«Մոտ օրերս Ռուսաստանն անսպասելի քայլ կանի` պայմանագիր կկնքի Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի հետ` նաեւ ռազմական ոլորտում, ու այնտեղ ռազմական բազաներ կհիմնի»,- երեկ նման կանխատեսում արեց «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության» վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը:
Ռուսաստանի` Հարավային Օսեթիայի եւ Վրաստանի միջեւ ծագած կոնֆլիկտի լիարժեք կողմ դառնալը Ս. Գրիգորյանը բացատրեց նրանով, որ Ռուսաստանը փորձում է ստրատեգիական մի քանի հարցեր լուծել: «Ռուսաստանը լուծում էր ոչ միայն Հարավային Օսեթիայի հարցը: Միայն Օսիայի պատճառով Ռուսաստանը չէր հակադրվի Արեւմուտքին: Նախ` Ռուսաստանն ուզում է վերականգնել մինի Սովետական Միություն, որի մեջ կմտնեն բուն Ռուսաստանը, Բելառուսն ու գումարած՝ այդ «չճանաչած» միավորումները: Ու դրանց մեջ, ինչպես երեւում է, պետք է մտցնել նաեւ Ղրիմը: Ռուսաստանը, կարծում եմ, կզբաղվի նաեւ Ղրիմի հարցով: Հետո Ռուսաստանը ժամանակին հայտարարել էր, որ ցանկանում է բազմաբեւեռ աշխարհ ստեղծել, որի բեւեռներից մեկն էլ իրենք պետք է լինեն: Հիմա նա ձեւավորում է այդ բեւեռը»,- ասաց նա: Վերլուծաբանի կարծիքով` Վրաց-ռուսական պատերազմը գլոբալ խնդիր է դարձել, այն միջազգային կոնֆլիտ է Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ: «Այն պահին, երբ Ռուսաստանը ռմբակոծեց Փոթին ու Բաթումին, դա նշանակեց, որ միջազգային կոնֆլիկտ է` Ռուսաստանի ու Արեւմուտքի միջեւ: «Այն սառը պատերազմին շատ մոտ իրավիճակ է: Մոտ օրերս, վստահ եմ, որ Ռուսաստանը չի թողնելու ԵԱՀԿ դիտորդներին Հարավային Օսիա: Բայց դա կնշանակի՝ անընդհատ հակասությունների մեջ մտնել Արեւմուտքի հետ: Վերջինը կհանի «Մեծ ութնյակի» պետություններից Ռուսաստանին, Չեչնիայի խնդիրը կրկին կակտիվացնի: Եվրամիության սեպտեմբերի մեկի գագաթաժողովի ժամանակ կքննարկվեն բոլոր հարցերը, Ռուսաստանի հետ ռազմավարական պայմանագիրը Եվրամիությունը կրկին կհետաձգի: Սառը պատերազմ Ռուսաստանի ու Արեւմուտքի միջեւ վաղուց է սկսվել, Պուտինի մյունհենյան հայտնի ելույթից առաջ: Բայց հիմա արդեն կոնկրետ քայլեր ենք տեսնում, որ հարաբերությունները կսրվեն»,- ասաց վերլուծաբանը: Ս. Գրիգորյանը Ռուս-վրացական պատերազմում շատ է կարեւորում ինֆորմացիոն պատերազմի դերակատարումը: Ըստ նրա` այն շատ լուրջ դերակատարում ունեցավ` հօգուտ Ռուսաստանի: «Ռուսաստանը Օսեթիայի խաղաղ բնակչության զոհերի մասին նշում էր` մոտ 2000 զոհի թիվ: Բայց այդ թիվը չի հասնում հարյուրի, 44-66-ի մեջ է տատանվում: Սակայն այդ գործոնը շատ ուժեղ ազդեց նաեւ Գերմանիայի կանցլերի վրա: Օգոստոսի 9-ին նրա ռեակցիան բավականին բացասական էր Վրաստանի նկատմամբ, թե` ժողովրդին կոտորում են: Հիմա պարզվեց, որ կոտորած չի եղել: Եվ երկրորդ հարցը` ո՞վ քարուքանդ արեց Ցխինվալին: Այստեղ էլ պարզվում է, որ շենքը քանդում են, տակից ռուսական ռումբեր են դուրս գալիս: Իրենց գեներալները բացատրում են, թե՝ վրացական տանկը կանգնած էր, չորս կողմից օսական շենքեր են, ուզում էինք մեջտեղը խփել, մի շենքին կպանք: Բաց եթե հիշում եք, բոլոր ավերածությունները գցեցին Վրաստանի վրա»,- ասաց նա` հավելելով, որ փաստորեն մինչ օրս պարզ չէ` ով էր մեղավոր: Ըստ նրա` պարզապես Ռուսաստանն իր պայքարում շատ արդյունավետ օգտագործեց ինֆորմացիոն պատերազմի գործոնը: «Ռուսաստանի համար շատ կարեւոր էր, որ առաջին երեք օրվա ընթացքում աշխարհն իրենց օգներ: Խաբեցին նույնիսկ Ֆրանսիային ու Գերմանիային»,- հավաստիացրեց վերլուծաբանը: Ո՞րն է լինելու Հայաստանի դերն այս ամենի շրջանում: Ս. Գրիգորյանի խոսքերով` մեկ երկրի վրա հենվելը սխալ է: Մենք պետք է լինենք թե՛ ռուսամետ, թե՛ արեւմտամետ: «Այս երկուսից ով էլ մեզ գերիշխող լինի` վատ է: Դրա համար ձեռնտու է մեզ, որ երկուսն էլ լինեն: Մենք ստրատեգիական խնդիրներ ունենք: Ռուսաստանը կարող է ասել, որ ճանաչենք Հարավային Օսիայի ու Աբխազիայի անկախությունը, բայց դա հայերի շահից չի բխում: Շահերից բխող տարբերակ կլինի, օրինակ, ճանաչել միաժամանակ Աբխազիայի, Հարավային Օսիայի եւ Կոսովոյի անկախությունը: Պետք է իշխանության ներսում լուրջ քննարկումներ տեղի ունենան այս հարցով: Մյուս կողմից էլ` Հայաստանը միակողմանի չպիտի ճանաչի Ղարաբաղի անկախությունը: Մենք կարող ենք այն ճանաչել միայն միաժամանակ նույն այդ պետությունների հետ: Դեմ չեմ, որ ճանաչենք Հարավային Օսիայի ու Աբխազիայի անկախությունը, եթե միաժամանակ Ռուսաստանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը»,- հայտարարեց Ստեփան Գրիգորյանը: