Թբիլիսիի վերլուծաբաններն ասում են, որ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու վերաբերյալ Ռուսաստանի որոշումը կանդրադառնա նաեւ Մոսկվայի վրա:
Թբիլիսիում Ռուսաստանի դեսպանատան մոտ մի քանի հազար մարդ է հավաքվել ցույցի, շատերի ձեռքերին վրացական դրոշներ են եւ «Կանգնեցրեք Ռուսաստանին» պաստառներ:
«Այժմ աշխարհը տեսավ Ռուսաստանի իրական դեմքը: Այդ երկիրն ագրեսոր է, դա չարի կայսրություն է: Մենք նրանց հետ ընդհանուր ոչինչ չունենք, նրանք ամեն ինչ կործանել են, նրանք մեզ պատերազմ են հայտարարել, նրանք փորձում էին գրավել մեզ, անեքսացնել մեր տարածքները, եւ այս ամենը տեղի է ունենում 21-րդ դարում»,- ասում է ցուցարարներից մեկը` 24-ամյա Դատոն:
Օգոստոսի 26-ին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ճանաչեց երկու անջատված տարածքները` Աբխազիան եւ Հարավային Օսիան, որպես անկախ պետություններ: Նրա վերջնական որոշումը հաջորդեց նախորդ օրը խորհրդարանի երկու պալատների կողմից ընդունված որոշումներին: «Ես սպասում էի դրան, բայց Մեդվեդեւի կողմից փաստաթղթի ստորագրման լուրը ցնցեց ինձ, եւ ես լաց եղա»,- ասում է Ռուսաստանի դեսպանատան մոտ հավաքված ցուցարարներից մեկը` Մարինան: Նա ինքն էլ փախստական է դարձել 90-ականների սկզբին տեղի ունեցած Աբխազական պատերազմի հետեւանքով, որի արդյունքում տարածաշրջանը դարձավ դե ֆակտո առանձին, թեեւ եւ՝ չճանաչված միավոր:
Վրաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Լոմայան ասում է, որ Ռուսաստանի այդ քայլը «երկար ժամանակով, եթե ոչ ընդմիշտ» դադարեցրեց երկու երկրների հարաբերությունները: Լոմայայի կարծիքով, Մոսկվայի կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ճանաչումը Վրաստանի համար իրավական որեւէ նշանակություն չունի, քանի որ այդ երկու տարածքների նկատմամբ գերիշխանությունն ամրապնդվում է նրա սահմանադրությամբ: Նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Մոսկվայի որոշումը բնութագրել է որպես «բացարձակ անօրինական» եւ «ռազմավարական սխալ»:
Անվտանգության խորհրդի արտահերթ նիստից հետո իր հեռուստատեսային ելույթում Սահակաշվիլին խոսում էր «կրկին վերածնված ռուսական իմպերիալիզմի» մասին եւ հավաստիացնում էր իր ժողովրդին, որ Եվրոպան ազգային սահմանների վերագծում չի հանդուրժի: «Այս ճգնաժամից Վրաստանը տասն անգամ ավելի ուժեղ դուրս կգա. մենք ծնկի չենք գա: Աստված մեզ պահապան»,- ասել է նա:
Դիվանագետներից եւ վերլուծաբաններից ոմանք ակնկալում էին, որ Սահակաշվիլին կխզի դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ, սակայն նա այդ քայլին չդիմեց, թեեւ Վրաստանի խորհրդարանը կարող է դեռ նման առաջարկով հանդես գալ:
«Ես ճնշված եմ, շփոթված եմ»,- ասում է 41-ամյա ինժեներ Դմիտրին: Էթնիկ ռուս Դմիտրին ծնվել է Թբիլիսիում եւ ամբողջ կյանքն այստեղ է անցկացրել:
«Հույս ունեմ, որ Վրաստանում ռուս ժողովրդի հանդեպ վերաբերմունքը չի փոխվի` անկախ Ռուսաստանի ղեկավարության գործողություններից»,- ասում է նա: Դմիտրին մտադիր էր հանդիպել իր նախկին համադասարանցիներին` դպրոցն ավարտելու 25-ամյակը նշելու համար, սակայն պատերազմը խանգարեց նրանց վերամիավորմանը:
Նրանց ընկերներից մեկը` Խրիստոն, հատուկ վերադարձել էր Հունաստանից այդ հանդիպման նպատակով: Նա էթնիկ հույն է, 90-ականների կեսերին գաղթել է Սալոնիկի, որտեղ աշխատում է որպես բժշկական սարքավորումների գծով ինժեներ: «Թբիլիսիում ես թողել եմ սրտիս մի փոքր մասը` իմ դպրոցական ընկերներին»,- ասում է Խրիստոն:
