Վերնագիրը տնտեսական ճգնաժամի տարիների հանրահայտ անեկդոտից է: Հուսով եմ` վերապատմելու կարիք չկա: Պարզապես ուզում եմ հիշեցնել, որ 90-ականների տնտեսական ճգնաժամը հենց բենզինից սկսվեց: Այսինքն` դրա պակասից: Ճիշտ ու ճիշտ՝ ինչպես հիմա: Աշխարհաքաղաքական իմաստով ոչինչ չի փոխվել: Հայաստանը շարունակում է զարգանալ (թե՞ գոյատեւել) նույն շրջափակման պայմաններում: Սակայն նախորդ ճգնաժամի պայմաններում մեր երկիրը հաղթական պատերազմ էր մղում: Իսկ հիմա ժամանակի մի մասը կորցնում է բենզինի հերթերում ու մտածում հնարավոր, ավելի ծանր հետեւանքների մասին: Չորս հարեւան պետություն ունեցող երկիրը անկախության 18 տարիների ընթացքում տնտեսական ալտերնատիվ ճանապարհ չգտավ: Վրաստանում էլ պարբերաբար անհանգիստ վիճակ է: Ինչպես մեր պապերը 100 տարի առաջ, մենք էլ հիմա կարող ենք ասել. «Թե Թիֆլիս ֆայտոն շուռ գա, տուժողը մենք ենք լինելու»: Այս կայունությունը մեր արտաքին քաղաքականության տրամաբանական հետեւանքն է: Թուրքական սահմանի բացումը, որի տնտեսական անհրաժեշտության մասին խոսում են շատերը, մոտակա ժամանակների խնդիր չէ: Ազգայնական քաղաքական ուժերը, Թուրքիայի հետ տնտեսական թաքուն կապեր ունեցող գործարարները կարող են շարունակել հպարտանալ: Հպարտանալ ու փող աշխատել: Այն պատճառով, որ շրջափակված երկրում բիզնեսը կայունացրել են ու փոփոխություններ չեն ուզում: Մի քանի տարի առաջ հա՛մ տնտեսագիտական, հա՛մ էլ լուրջ գրասենյակի համարում ունեցող մի կառույց էլ հայտարարեց, որ իրենց վերլուծություններով Թուրքիայի հետ սահմանի բացումը տնտեսական չնչին հետեւանքներ կունենա: Հետո իշխանությունները՝ կամ թյուրիմացության մեջ, կամ ինչ-ինչ քաղաքական հաշվարկներից ելնելով՝ առանց անունը տալու, մեջբերեցին Շառլ դը Գոլին: Մեջբերեցին՝ «Ֆրանսիա» բառը «Հայաստանով» փոխելով. «Շրջափակման պայմաններում Հայաստանը կարող է 100 տարի էլ զարգանալ»: Վերջին ամիսներին կարելի էր կարծել, թե ինչ-որ բան փոխվել է: Թուրքիայի հետ տնտեսական հարաբերությունների կարեւորությունը Հայաստանի նոր իշխանությունները կարծես կարեւորում են: Բայց այն երկրի արտաքին քաղաքականության մակարդակի չի հասցվում: ՀՀ երրորդ նախագահը փոքրիկ մի քայլ արեց: Ու անմիջապես հայտնվեց երկրորդ նախագահի հայտարարությունը, թե ինքը Թուրքիայի նախագահին Հայաստան չէր հրավիրի: Մինչդեռ խոսքն ընդամենը ֆուտբոլի հավաքականների խաղը միասին դիտելու մասին էր: Վրացական երկաթուղու փակ լինելն առայժմ ծանր հետեւանքների չի հասցրել: Բոլորն էլ գիտեն, որ երկրում առայժմ հացի ու վառելիքի որոշակի պաշար կա: Գիտեն, որ բենզինի շուկայում առկա դժվարությունները նաեւ այն պատճառով են, որ հայտնի չէ, թե երբ կվերագործարկվի վրացական երկաթգիծը: Երկրում առկա պահուստները միանգամից մսխելը խոհեմ քայլ չէր լինի: Բայց կամաց-կամաց հասարակությանն ակնհայտ է դառնում, որ վառելիք ներկրող մոնոպոլիստներն ամեն ինչ անում են իրենց վնասները նվազագույնի հասցնելու եւ ավելին` ստեղծված իրավիճակից օգտվելու համար: Վաճառքի ծավալների կրճատմանը զուգահեռ՝ նրանք բարձրացնում են բենզինի գինը: Ճգնաժամի պայմաններում ձեւավորված օպերատիվ շտաբի տարածած տեղեկատվությունը հետաքրքիր վերլուծությունների նյութ է: Հայտարարվում է, որ ներմուծվում է ավելի շատ բենզին, քան միջին օրական սպառումն է: Հնարավոր է, որ դա այդպես է: Հիմա, երեւի, պաշտոնապես ներմուծվում է միջին օրական սպառման պաշտոնական ցուցանիշներից ավելի շատ բենզին: Այդ դեպքում առկա ճգնաժամն ապացուցում է, որ ոլորտը խիստ ստվերային է եւ իրական սպառման ցուցանիշներին իշխանությունները կամ չեն տիրապետում, կամ ձեւացնում են, թե չեն տիրապետում: Հայաստանի սոցիալ-տնտեսական կյանքը կախված է մեկ ճանապարհից: Օպերատիվ միջոցներով 20 օրվա ընթացքում հնարավոր չեղավ անհրաժեշտ արդյունավետությամբ շահագործել իրանական ճանապարհը: Եթե խոսքը գնար լայն սպառման ու տնտեսությանն անհրաժեշտ ապրանքների ու հումքի մասին, հասկանալի կլիներ: Իրանն աշխարհի հետ տնտեսական թույլ կապեր ունեցող երկիր է: Իրանական շատ ապրանքներ որակի պատճառով Հայաստանում սպառում չունեն: Բայց բենզինը հաստատ կսպառվեր, եթե կարողանային անհրաժեշտ քանակությամբ ներմուծել: Ուրեմն` կարելի է անել տխուր մի հետեւություն: Մենք մեր արտաքին քաղաքականության գերին դարձած երկրի տնտեսական կյանքը կապել ենք մեկ ճանապարհի հետ: Կապել-կապկպել ենք՝ որպես գորդյան հանգույց, ու ի վիճակի չենք քանդել: