Երեքշաբթի օրը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ստորագրեց Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի անկախությունը ճանաչելու մասին հրամանագիրը։ Հակառակ լրագրողների կանխատեսումներին՝ նա չձգձգեց պատասխանը եւ ընդունեց «օս եւ աբխազ ժողովուրդների ազատ արտահայտած կամքը»։
Մինչ ռուսական հեռուստաալիքները կադրեր են ցուցադրում, թե ինչպես են այս հանրապետությունների բնակիչները տոնում այդ փաստը եւ շնորհակալություն հայտնում ռուս խաղաղապահներին՝ համբուրելով անգամ նրանց մեքենաները, արեւմտյան ԶԼՄ-ները սուր քննադատության են ենթարկում Ռուսաստանին։ Սակայն, արեւմտյան մամուլի պնդմամբ, Ռուսաստանին դա ամենեւին չի խանգարում՝ անել այն, ինչ ուզում է իր «ետնաբակում»։ Այժմ բոլոր հաղթաթղթերը Մոսկվայի ձեռքում են, սակայն մեկնաբանների կարծիքով, այդ որոշումն առաջիկայում կարող է սրել Ռուսաստանի հարաբերություններն իր հարեւանների հետ եւ արթնացնել անջատողական տրամադրությունները Հյուսիսային Կովկասում։
Բրիտանական ազդեցիկ «The Financial Times» թերթում հրապարակված հոդվածում Դ. Մեդվեդեւը բացատրում է, որ ստիպված էր ճանաչել Վրաստանից անջատված հանրապետությունների անկախությունը։ Այդ դժվարին քայլին Ռուսաստանը գնացել է դրա հնարավոր հետեւանքները բազմակողմանի ուսումնասիրելուց հետո միայն։ Նախագահը հիշեցրել է, որ անկախանալուց անմիջապես հետո Վրաստանը դաժան պատերազմ սանձազերծեց այն ժողովուրդների դեմ, որոնք փոքրամասնություն էին կազմում նրա տարածքում։ Մեդվեդեւի խոսքերով, դրանք վառոդով լցված տակառներ էին՝ հենց Ռուսաստանի սահմանի մոտ, եւ ռուս խաղաղապահները փորձում էին կանխել դրանց պայթյունը։
Մեդվեդեւը հավաստիացնում է, որ Ռուսաստանը համառորեն փորձում էր համոզել Վրաստանին՝ օսերի եւ աբխազների հետ համաձայնություն կնքել՝ ուժ չկիրառելու մասին, սակայն Սահակաշվիլին չհամաձայնեց։ Իսկ թե ինչու չհամաձայնեց, պարզ դարձավ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը։ «Միայն խենթը կարող էր այդպես վա-բանկ գնալ։ Մի՞թե նա մտածում էր, որ Ռուսաստանը մի կողմ կկանգնի, երբ վրացական «խաղաղապահ» ուժերը կրակում էին իրենց ռուս գործընկերների վրա»,- հարցնում է ՌԴ նախագահը՝ ավելացնելով, որ Ռուսաստանին այլ բան չէր մնում, քան ետ մղել հարձակումը՝ մարդկային կյանքերը փրկելու համար։ «Այս պատերազմը մեր ընտրությունը չէր։ Մենք հավակնություններ չունենք Վրաստանի տարածքի նկատմամբ»,- ասել է Մեդվեդեւը։ Թերթի կարծիքով, Ռուսաստանը խաղաղություն հաստատեց, սակայն դեռ չի կարողացել փարատել Հարավային Օսիայի եւ Աբխազիայի ժողովուրդների մտավախությունները, քանի որ Սահակաշվիլին՝ ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի անդամ մի քանի երկրների աջակցությամբ, շարունակում է հայտարարել, թե կվերազինվի եւ կփորձի վերականգնել իրավունքները՝ «վրացական տարածքի» նկատմամբ։
Ամերիկյան «The New York Times»-ը հրապարակել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի նամակը։ Ըստ Սահակաշվիլիի, Ռուսաստանի որոշումը ցույց տվեց, որ Վրաստան ներխուժումը՝ ավելի լայն, Եվրոպայի քարտեզը վերաձեւելու նախապես մշակված ծրագրի մի բաղադրիչն էր։ Նա պնդում է, որ Ռուսաստանը ցանկանում է մասնատել իր երկիրը եւ իր գործողություններով ձգտում է արդարացնել ուժի կիրառումը, ուղղակի ռազմական ագրեսիան եւ էթնիկ զտումները՝ նպատակ ունենալով բռնի կերպով փոխել Վրաստանի սահմանները։ «Ռուսաստանի որոշումը անմիջական եւ լուրջ մարտահրավեր է միջազգային կարգին։ Այդ մարտահրավերը նետված է ոչ միայն Վրաստանին, այլ ողջ աշխարհին»,- ասում է Սահակաշվիլին։ Վերջինիս կարծիքով, այսօր ողջ աշխարհի համար ակնհայտ է, որ Ռուսաստանը գործում է ինչպես ագրեսոր։ «Իմ կառավարության եւ ժողովրդի անունից ես դատապարտում եմ այդ անմիտ քայլը եւ ցանկանում եմ հստակ հայտարարել, որ Ռուսաստանի գործողությունները ոչ մի օրինական ուժ չունեն,- գրում է Սահակաշվիլին,- Այսօր մեզ բոլորիս մարտահրավեր է նետված։ Այսօր իմ փոքրիկ երկրում որոշվում է Եվրոպայի եւ ամբողջ ազատ աշխարհի ճակատագիրը։ Սակայն մենք բոլորս կարող ենք եւ պետք է համախմբվենք՝ այդ մարտահրավերին դիմակայելու համար»։
Իսկ Ջորջ Բուշն իր ռուս գործընկերոջ որոշումն անվանել է «անպատասխանատու»։ Իտալական «La Repubblica»-ն է մեջբերել նրա խոսքերը. «Մենք հուսով ենք, որ Ռուսաստանը հավատարիմ կմնա իր ստանձնած պարտավորություններին եւ կվերանայի իր որոշումը»։ Սուր քննադատություն է հնչել նաեւ Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի կողմից։ Ֆրանսիայի կառավարությունը ԵՄ անունից «խիստ դատապարտել է» Կրեմլի, իրենց իսկ ձեւակերպմամբ, «կարեկցանքի արժանի» որոշումը, իսկ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այն անվանել է «բացարձակապես անընդունելի»։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի խոսքերով, Հարավային Օսիային եւ Աբխազիային վերաբերող Ռուսաստանի հայտարարությունները կարող են հանգեցնել «շատ մեծ բարդությունների» ոչ միայն Կովկասում, այլեւ՝ Անվտանգության խորհրդում։
Իսկ բրիտանական «The Guardian»-ը խոստովանում է, որ Ռուսաստան-Արեւմուտք հարաբերությունները հասել են ամենակրիտիկական սահմանին՝ ներկայիս սերնդի հիշողության մեջ։ Ռազմավարական մեծ նշանակություն ունեցող մերձսեւծովյան տարածաշրջանի քարտեզը վերաձեւելու՝ Կրեմլի միակողմանի որոշումը զարմացրել եւ տագնապ է հարուցել Արեւմուտքում՝ բարձրացնելով խաղադրույքները Կովկասում։ Սակայն Դմիտրի Մեդվեդեւը հայտարարեց, որ եթե իր որոշումը նշանակում է նոր սառը պատերազմ, ապա թող այդպես էլ լինի։ Թերթի կարծիքով, Մոսկվան փորձ է անում սադրել Եվրոպային եւ ԱՄՆ-ին՝ պատասխանել իր որոշմանը՝ այն հաշվարկով, որ ի հայտ եկած տարաձայնությունները կթուլացնեն եւ կվնասեն նրանց։ Մոսկվան համոզված է, որ Արեւմուտքի արձագանքը կսահմանափակվի սուր հայտարարություններով եւ ինչ-որ չափով տանելի դիվանագիտական սանկցիաներով։ Այլ կերպ ասած, խոսքը՝ շատ, գործը՝ քիչ։ «Չեմ կարծում, որ մենք պետք է վախենանք մեկուսացումից»,- ասել է ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Նրա խոսքերով, Ռուսաստանի որոշումը «միանգամայն անխուսափելի էր, հակառակ դեպքում կտուժեր մեր ազգային հպարտությունը»։
«The Financial Times»-ի խմբագրականի մեջ ասվում է, որ Ռուսաստանի նախագահը ճանաչեց Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը՝ հաշվի չառնելով ՄԱԿ-ի բանաձեւերը եւ Վաշինգտոնի ու Եվրամիության խնդրանքները։ Այդպիսով Կրեմլը ցանկանում է ապացուցել, որ սրտի ուզածը կարող է անել իր ետնաբակում՝ առանց վախենալու Վրաստանի արեւմտյան դաշնակիցների բլեֆից։
Կարճաժամկետ հեռանկարում բոլոր հաղթաթղթերը, թվում է, Ռուսաստանի ձեռքում են։ ՆԱՏՕ-ի գործընկերները մտադիր չեն զինվորներ ուղարկել Թբիլիսիին օգնության։ Բացի այդ, նրանց պետք է ռուսների աջակցությունը Իրանի եւ Հարավային Կորեայի հետ կապված հարցերում, նրանք ցանկանում են ստանալ ռուսական նավթ եւ գազ եւ մուտք ունենալ օր օրի աճող ռուսական շուկա։ Եվ ոչ ոք չի ցանկանում վերադառնալ սառը պատերազմի ժամանակվա հակամարտությանը։
Տեղի ունեցածի ամենահավանական պատճառը, թերեւս, վիրավորված ռուսական ինքնասիրությունն էր եւ խաղի միջազգային անունները սրբագրելու ցանկությունը։ Սակայն, ըստ «The Financial Times»-ի, վիրավորված ինքնասիրությունը վատ ուսուցիչ է, իսկ խաղի կանոնները Մոսկվային դժվար թե հաջողվի միայնակ փոխել։ Երկարաժամկետ հեռանկարում Ռուսաստանի սկսած այս խաղն ավելի վտանգավոր է։ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի օրինակը կարող է ոգեշնչել Հարավային Կովկասի անհանգիստ հանրապետություններին՝ Ինգուշեթիային եւ Դաղստանին եւ Չեչնիային, եւ նրանք էլ փորձեն ինքնուրույն որոշել իրենց ճակատագիրը։
Իսկ «The Guardian»-ի խմբագրականը նշում է, որ անգամ անկախության ճանաչումից հետո աբխազներն ու օսերը չեն կարող հանգիստ քնել։ Որոշումը նաեւ չի դադարեցնի էթնիկ զտումներն այս հանրապետությունների մեջ մտնող վրացական գյուղերում։ Տարածքային ամբողջականության սկզբունքի մերժումը զգալի հետեւանքներ կունենա ոչ միայն Վրաստանի, այլեւ ողջ տարածաշրջանի համար։ Դա վտանգում է Ռուսաստանի հարեւան պետություններից յուրաքանչյուրի սուվերենիտետը, որոնցից շատերը նմանատիպ անջատողական անկլավներ ունեն, ինչպես նաեւ թուլացնում է հենց իր՝ Ռուսաստանի սեփական սահմանները։
Թերթի կարծիքով, ամենավատն այն է, որ Ռուսաստանն իր այս քայլով հեշտացրեց Վրաստանի մուտքը Արեւմտյան ռազմական դաշինք։ Սա շատ գայթակղիչ մրցանակ է, որին իր ողջ էությամբ ձգտում էր Ցխինվալիի վրա հարձակվելու հրաման արձակած Սահակաշվիլին։ Դա այնպիսի մրցանակ է, կարող է մտածել Սահակաշվիլին, որ հանուն դրա կարելի էր կորցնել սեփական երկրի երկու շրջանները։ Թերթը նաեւ կոչ է անում, որ երկու կողմերը պետք է տեսնեն՝ որոնք են իրենց ռազմավարական շահերը, եւ քայլեր ձեռնարկեն հակամարտության լուծման ուղղությամբ, քանի դեռ իրավիճակը դուրս չի եկել վերահսկողությունից։
Ըստ inopressa-ի նյութերի