Թուրքիայից Վրաստան ժամանելով ավտոբուսով, նա չհասավ հանդիպմանը, քանի որ նրան կանգնեցրին Բորժոմում` Թբիլիսիից 190 կմ հեռու, ռուսների` Վրաստան ներխուժման պատճառով: «Ճանապարհին անցկացրած երկու օրերի ընթացքում ես միայն հատուկենտ նորություններ էի լսում պատերազմի մասին: Բայց այն, ինչ ես ի վերջո տեսա, բոլորովին այն չէր, ինչ ակնկալում էի տեսնել: Թբիլիսին երկրի արեւմտյան հատվածի հետ կապող ճանապարհին ռուսական տանկեր էին: Մենք չէինք կարողանում շարունակել մեր ճանապարհը, իսկ հետո պարզվեց, որ ռուսները պայթեցրել են երկաթուղին»,- հիշում է նա:
Թեմուր Յակոբաշվիլին` Աբխազիայի եւ Հարավային Օսիայի վերաինտեգրման հարցերով Վրաստանի պետական նախարարը, մեզ ասաց, որ Ռուսաստանի որոշումը գլխացավանք է լինելու այդ երկրի համար` մեկուսացնելով նրան միջազգային հանրությունից:
«Ռուսաստանը փորձում է օրինականացնել էթնիկ զտումները: Ոչ մի լուրջ երկիր չի աջակցի նրան այդ գործողություններում: Ի՞նչ անկախության մասին են նրանք խոսում, երբ Աբխազիան ունի ընդամենը 45 հազար բնակիչ, իսկ Հարավային Օսիան` 15 հազար»,- ասում է նա:
Մոսկվայի հետ այս հակամարտությունում Թբիլիսին կոչ է արել միջազգային հանրությանը՝ հստակ կերպով դատապարտել Մոսկվայի գործողությունները, եւ ընդգծել է Աբխազիայից հարավ ընկած գոտիներ ռուսների ներխուժումը` ներառյալ Փոթիի կարեւոր նավահանգիստը, որը հեռու է Հարավային Օսիայի հակամարտության գոտուց: Այս արեւմտյան շրջանների բնակիչները մի քանի ցույցեր են անցկացրել, որոնց հիմնական նշանաբանն էր` «Ձեռքներդ հեռու Վրաստանից»:
Վրաց մեկնաբանները կանխատեսում են, որ Ռուսաստանի ռազմական գործողությունները, իսկ այժմ նաեւ՝ նրա կողմից երկու տարածքների դիվանագիտական ճանաչումը հակառակ հարված կհասցնեն նրան: «Ռուսաստանը սեփական գործողությունների զոհն է դառնալու, քանի որ դրանք անշուշտ անկայունության կհանգեցնեն Ռուսաստանում,- ասում է նախկին արտգործնախարար Իրակլի Մենաղարիշվիլին, որ այժմ գլխավորում է Թբիլիսիի Ռազմավարական ուսումնասիրությունների կենտրոնը: -Ընդհանուր առմամբ վտանգված է համաշխարհային կայունությունը: Չարի կայսրությունը կրկին գլուխ է բարձրացրել»:
Կովկասի գծով փորձագետ Մամուկա Արեշիձեն ասում է, որ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի բնակիչներն այժմ «դատապարտված են ապրել ռուսական ռազմակայանների հարեւանությամբ»:
Չնայած Թբիլիսիում Ռուսաստանի դեսպանատան մոտ շարունակվող բողոքի ցույցերին, դեսպանության խոսնակ Ալեքսանդր Սավինովը մեզ հետ զրույցում ասել է. «Դիվանագետներն աշխատում են սովորականի պես: Դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն իր տեղում է: Հյուպատոսական բաժինը շարունակում է մուտքի արտոնագրեր շնորհել Վրաստանի քաղաքացիներին»:
Իսկ մինչ այդ Խրիստոն արդեն պլանավորում է հինգ տարի հետո կրկին փորձել հանդիպել իր ընկերներին Թբիլիսիում: «Ես պատրաստվում եմ կրկին գումար կուտակել հաջորդ այցելությանս համար: Հույս ունեմ, որ մեր ավարտելու 30-ամյակին Վրաստանում ռուսական զորքեր չեն լինի»,- ասում է նա:
Միխայիլ ՎԻԳՆԱՆՍԿԻ
«Վրեմյա Նովոստեյ» թերթ
Հոդվածն արտատպվում է «Կովկասյան լրատու» պարբերականից