– Ես հավատացած եմ, որ մենք չենք կարողանա ճիշտ դիրքորոշում ընդունել, եթե օբյեկտիվ գնահատական չտանք ներկայիս իրականությանը: Խոսքն Աբխազիայի կամ Օսիայի մասին չէ: Խոսքը Ռուսաստան-ԱՄՆ եւ Ռուսաստան-Եվրոպա հարաբերությունների մասին է: Բանն ազդեցության գոտիների բաշխման մեջ է: Նախորդ օրը տեղի ունեցածն ընդամենը մի փոքր մաս է կործանարար հետեւանքներով հղի մի մեծ առճակատման: Սա է այն խնդիրը, որի վրա պետք է սեւեռվել հնարավորինս արագ եւ կոռեկտ: Ինչ վերաբերում է անմիջապես ՌԴ-ի այս որոշմանը, կարծում եմ, Մեդվեդեւի շուտափույթ ստորագրությունն անակնկալ էր բոլորի համար: Անգամ Կրեմլին մոտ ռուսաստանյան քաղաքագետները չէին սպասում նման բան: Ակնկալվում էր, որ Դումայի այդ որոշումը կօգտագործվի որպես քաղաքական սուր` սրա ու նրա գլխին ճոճելու եւ Արեւմուտքի նկատմամբ ՌԴ դիրքերն ամրապնդելու համար: Սակայն, ըստ երեւույթին, Կրեմլն իր սեփական հաշվարկներն էր արել: Դա կարող էր արվել Կոսովոյի համար Արեւմուտքից վրեժ լուծելու նկատառությամբ, կամ պարզապես ցույց տալու, որ տարածաշրջանի տիրակալը ՌԴ-ն է եւ որեւէ դասեր քաղելու կարիք չունի: Միգուցե սա ընդամենը լրացուցիչ ճնշում է Սահակաշվիլու վրա, ոչ ավելին: Կամ միգուցե շատ ավելին: Դժվար է մեկնաբանություններ անել: Սակայն դրա հետեւանքները նկատելը շատ ավելի դյուրին է: Սա ավելի քան կբարդացնի Ռուսաստան-Արեւմուտք հարաբերությունների վիճակը. մի բան, որ ամենեւին ցանկալի չէ ժամանակակից` տնտեսական եւ անվտանգության խնդիրներով լի աշխարհում: Ասելու կարիք չկա, որ սա կբարդացնի Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի գործերը:
– Հետեւանքները ԼՂՀ-ի համար:
– Հայաստանի բանակցային դիրքերը փոփոխման կարիք դեռեւս չեն զգա, սակայն անհրաժեշտ կլինի դրանք առավել ամրացնել եւ բարձրաձայն հստակեցնել: Հայաստանը պետք է շատ արագ հասկացնի. միակ պատճառը, որ Հայաստանի Հանրապետությունը դեռ չի ճանաչել ԼՂՀ անկախությունը կամ չի խնդրել որեւէ մեկին այդ անել, այն է, որ ընթացող բանակցությունների հիմքում Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի խնդիրն է: Եթե այս գործընթացը տապալվի, Հայաստանին այլ բան չի մնա, քան ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Այս քաոսից երկու հարց են աչքի զարնում: Մեկը բռնի ուժի կիրառումն է էթնիկ հակամարտությունների լուծման ընթացքում, մյուսը` պետությունների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Այս նոր իրադրությունը ԼՂՀ-ի համար երկսայր դաշույնի է նման, մի կողմից՝ ռազմաշունչ տրամադրություններն ու ռազմական գործողություններն ավելի դժվար կհանդուրժվեն, մյուս կողմից՝ ակնկալվում է միջազգային հանրության վերաբերմունքի սաստկացում ազգերի ինքնորոշման հարցերի նկատմամբ: Ամեն դեպքում, ինչպես բազմիցս կրկնվել է, ԼՂՀ հակամարտությունը նման չէ որեւէ այլ հակամարտության: Այն զարգացել է իր ուրույն ճանապարհով: Մեր ազգային ինքնորոշման իրավունքն ամրապնդվում է ոչ միայն օրինական, պատմական եւ քաղաքական սկզբունքներով, այլեւ այն հանգամանքով, որ Ադրբեջանը բազմիցս բռնի ուժ է կիրառել ԼՂՀ ժողովրդի նկատմամբ՝ իր գերիշխանությունն ամրապնդելու համար: Մենք կշարունակենք պաշտպանել նրանց իրավունքները:
– Ի՞նչ եք կարծում, ո՞վ է պատասխանատու ստեղծված իրավիճակում:
– Եթե սրամտելու լինեի, կասեի` Ստալինը: Երկու պատճառով. նախ որ վրացի էր, երկրորդ` նա Սովետական հսկայական պետության առաջնորդն էր եւ, լինելով այդպիսին, ծառայում էր Ռուսաստանի շահերին` ողջ պետությամբ մեկ էթնիկական գլուխկոտրուկ ստեղծելու շնորհիվ: Այսպիսով, այսօրվա իրադարձությունների համար վերջին հաշվով պատասխանատու է Ստալինը, այդ «ռուս-վրացին»: Իրականում ինքս էլ պատասխան եմ փնտրում Ձեր հարցին: Ինչպես եւ շատերը, ես ուշադիր հետեւել եմ իրադարձություններին` ստանալով տեղեկատվություն 5 տարբեր հեռուստաալիքներից` 5 տարբեր լեզուներով: Մեկնաբանությունները, կախված երկրից, զգալիորեն տարբերվում են: Գումարած սրան՝ եթերը լի է հայտարարություններով, մեղադրանքներով եւ պատասխան մեղադրանքներով, որոնք հնչեցնում են հակամարտությանն այսպես թե այնպես առնչվող կամ պարզապես շահագրգռված երկրների բարձրաստիճան պաշտոնյաները: Իրական պատկերն ավելի ու ավելի է բարդանում: Այնուամենայնիվ, հիմնվելով ոչ վաղ անցյալի պատմության եւ անձնական փորձի վրա, կարող եմ ասել, որ ամենայն հավանականությամբ առաջին հրահրողը եղել է Հարավային Օսիան, սրան արձագանքել է Վրաստանը, որին էլ, իր հերթին, Ռուսաստանը: Այսպիսով, արձագանքների արձագանքները տեղիք տվեցին այսօրվա քաղաքական եւ իրական նախճիրին: Բայց հրահրումներ եւ սադրանքներ այս հակամարտության պատմության մեջ միշտ էլ եղել են: Այս արձագանքումները կարելի է բացատրել միայն խոր արմատացած եւ կուտակված թշնամանքով կամ սառը ռազմաքաղաքական հաշվարկով, կամ, միգուցե, երկուսը միանգամից:
– Ի՞նչ եք կարծում, Թբիլիսին կգնա՞ր այս քայլին առանց ԱՄՆ-ի հետ համաձայնության:
– Պատմությունը լի է հակասական ուղերձներով եւ անհասկացողություններով. Պարսից ծոցի Առաջին պատերազմը դրա վերջին օրինակներից մեկն է: Հաշվի առնելով Վաշինգտոնի քաղաքական, տնտեսական եւ հատկապես ռազմական օգնությունը` կարելի է հեշտությամբ հասկանալ, թե ինչպես Վրաստանի ներկայիս առաջնորդները կարող էին նման եզրահանգման հասնել: Անձամբ ես չեմ հավատում, որ Վաշինգտոնը հավանություն տված լիներ նման գործողությունների:
– Ինչո՞ւ ԱՄՆ-ը իր դաշնակցին ռազմական օգնություն չտրամադրեց:
– Միամտություն կլիներ ակնկալել, որ նման իրավիճակում, այս վայրում եւ այս պայմաններում ԱՄՆ-ը ռազմական օգնություն ցույց կտար: Չեմ կարծում նաեւ, որ Վրաստանը նման լուրջ ակնկալիքներ ուներ: Իհարկե, ԱՄՆ-ի համար շատ կարեւոր է Վրաստանի ժողովրդավարությունն ու ինքնիշխանությունը, ինչպես նաեւ Վրաստանին առնչվող էներգետիկ անվտանգության հարցերը: Սակայն մյուս նժարին են դրված մի շարք հիմնախնդիրներ, որոնք պահանջում են համագործակցություն ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ: Վաշինգտոնը պետք է կշռադատեր այս երկու փոխհակադարձ շահերը: Ակնհայտ է, որ ԱՄՆ-ի ռազմական մասնակցությունը կխախտեր հավասարակշռությունը եւ կլիներ իրոք կործանարար:
– Այս պայմաններում ի՞նչ կարող էր անել Երեւանը, որ դեռ չի արել:
– Չեզոք եւ անկողմնակալ լինելու միջեւ բավական տարբերություն կա: Մենք կարող ենք չեզոք վերաբերվել մի բանի, որ կատարվում է, ասենք, Աֆրիկայում կամ Հարավային Ամերիկայում: Բայց մի բանի նկատմամբ, որ կատարվում է մեր անմիջական հարեւանությամբ՝ մենք չենք կարող լինել չեզոք եւ չունենալ մեր սեփական կարծիքը: Մենք կարող ենք եւ պետք է լինենք անկողմնակալ: Ես ներկայացրի այս տարբերությունը որոշակի ճշգրտություն մտցնելու համար: Անկախ օգտագործվող տերմինաբանությունից, ՀՀ-ի գործողություններն այս պայմաններում միանգամայն հասկանալի են: Իմ անձնական նախընտրանքն էր՝ լինել մի փոքր ավելի ակտիվ եւ բացահայտ ցույց տալ Հայաստանի անկողմնակալությունը: Օրինակ, ես շատ կուզեի, որ մեր նախագահը հակամարտության առաջին իսկ օրերին Պեկինից մեկներ Մոսկվա, ապա՝ Թբիլիսի, եւ նոր վերադառնար Երեւան` բոլորին հիշեցնելով, որ կատարվող իրադարձությունները կողմերից եւ ոչ մեկի օգտին չեն: Նման նախաձեռնությունն, իհարկե, մեծ նշանակություն չէր ունենա լարվածությունը նվազեցնելու եւ լուծումներ առաջ քաշելու առումով, բայցեւայնպես, չէր մնա աննկատ ոչ ոքի համար, եւ Հայաստանը կդրսեւորեր իր ճշմարտացի, անշեղորեն անկողմնակալ վերաբերմունքը թե՛ բուն իրադարձությունների, թե՛ դրանց հնարավոր հետեւանքների նկատմամբ: Այլ կերպ ասած, Հայաստանը պետք է հստակ հայտարարեր, որ չի պատրաստվում ընտրություն կատարել երկու ընկերների միջեւ, քանզի, եթե ՌԴ-ն ռազմավարական դաշնակից է, ապա Վրաստանը` բնական: Երկուսն էլ կենսական նշանակություն ունեն մեզ համար: Եթե անցյալում մենք գործի էինք դնում կոմպլեմենտար քաղաքականությունը` պահպանելու համար մեր հարաբերությունները թե՛ Արեւմուտքի եւ թե՛ Ռուսաստանի հետ, այժմ թեժ կետը անմիջապես մեր կողքին է, եւ մենք պետք է լինենք առավել զգոն: Մեր կոմպլեմենտար քաղաքականությունն այժմ պետք է լինի ավելի խիզախ եւ հստակ ու ծառայի բոլոր կողմերի հետ հարաբերությունները պահպանելուն: Այլընտրանք մենք չունենք: Կողմերի միջեւ ընտրություն կատարելը ճիշտ ընտրություն չէ:
– Կփոխվի՞ արդյոք Ռուսաստանի դերը տարածաշրջանում:
– Բնականաբար: Տարածաշրջանը նույնը չի մնա: Դերերը, դասերը, ամեն մասնակցի ընկալումները մյուսների վերաբերյալ կհասնեն իրենց կիզակետին եւ շատ կբարդանան: Ինչեւէ, պատմությունը ցույց է տալիս, որ նույնիսկ այն ժամանակ, երբ լարվածությունը հասնում է նման բարձր մակարդակի, ճիշտ ժամանակին ձեռնարկված քայլերը կարող են բերել դրական հանգուցալուծման: Սա այդ պահն է: Պարտավորության մակարդակի հասցված եւ ապագա բոլոր գործողությունների հիմքում դրված` կոպիտ ուժ չգործածելու գաղափարախոսությունը կարող է մեզ քաղաքական լուծումներ գտնելու ազատություն ընձեռել եւ հնարավորություն տալ չսահմանափակվելու անվտանգության վերաբերյալ երկյուղներով: Մենք կարող ենք կովկասյան անվտանգության դաշինք կառուցել ու այնուհետեւ անցնել ավելի գլոբալ եւ բարդ հարցերի լուծմանը: Մեր մեծագույն հոգսն այս պարագայում ՌԴ-ի եւ Արեւմուտքի միջեւ ծավալվող քաղաքական գործընթացներն են լինելու: ՌԴ-ի եւ Արեւմուտքի միջեւ հարաբերություններին արդեն ծանր հարված են հասցված: Այս սպիները, որոնք, անշուշտ, դեռ երկար են հիշեցնելու իրենց մասին, ավելի կբարդացնեն համագործակցությունը: Լուրջ վտանգ կա վերադառնալու սառը պատերազմի ժամանակաշրջանի պառակտմանը: Ամեն դեպքում սկզբնական շրջանի ավարտից հետո էլ Ռուսաստան-Արեւմուտք հարաբերությունները հարգալից մնացին: Ասել, որ նման հանդուրժողական մթնոլորտի վերացումը բացասաբար կանդրադառնա Հայաստանի եւ տարածաշրջանի վրա, կնշանակի՝ ոչինչ չասել: Արեւմուտք-Արեւելք հարաբերությունները միջնորդավորված կարտահայտվեն Վրաստան-Ռուսաստան հարաբերություններում: Սա նշանակում է, որ Հայաստանը ոչ միայն պետք է ուղղակի շարունակի իր կոմպլեմենտար քաղաքականությունը, այլեւ, ինչպես արդեն ասացի, կիրառի ավելի առաջադեմ, նախաձեռնող կոմպլեմենտարիզմ, որպեսզի ապահովի իր համար ուրույն դերակատարություն այս նոր համակարգի մեջ:
Հարցազրույցը վարեց Արմեն ՄԱՆՎԵԼՅԱՆԸ