Արժույթի միջազգային հիմնադրամը քննարկում է Վրաստանին 750 մլն դոլարի չափով վարկ տրամադրելու հնարավորությունը: Այդ մասին հաղորդել է «Բլումբերգ» գործակալությունը` վկայակոչելով կազմակերպության մի աշխատակցի, որը չի ցանկացել հայտնել անունը: Աղբյուրի ասելով` ԱՄՀ-ն արդեն մի խումբ աշխատակիցների է ուղարկել Վրաստան` գնահատելու այն ռիսկերը, որոնց երկիրը ենթարկվում է աճող առեւտրական դեֆիցիտի կապակցությամբ: Հիմնադրամի ներկայացուցիչների կարծիքով` վրացական էկոնոմիկան փրկելու համար անհրաժեշտ է շտապ կարգով արտասահմանյան ներդրումներ ներգրավել: Աղբյուրը չի ճշտել` վարկի հնարավոր տրամադրումը կապվա՞ծ է արդյոք Վրաստանի այն տնտեսական կորուստների հետ, որ նա կրել է Հարավային Օսիայի հետ հակամարտության եւ Ռուսաստանի հետ հարաբերությունների կտրուկ սրվելու հետեւանքով: Ինչպես հայտնել է ԱՄՀ անանուն ներկայացուցիչը, սպասվում է, որ արդեն մոտ ժամանակներս կազմակերպության ղեկավարությունը կքննարկի Թբիլիսիին փոխառություն կամ վարկային գիծ հատկացնելու հարցը: Օգոստոսին, ավելի վաղ ԱՄՀ ներկայացուցիչները դրական միտումներ են նշել Վրաստանի կառավարության տնտեսական քաղաքականության մեջ, որը, ԱՄՀ-ի կառավարող տնօրենի առաջին տեղակալ Ջոն Լիպսկիի կարծիքով՝ «զգալի կառուցվածքային բարեփոխում է անցկացրել» եւ «արդյունավետ շուկայական էկոնոմիկա է զարգացնում»: