«Թող քիչ լինեն, բայց թանկ ու լավը»

31/08/2008 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ

Աշունն ավանդաբար թատերական փառատոների մեկնարկ է տալիս: Եվ այս տարի աշնանային առաջին օրերին` սեպտեմբերի 7-18-ը Երեւանում կանցնի Շեքսպիրյան թատերական փառատոնը, որը նախորդ 5 տարիների ընթացքում կոչվում էր «Արմմոնո» եւ փորձում էր իր ծրագրերում ընդգրկել միայն մենաներկայացումներ: Սակայն այս տարի փառատոնի նախագահ, Թատերական գործիչների միության եւ «Բեմական խաչմերուկ» մշակութային կենտրոնի նախագահ Հակոբ Ղազանչյանը որոշել է թատերախմբերին չսահմանափակել մոնոներկայացումների շրջանակներում: «Եթե լավ մենաներկայացումներ լինեն, ապա դրանք կցուցադրենք, բայց հատուկ չենք շեշտի, որ մենաներկայացումների փառատոն ենք, քանի որ դա մեզ քիչ է թվում»,- ասաց նա` նշելով, որ այս տարվա փառատոնը որոշ իմաստով «անցումային» կլինի, իսկ հետագայում իրենք կփորձեն Շեքսպիրյան փառատոնը մեր տարածաշրջանի ամենախոշոր ու հեղինակավոր փառատոնը դարձնել:

Այս տարի սպասվում են Ռուսաստանից, Վրաստանից, Լիտվայից, Ուկրաինայից, Մարոկկոյից, Սլովակիայից, Իրանից, Լեհաստանից ժամանած թատերախմբերի ելույթները: Հայաստանը ներկայացված կլինի 5 ներկայացումներով, որոնցից միայն մեկը` Երեւանի դրամատիկական թատրոնի «Մակբեթը» պրեմիերա չի լինի, իսկ մնացածի` ԵՊՀ թատրոնի «Երկու ազնվական Վերոնայից», Պարոնյանի անվան թատրոնի «Տասներկուերորդ գիշերը» ներկայացումների, նաեւ` Արմինե Մացակյանի «Լեդի Մակբեթ» ու Արման Հովհաննիսյանի «Համլետ» մոնոներկայացումների պրեմիերան կկայանա հենց փառատոնի օրերին:

Իշխան Համլետն, իհարկե, իշխելու է այս տարվա փառատոնի ծրագրերում, քանի որ Շեքսպիրի այդ պիեսն անսպառ փորձարկումների դաշտ է բացում:

Որպես ուշագրավ զուգադիպություն՝ Հ.Ղազանչյանը նշեց, որ երեւանյան փառատոնը` քաղաքական այսօրվա իրավիճակին համահունչ, երկու բեւեռներ է ստեղծում։ «Փառատոնը բացվելու է համար մեկ վրացական թատրոնի ներկայացմամբ եւ փակվելու է ռուսական համար մեկ թատրոնի ներկայացումով»,- ասաց նա:

Եվ երկու ներկայացումներն էլ վառ թատերական իրադարձություններ դարձած «Համլետներ» են լինելու: Ռոբերտ Ստուրուան եւ Թբիլիսիի Ազգային թատրոնը Երեւան կբերեն իրենց հերթական «Համլետին», մի ներկայացում, որ բոլորովին թարմ բեմականացում կլինի: «Ստուրուան ընդհանրապես երբեք չի կրկնվում, երեկվա արածը նա միշտ հնացած է համարում»,- ասաց Հ.Ղազանչյանը: Իսկ փառատոնային վերջին երկու օրերին հյուրախաղերով հանդես կգա Չեխովի անվան Մոսկվայի գեղարվեստական թատրոնը, որի «Համլետ» ներկայացման մեջ փայլում է ռուսական թատրոնի եւ կինոյի աստղ Կոնստանտին Խաբենսկին: Այդ թատրոնի այցի մասին պայմանավորվածություն կար դեռ այն ժամանակ, երբ գոյություն ուներ ՌԴ Կինեմատոգրաֆիայի եւ մշակույթի գործակալությունը, որը ղեկավարում էր Միխայիլ Շվիդկոյը: Սակայն այդ գործակալության լուծարումից հետո հայկական կողմը ստիպված եղավ ինքը վճարել թատրոնի դերասանների հոնորարը, որը բավականին մեծ գումար է կազմում: Ըստ Հ.Ղազանչյանի` ռուսական կողմը հսկայական հոնորարի միայն 15 %-ն է վճարում, իսկ մնացածն իրենք ստիպված են եղել վերցնել իրենց վրա: Եվ փառատոնի կազմակերպիչների խնդրանքով էլ` այդ ներկայացումն ընդգրկվել է փառատոնի ծրագրի մեջ: Ընդ որում` այդ ներկայացումը միակը կլինի, որի դիտման համար տոմսեր կվաճառվեն, մնացած բոլոր ներկայացումների մուտքը կլինի ազատ:

Փառատոնը, որպես հանդիսավոր բացում, կներկայացնի աշխարհահռչակ ռեժիսոր Ռոբերտ Ստուրուայի ստեղծագործական երեկոն, որի ընթացքում մեծարման խոսքեր կհնչեն եւ կցուցադրվեն հատվածներ այն ներկայացումներից, որոնք Ռ.Ստուրուան բեմադրել է աշխարհի տարբեր բեմերում` Մոսկվայում, Լոնդոնում եւ այլ քաղաքներում: Հ.Ղազանչյանը նշեց, որ մեծ վարպետի հոբելյանը մենք ավելի շուտ ենք նշելու, քան վրացիները, քանի որ Թբիլիսիում պատրաստվում են մեծարել Ստուրուային հոկտեմբերի 1-ին, իսկ Երեւանում նրա հոբելյանը կնշվի սեպտեմբերի 7-ին: «Նախատեսվում էր Ստուրուայի 70-ամյակը մեծ շուքով նշել նաեւ Մոսկվայում, բայց հիմա ոչ ոք չգիտե` ինչպես կլինի»,- ասաց նա:

Փառատոնի շրջանակներում կլինեն նաեւ վարպետության դասեր, մեծ ճանաչում ունեցող շեքսպիրագետ Ալեքսեյ Բարտոշեւիչը երեք օրերի ընթացքում բոլոր ցանկացողների համար դասախոսություններ կկարդա Թատերական գործիչների միության դահլիճում: Իսկ լեհ շեքսպիրագետ, Գդանսկի խոշորագույն Շեքսպիրյան փառատոնի նախագահ Անջեյ Ժուրովսկին, բացի դասախոսություններից, նաեւ կանցկացնի իր՝ «Շեքսպիրի հետ միայնակ» ռուսերեն լեզվով հրատարակված գրքի շնորհանդեսը: Գրքի հայերեն թարգմանությունը պատրաստ կլինի որոշ ժամանակ հետո:

Այնպես որ` այս տարի մենք գործնականորեն հագեցած թատերական փառատոն կունենանք: «Չենք ուզում հանդիսատեսին զարմացնել դրոշների քանակով, թող թատրոնները քիչ լինեն, բայց լավը եւ թանկը»,- ասում է Հ.Ղազանչյանը, ով միշտ դեմ է փառատոները մրցանակաբաշխությունների վերածելուն: «Երբ մրցանակներ են շնորհվում, անպայման սուբյեկտիվ վերաբերմունք է ի հայտ գալիս: Իսկ փառատոնը պիտի տոն լինի»,- ասում է նա: Լավ ներկայացումները դիտելն ու հետաքրքիր դասախոսություններ լսելու հնարավորություն ստանալն արդեն իսկ մրցանակ է թատերասերների համար: Մանավանդ` Թատրոնի ինստիտուտի ուսանողների համար: Տեսնել բազմազանը, արդեն իսկ նշանակում է` սկսել ճիշտ գնահատել սեփական թերություններն ու արժանիքները: Եվ հայկական թատրոնի կենսունակության «լինե՞լ, թե՞ չլինելու» հարցը մեծ չափով պայմանավորված է նաեւ գիտակ հանդիսատես ունենալու նախապայմանով: