Ավելացնելու են

31/08/2008

Ներկայացնելով վիճակագրական տվյալներ` երեկ Ճանապարհային ոստիկանության պետ, Ոստիկանության գնդապետ Մարգար Օհանյանը նշել է, որ նախորդ տարիներին Ճանապարհային ոստիկանության կողմից նոր ուսումնական տարվա սկզբին իրականացված աշխատանքը տվել է դրական արդյունք. ճանապարհատրանսպորտային պատահարներից ոչ մեկը ուսումնական հաստատությունների շրջակայքում չի գրանցվել: 2006թ. սեպտեմբերի 1-10-ը հանրապետությունում գրանցվել է 47 ճանապարհատրանսպորտային պատահար, զոհվել է՝ 13, վիրավորվել` 64 մարդ: Մինչեւ 16 տարեկան երեխաների մասնակցությամբ արձանագրվել է ընդամենը 2 պատահար, զոհվել եւ վիրավորվել է 1-ական երեխա: 2007թ. նույն ժամանակահատվածում գրանցվել է 67 պատահար, զոհվել է՝ 15, վիրավորվել` 87 մարդ: Մինչեւ 16 տարեկանների մասնակցությամբ գրանցված պատահարների թիվը կազմել է 9, զոհվել է՝ 2, վիրավորվել` 7 երեխա:

Ճանապարհային ոստիկանության պետի հավաստմամբ` իրենք բազմիցս դիմել են դպրոցների տնօրեններին` առաջարկելով դասացուցակներում ընդգրկել նաեւ ճանապարհային երթեւեկության կանոնների վերաբերյալ դասաժամեր: Բացը լրացնելու համար ՀՀ Ոստիկանության աշխատակիցները պարբերաբար այցելում են դպրոցներ, երեխաների հետ կազմակերպում նմանօրինակ դասընթացներ: Մ. Օհանյանը նաեւ նշել է, որ արձակուրդների ավարտով պայմանավորված՝ վերջին երկու օրերին Երեւանում արդեն տրանսպորտային միջոցների մեծ հոսք է նկատվում: Հետեւաբար, աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու համար Ճանապարհային ոստիկանությունը 40 անձով կավելացնի կենտրոնական ապարատի աշխատակիցների թիվը: «Սեպտեմբերի 1-ից հանրապետության ողջ տարածքում պետք է ապահովվի անվտանգ երթեւեկություն: Այդ աշխատանքները պետք է իրականացնել ոչ միայն սեպտեմբերին, այլեւ տարվա մյուս ամիսներին»,- նշել է Մ. Օհանյանը: Ճանապարհային ոստիկանության ուշադրության կենտրոնում կլինեն նաեւ գերծանրաբեռնված տրանսպորտային միջոցները: Նա նաեւ հիշեցրել է, որ ՀՀ կառավարության որոշմամբ` ՀՀ քաղաքացիներն իրենց տրանսպորտային միջոցները կարող են տեխնիկական զննության ենթարկել մինչեւ 2008թ. դեկտեմբերի 31-ը: Ի դեպ, նա նաեւ տեղեկացրել է, որ այս տարվա հունվարի 1-ից տեխզննության կետերի նկատմամբ իրենք վերահսկողություն սահմանելու իրավասություն չունեն, քանի որ դրանք տրված են մասնավոր ընկերություններին: