ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը երեկ հայտարարել է, որ կոալիցիոն համաձայնությունը չի նշանակում, թե համաձայնագիր ստորագրած կուսակցությունները միացել են միմյանց: Ըստ նրա` ստորագրվել է փաստաթուղթ, որտեղ չորս կուսակցություններ իրենց միասնական մոտեցումներն են արտահայտել երկրի զարգացման վերաբերյալ, եւ այդ ուղղությամբ համատեղ աշխատանքի համար դրել են իրենց ստորագրությունը: Ի դեպ, Հ. Մարգարյանը երեկ հայտարարել է, թե կոալիցիոն կառավարության ծրագրում ներառված է Արթուր Բաղդասարյանի նախընտրական ծրագրի դրույթների 90 տոկոսից ավելին: Ինչեւէ, անդրադառնալով առաջիկա ՏԻՄ ընտրություններին, Հ, Մարգարյանն ասել է, որ ՕԵԿ-ն այդ ընտրություններին մասնակցելու է միայն ավագանիների թեկնածուների մակարդակով: ՕԵԿ-ը, ըստ նրա, սպասում է «Երեւանի մասին» օրենքի ընդունմանը, որից հետո իրենք կմասնակցեն Երեւանի քաղաքապետի ընտրությանը: Խոսելով տարածաշրջանային առկա զարգացումների եւ մարտահրավերների մասին, նա հայտարարել է, որ «Հայաստանի համար շատ կարեւոր է միասնականությունը»: Լրագրողներից մեկի հարցին, թե արդյոք այդ միասնականությանը չի՞ խոչընդոտում Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությունը, որ եթե ինքը նախագահ լիներ, ապա Աբդուլլահ Գյուլը չէր գա Հայաստան, այն բանից հետո, երբ Գյուլին Հայաստան է հրավիրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Հովհաննես Մարգարյանը պատասխանել է, թե «նույնիսկ միասնական թիմի մեջ գտնվողները տարբեր հարցերի շուրջ ունենում են տարբեր կարծիք, բայց դա չի խանգարում, որ թիմը միասնական հանդես գա»: Նա ասել է, որ կոնկրետ իր կուսակցությունը կողմ է Գյուլին հրավիրելու Սերժ Սարգսյանի տեսակետին եւ հայ-թուրքական հարաբերության առանց նախապայմանի կարգավորմանը, քանի որ «հարեւանին չեն ընտրում»: Հ. Մարգարյանը բարձր է գնահատում նախագահ Սերժ Սարգսյանի որդեգրած սկզբունքը հայ-թուրքական հարաբերություններում: «Պետք է կարողանանք շփումների, երկխոսության միջոցով փորձել գտնել այն խնդիրների լուծումները, որոնք ծառացել են 2 երկրների միջեւ: Անհրաժեշտ է հավասարակշռված, երկու երկրների շահերից բխող կառուցողական քաղաքականություն վարել»,- ասել է նա: Ինչ վերաբերում է կոալիցիոն մյուս գործընկեր Դաշնակցության` Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղի օրերին հակաթուրքական ակցիաներ կազմակերպելու մտադրությանը, ապա Հովհաննես Մարգարյանը դա գնահատել է՝ որպես «տվյալ քաղաքական ուժի որոշման իրավունք»: