Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի Պլաստիկ վերականգնողական
վիրաբուժության բաժանմունքը հունիսի 22-25-ը նախաձեռնել է «Ամենահայկական
քիթը» խորագրով մրցույթ: Մրցույթի հաղթողը կարժանանա գլխավոր մրցանակին`
քթի պլաստիկ անվճար վիրահատության: Բաժանմունքի վարիչ Կարեն Դանիելյանի
խոսքերով, ժյուրին բաղկացած կլինի բժիշկներից եւ արվեստի բնագավառի
մարդկանցից եւ մեկ անտրոպոլոգից, որոնք «հասկանում են, ինչ բան է
գեղեցկությունը»: Ժյուրիի անդամները փակ քվեարկությամբ կընտրեն երեք
հաղթողներին: Առաջին տեղը զբաղեցրած մասնակիցը կվիրահատվի անվճար, երկրորդ
մրցանակակիրը՝ 75% եւ երրորդ տեղինը՝ 50% զեղչով: Մնացած բոլոր գրանցված,
բայց չհաղթած մասնակիցները ցանկության դեպքում կվիրահատվեն 25% զեղչով:
Արդյունքները հայտնի կդառնան հունիսի վերջին: Մրցույթը բարեգործական է եւ
կազմակերպվում է ամառվա ամիսներին հատուկ ուսանողության համար:
Բաժանմունքի աշխատակիցների խոսքերով՝ օրական մոտ 20 մարդ է գրանցվում
վիրահատության համար: Ըստ բաժանմունքի վարիչ Կարեն Դանիելյանի,
Ամենահայկական քթի «նախատիպերն» են Առնո Բաբաջանյանի եւ Ֆրունզիկ
Մկրտչյանի քթերը: Հենց այս չափանիշներով էլ ղեկավարվելու է ժյուրին, մեր
օրերի ամենահայկական քիթն ընտրելիս: Այն հարցին, թե արդյո՞ք ափսոս չէ այդ
ազգային բարեմասնությունը «ձեռքի թեթեւ շարժումով» վերացնել, Կարեն
Դանիելյանը պատասխանեց. «Մենք ունենք բազմաթիվ այլ բարեմասնություններ,
օրինակ, մեր Արարատ սարը կամ հայկական կոնյակը եւ այլն, որոնցով կարելի է
հպարտանալ: Այնպես որ, ամենահայկական քիթը մի կերպ կարելի է մղել երկրորդ
պլան: Ավելի կարեւոր է, որ մարդը գեղեցիկ լինի, իրեն լավ զգա, քան ունենա
հայկական այս «արժանիքը» եւ ամբողջ կյանքում ամաչի նրանից»:
Մ.Վ.