Կանգնենք Ռուսաստանի կողքի՞ն

29/08/2008 Նատաշա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հայաստանի երիտասարդական կուսակցությունը (ՀԵԿ) երեկ հանդես է եկել հայտարարությամբ, համաձայն որի` կուսակցությունը կոչ է անում ՀՀ իշխանություններին՝ կոշտացնել Հայաստանի դիրքորոշումը Վրաստանի նկատմամբ եւ ավելի մեծ օժանդակություն ցուցաբերել Ռուսաստանին` Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում:

Հայաստանի երիտասարդական կուսակցության նախագահ Վահան Բաբայանը երեկ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ այն, ինչ տեղի ունեցավ Հարավային Օսեթիայում, ԱՄՆ-ի եւ արեւմտյան քաղաքակրթության ամենաբացահայտ ագրեսիայի փորձն էր Կովկասյան տարածաշրջանի ապակայունացման ուղղությամբ: «Հայաստանի երիտասարդական կուսակցությունը բազմիցս հայտարարել էր, որ արեւմտյան գերտերությունները փորձելու են ապակայունացնել Հարավային Կովկասը, ինչպես երկրների ներքաղաքական կյանքում, այնպես էլ տարածաշրջանի երկրների փոխհարաբերություներում»,- ասել է նա: Վ. Բաբայանի կարծիքով` Վրաստանի ղեկավարության կողմից ձեռնարկվող քայլերն Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի նկատմամբ չի կարելի արդարացնել: «Կարծում եմ` Հայաստանը, լինելով Վրաստանի հարեւան ու անգամ` բարեկամ երկիր, պետք է արձագանքեր տեղի ունեցածին»,- ասել է նա` հավելելով, որ ՀՀ իշխանությունների կողմից հնչեցվող արձագանքն արդեն ոչ թե դիվանագիտական պետք է լինի, այլ ավելի կոշտ: Վ. Բաբայանի համոզմամբ` Հայաստանը պետք է կանգնի Ռուսաստանի կողքին եւ պատրաստ լինի տարբեր գործողությունների` վրացական ապօրինի իշխանություններին կասեցնելու համար: Նրա գնահատմամբ` Սահակաշվիլին «Կովկասի քաղցկեղն է», եւ եթե այն ժամանակին չվերանա, ապա ամբողջ կովկասյան տարածաշրջանում դա կարող է կործանարար հետեւանքներ ունենալ: ՀԵԿ նախագահը գտնում է, որ այն պետությունը, որն անիմաստ պատերազմներ է մղում մեկ այլ պետության դեմ` իր քաղաքական ամբիցիաները բավարարելու համար, ի վերջո, հողային կորուստներ ու կործանարար հետեւանքներ է ունենում: Դրանից բացի, Վ. Բաբայանի խոսքով` այն իրադարձությունները, որ Վրաստանը ծավալեց Հարավային Օսիայում, կարող է սպառնալ նաեւ ջավախահայերին: Այնպես որ, նրա կարծիքով` Հայաստանը չպետք է ջայլամի քաղաքականություն վարի:

Վ. Բաբայանը հավաստիացրել է, որ ՀԵԿ-ն առաջարկելու է ՀՀ Ազգային ժողովին՝ անհապաղ օրակարգ մտցնել Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի անկախության ճանաչման հարցը` ելնելով Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցի աշխարհաքաղաքական տրամաբանությունից: Նա նաեւ անդրադարձել է ՀՀ ներքաղաքական խնդիրներին` նշելով, որ աշնանը ոչ միայն Հայաստանում, այլեւ ողջ տարածաշրջանում կլինի քաղաքական ակտիվություն: «Ընդդիմությունը պետք է հնարավորինս կոնստրուկտիվ կերպով իրեն դրսեւորի եւ վրաց-օսական այս հակամարտության ներքո Հայաստանի նկատմամբ առաջացած որոշ խնդիրների լուծման համար համագործակցի իշխանությունների հետ` ի շահ մեր երկրի եւ ժողովրդի»,- ասել է Վ. Բաբայանը: