Գեւորգն արնաքամ է լինում

31/08/2008 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Քանաքեռ-Զեյթուն համայնքի Ֆանարջյան 76 հասցեում գտնվող «Այգեգործների տնակներ» կոչվող թաղամասը գտնվում է գերեզմանատան ետնամասում, ուր մարդկային ստվերները միայն գերեզմանաքարերին դաջված հանգուցյալների դիմանկարների արտացոլանքն են:

Այս տարածքում ամեն ինչ անկենդան ու մռայլ է: Շների ոռնոցին զուգահեռ հնչող տղամարդու ճիչերը հուշում են, որ այստեղ ահավոր, սոսկալի պատմություն կա: Ու էդ պատմության նախաբանն էն փայտե տնակն է, որտեղից արձագանքող մարդու ու շների տագնապալի ոռնոցը փաստում են Հայաստանի Հանրապետության ծայրահեղ աղքատ քաղաքացիների` շների հետ ու շների նման կենսագործունեության մասին: Փայտե տնակին մոտենալը գազազած շներին հունից հանում է, մինչդեռ տղամարդու բղավոցն ու հոգեմաշ ճիչերը կանչում են` անկախ ամեն տեսակի վտանգի հետ առերեսումից: Դրսի լույսից հետո տնակի ներսի խավարի մեջ ուրվագծվում է թախտին ընկած 25 տարեկան Գեւորգի հյուծված, ցավից մաշված մարմինը: Այդ տեսարանն աննկարագրելի է, ու անկախ քեզանից՝ սիրտդ նվաղում է, ու ցայտնոտի մեջ ես ընկնում: Գեւորգն անխնա գոռում է ցավից. գալարվում է անկողնու մեջ ու խնդրում է իրեն օգնել: Յոթ տարի առաջ աղավնիներին տանիքից իջեցնելու ժամանակ բարձր լարման հոսանքից հոսանքահարվել ու այրվել է: Կյանքը մի կերպ փրկել են, իսկ մարմինը ծանր այրվածքներ է ստացել: Մայրը` Մարինեն, պատմում է` «Ամբողջ մարմինը կարկատած ա: Մարմնի որոշ հատվածներից հանել, կարկատել էին մյուս հատվածներին, բազմաթիվ պլաստիկ վիրահատություններ են կատարել: Մի թեւը կտրեցին: Հետույքի շրջանում մի անցք էին թողել, որ արտադրությունը մաքրեն»: Արդեն 10 օր է, ինչ այդ անցքը դարձել է մի սարսափելի վերք, որը գնալով բացվում, տարածվում է ու երիտասարդին արնաքամ է անում: Գեւորգն անգամ հարմար դիրքով չի կարողանում պառկել, նստել կամ կանգնել, ցավը մաշեցնում է: 2-րդ կարգի հաշմանդամ Գեւորգը մի ձեռքով հող փորելով, բանվորություն անելով ապահովում էր մոր ու եղբոր օրվա հացը: Հավանաբար ծանրաբեռնել է մարմինն, ու նախկինից մնացած այդ վերքը նրա մարմինը ձեւախեղել է: «Մի 10 օր առաջ երեւի ծանրաբեռնեց մարմինը, վերքը բացվեց ու սկսեց չքայլել: Բացվեց, ու բացվեց էնքան, մինչեւ միսն ու ոսկորը երեւում են, արյունը չի կտրվում, էլ մեջն ուժ չկա, հաց էլ չի կարողանում ուտել»,- պատմում է մայրն` ասելով, որ 10 օր շարունակ «բարալգին» են ներարկում, որ ցավերը մեղմանան:

2-րդ կարգի հաշմանդամ Գեւորգ Գեւորգյանն, ուղիղ 10 օր է, անկողնու մեջ ցավից գալարվում է, քանի որ բոլոր բուժհաստատություններում, ինչպես ասում է նրա մայրը, հրաժարվում են տղային ընդունել` հասկանալով, որ անվճարունակ են: Մարինեն պատմում է` «Տարանք Ռենտգեն ինստիտուտ, ասացին` մեր հիվանդը չի, այրվածքի մասնագետ չունենք: Ուղարկեցին 8-րդ հիվանդանոց, իսկ էնտեղից ասեցին` տարե՛ք Միքայելյան: Միքայելյանից էլ ասեցին` տարե՛ք Հանրապետական հիվանդանոց: Հանրապետականից ստից-մտից նայեցին ու ասեցին` տարե՛ք Օրթոպեդիկ հիվանդանոց: Էն դեպքում, որ Գեւորգին Հանրապետականի Այրվածքաբանական բաժանմունքում են վիրահատել, իրանց հիվանդն ա եղել: Տարանք Օրթոպեդիկ, ասեցին` մենք նման մասնագետներ չունենք, տարե՛ք Հանրապետական: Նորից տարանք Հանրապետական, չէին ընդունում: Գեւորգի ընկերը չդիմացավ, սկսեց գոռալ, թե՝ չե՞ք տեսնում, ջահել տղան արնաքամ ա լինում, ձեռքից գնում ա: Ուղարկեցին դեղ առնելու, արյունահոսությունը կանխող ինչ-որ դեղ էր, առանք, բերեցինք, տվեցինք բժշկին, սրսկեց, նույնիսկ վիրակապը չնայեց, չքանդեց: Սրսկեց ու ճանապարհեց տուն»: Այդ «ճանապարհորդության» ընթացքում Գեւորգի վիճակն ավելի է ծանրացել, որովհետեւ ամեն մի շարժումը նրանից մեծ ջանք է պահանջում: Շտապօգնության բժշկուհին Գեւորգի վիճակը տեսնելով՝ վատացել է, սակայն… ասել է` «Տանենք 8-րդ հիվանդանոց, բայց վճարովի է»: «Նույնիսկ մեկ դրամ չունեինք ու հասկացանք, որ էնտեղից նորից հետ են ուղարկելու, իզուր տանջելու ենք Գեւորգին»,- ասում է Մարինեն ու հավելում, որ որդին այլեւս մահամերձ վիճակում է:

Գեւորգ Գեւորգյանը 2-րդ կարգի հաշմանդամ, անտուն, ծայրահեղ թշվառության մեջ ապրող ՀՀ քաղաքացի է, որի համար մեր պետական բյուջեով Առողջապահության նախարարությանը պետպատվեր իրականացնելու համար գումարներ են հատկացվում:

ՀՀ Առողջապահության մասին օրենքում հոդված առ հոդված, կետ առ կետ արձանագրված է մարդուն բուժօգնություն տրամադրելու առողջապահական հաստատությունների պարտավորությունների, ինչպես նաեւ՝ բուժօգնության կարիք ունեցող ՀՀ ցանկացած քաղաքացու իրավունքների մասին օրենքով սահմանված նորմերը: Վերոնշյալ բուժհաստատությունների անփույթ ու ոչ մարդասիրական վերաբերմունքի համար հատուկ մեջբերում ենք Առողջապահության մասին օրենքի հոդված 43-ը` Մարդու բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու իրավունքը. «Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր ոք ունի բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու իրավունք: Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ստանալ բժշկական օգնություն եւ սպասարկում պետության կողմից երաշխավորված առողջապահական ծրագրերի շրջանակներում»:

Ի դեպ, մենք զանգահարեցինք Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Գագիկ Սայադյանին եւ տեղեկացրինք Գեւորգ Գեւորգյանի հետ կատարվածի մասին: Նա անմիջապես շտապօգնության բրիգադ ուղարկեց, եւ Գեւորգին տեղափոխեցին Էրեբունի բժշկական կենտրոն: Մենք հետեւողական կլինենք եւ պարբերաբար կայցելենք նրան: