշկին: Հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանին հետաքրքրում էր, թե մարտի 1-ի առավոտյան քանի՞ ոստիկան է վիրավորվել: «Ոստիկանությունը մեզ պատասխանել է, թե 41 ոստիկան է վիրավորվել Ազատության հրապարակում առավոտյան գործողությունների ընթացքում: Ժամն էլ ասել է` 7-7:30-ի սահմաններում: Ձեր ներկայացրած տվյալներով՝ վիրավորվել են 24 ոստիկաններ: Ես կուզենայի՝ դուք ներկայացնեք, թե ինչո՞ւմ է կայանում Ոստիկանության եւ ձեր ներկայացրած տվյալների տարբերությունը»,- հարցրեց Սամվել Նիկոյանը: «Տարբերությունը կայանում է նրանում, որ նրանք 1-2 օրվա իրենց մոտ եղած թվերն են ներկայացրել: Իսկ մենք այս մի քանի օրվա ընթացքում մեր փորձաքննության տվյալներն ենք ներկայացնում: Նրանք այդ երկու օրը խուճապի մեջ հաշված թվերն են տվել, մեզ մոտ տուժածների թիվն ավելի շատ է, քան Ոստիկանության տվածը»,- պատասխանեց Շ.Վարդանյանը՝ չհասկանալով հարցի տրամաբանությունը, որ իր ներկայացրած 24 թիվը փոքր է Ոստիկանության ներկայացրած 41-ից: «Մեր հարցադրման իմաստն այն է, որ մենք հիմք ենք ընդունելու ձեր, այլ ոչ թե Ոստիկանության ներկայացրած թվերը: Ոստիկանությունը կարող է շատ ասել, եւ ուզում ենք հասկանալ, թե ինչո՞ւմ է կայանում տարբերությունը»,- ստիպված իր հարցը մանրամասնեց Ս. Նիկոյանը: «Մեզ մոտ յուրաքանչյուր ճանկռվածք էլ ֆիքսվում է, իսկ Ոստիկանությունը կարող է դա բանի տեղ չդնել: Դատախազությունը կամ հատուկ քննչական խումբը ում տուժող է ճանաչել եւ մեզ մոտ է ուղարկել, մենք բոլորին փորձաքննության ենք ենթարկել»,- հայտարարեց Շ.Վարդանյանը, բայց այդպես էլ չկարողացավ բացատրել, թե Ոստիկանությունն ինչո՞ւ է մեծացնում իր վիրավոր ծառայողների քանակը:
Շ.Վարդանյանի հետ հարցուպատասխանի ժամանակ պարզ դարձավ, որ խեղաթյուրվում է մեկ զոհվածի մահվան հանգամանքը: Զոհված Սամվել Հարությունյանի ծնողները մի քանի օր առաջ հայտարարել էին, թե իրենց որդին մահացել է ոչ թե մարտի 1-ի հրազենից վիրավորված լինելու, այլ` խոշտանգումի պատճառով: «Մարտի 2-ին եւ 3-ին ես ու կինս որդուս տեսանք հեռուստատեսությամբ առողջ վիճակում: Նա եւս 5 տղաների հետ նստած էր արյունոտ պատի տակ: Տեսանյութում տղաս ոստիկաններից մեկի հետ զրուցում էր, իսկ հաջորդ կադրում նա արդեն պառկած էր: Ես համոզված եմ, որ տղաս առաջին լուրջ հարվածը ստացել էր այդտեղ»,- «Ա+»-ին ասել էր զոհվածի հայրը` Ռոբերտ Հարությունյանը, եւ ավելացրել էր, թե որդու ոտքերին ու ձեռքերին օղակաձեւ կարմիր հետքեր կային, ու մարմնի աջ կողմն ու աչքերի տակ կապույտ էին: Հանձնաժողովի ՀՅԴ-ական ներկայացուցիչ Արտյուշա Շահբազյանը Շ. Վարդանյանին հարցրեց, թե Սամվելի մարմնի վրա կայի՞ն հետքեր, որոնք ծեծի արդյունք էին: «Հիվանդության նկարագրությունում նկարագրված է միայն գանգի վնասվածք: Ուրեմն ուրիշ վնասվածք չի եղել, եթե լիներ՝ բժիշկները կնկարագրեին»,- պատասխանեց Շ.Վարդանյանը:
Ոստիկանությունը հայտարարել էր, թե Ազատության հրապարակի վրանների մեջ հայտնաբերել են ոզնիներ: Արծվիկ Մինասյանին էլ հետաքրքրում էր, թե գործադրվե՞լ են այդ ոզնիները, տվյալներ կա՞ն, որ դրանցից ոստիկաններ են վիրավորվել: Գլխավոր դատաբժիշկը պատասխանեց` «Հնարավոր է, որ 3-4 նման դեպք լինի: Միանշանակ ոչ մի փորձագետ չի կարող ասել»:
Պատգամավորին նաեւ հետաքրքրում էր, թե հնարավո՞ր է արդյոք, որ զոհվածների թիվն իրականում ավելի շատ լինի, քան ներկայացվում է: «Մենք չենք կարող դիակը, հուղարկավորությունը, յոթը, քառասունքը թաքցնել: Նույն այս հարցերը մեզ տվել են նաեւ Եվրախորհրդի փորձագետները: Երկու օր ես ստիպված էի նրանց բացատրել, թե Հայաստանում կարող է կենդանի մարդուն այնքան չհարգեն, որքան դիակներին են հարգում: Բացատրել եմ, թե ինչպես են կատարում թաղումը, տարել եմ, ցույց եմ տվել, որ այս մարդիկ համոզվել են: Նրանք մեզ ասում էին՝ 38 դիակ է եղել, սամասվալներով են բերել դիակները: Ոչ տանջամահ անելու, ոչ էլ այլ բան չկա: Բոլորն արագ վրա հասնող մահեր են եղել»,- ասաց Շ.Վարդանյանը:
Հիշեցնենք, որ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները փորձել էին մտնել դիահերձարան, պարզելու, թե իրականում քանի մարդ է մահացել այդ դեպքերի ժամանակ, սակայն նրանց այնտեղ չէին թողել: Հարցին, թե ինչո՞ւ նրանց չէին թողել դիահերձարան, Շ. Վարդանյանը պատասխանեց. «Մարտի 1-ին ժամը 19-ին նրանք ի՞նչ գործ ունեին դիահերձարանում»: Նա նկատի ուներ այն, որ մարտի 1-ին մինչեւ ժամը 19-ը որեւէ զոհ չի եղել:
«Մենք մարտի 1-ին այնտեղ չենք գնացել: Ես ու Վարդան Խաչատրյանն այնտեղ էինք գնացել մարտի 3-ին, բայց մեզ չթողեցին ոչ միայն դիահերձարան, այլեւ թույլ չտվեցին խոսել այդ հիմնարկի ղեկավարության հետ։ Նա կամ սխալվում է, կամ ակնհայտ ստում»,- երեկ մեզ հետ զրույցում ասաց «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը: «ԱԺ պատգամավորն իրավունք ունի մուտք գործել պետական հիմնարկ, եւ որեւէ մեկն իրավունք չունի խոչընդոտել: Եթե արգելում են օրենքով պատգամավորին վերապահված իրավունքի իրացումը, եզրակացությունը մեկն է, ուրեմն թաքցնելու բան կար»,- ավելացրեց Ստեփան Սաֆարյանը: