«Սովամահ ենք լինում, էլ ապրելու հնար չկա»,- ասում է 72-ամյա ծերունին

29/08/2008 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Ռազին Գեւորգյանը եկել է խմբագրություն ու վիրավորանքը խեղդելով, լաց լինելով՝ խնդրում է ձեռք մեկնել իր ընտանիքին. «Սովամահ ենք լինում: Նպաստից զրկեցին, էլ ապրելու հնար չկա»,- ասում է նա, որ բարկությունից այլեւս չի ցանկանում ճանաչել հայրենիք, պետականություն, իշխանություն… Ռազին պապը վստահեցնում է, որ շուտով նամակ է ուղարկելու Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին, աղաղակելու է այն մասին, որ ՀՀ իշխանությունները ցեղասպանություն են կատարում սեփական ժողովրդի դեմ. «Թուրքիայի նախագահին ասելու եմ` Դուք Հայաստանի նախագահին հարցրեք, որ Թուրքիայից պահանջում եք ճանաչել ցեղասպանությունը` բա դուք ինչո՞ւ չեք ճանաչում հայ ժողովրդի դեմ կատարած ցեղասպանությունը: Դուք, որ ձեր երկրի մեծահասակներին սովամահ եք անում՝ դա ցեղասպանություն չի՞: Սրանք, որ գոռում են, թե գենոցիդ, եղեռնագործություն է եղել, դա եղել է 100 տարի առաջ, ես չեմ տեսել` լսել եմ: Բայց էն գենոցիդը, որ սրանք են արել 1990թ. մինչեւ էսօր` ականատես եմ: Գյուլին խորհուրդ եմ տալու, որ սրանց ասի` դուք ձեր գենոցիդը ճանաչեք, հետո նոր ինձնից պահանջեք»: Ռազին պապն ու նրա կինը` Գենյան, հաշմանդամ թոշակառուներ են, ովքեր ունեն 2-րդ կարգի հաշմանդամ, հոգեկան հիվանդ զավակ: Նրանց որդին` Կարենը, ստանում է ընդամենը 8000 դրամ թոշակ, տիկին Գենյան` 6800, իսկ Ռազին պապը` 12.000: Այս մեծահասակ ամուսինների խնամքին է մնացել նաեւ Կարենի 13-ամյա դուստրը` Սուսաննան, ուստի ամսական 26.800 դրամ ընդհանուր գումարով այս մարդիկ չեն կարողանում գոյատեւել եւ սովամահ են լինում: Նախկինում տրված 12.000 դրամ ընտանեկան նպաստից զրկվել են ու այդ գումարի բացակայության պայմաններում այս ընտանիքն ուղիղ ճանապարհով նետվում է անդունդը: Ժամանակին կարգին ապրած այս մարդը պահարանից դուրս է բերում «Հայխնայբանկում» ի պահ տված գումարների վկայագրերը: Վերջերս Մալաթիա համայնքի սոցիալական ծառայության ներկայացուցիչները Ռազին պապի ընտանիքին գրանցել են սոցիալապես անապահով ընտանիքների շարքում, հետո տեղեկացրել են, որ 2006թ. գումարների մի մասն արդեն կարող են ստանալ, սակայն չեն տալիս. «Չկա, չեն տալիս: Խաբեբաներ են, որովհետեւ մի դեպքում հեռուստացույցով հայտարարում են, թե տալիս են, իսկ մյուս դեպքում` երկու տարի է գնում-գալիս, հերթ ենք կանգնում, բայց չեն տալիս: Իմ քրտինքով աշխատած գումարներն եմ ուզում, որ թալանեցին իրենք: Ախր պետությունն ինչքա՞ն կարող է խաբել սեփական քաղաքացիներին, ինչքա՞ն… Հույս էլ չունեմ, որ մինչեւ մահ ու գերեզման էդ փոշիացրած փողերը կվերադարձնեն»,- ասում է նա: 1988-1989թթ. բնակարանը, բանկում պահ տված գումարները, ունեցվածքը կորցնելուց ու չքավորության մեջ հայտնվելուց հետո Ռազին պապը կաթված է ստացել եւ 12 տարի անկողնային հիվանդ է եղել: Տիկին Գենյան տառապում է շաքարային դիաբետով եւ հաճախ ստիպված է լինում կոմայի մեջ մնալ այնքան, մինչեւ ամուսինն այստեղից-այնտեղից պարտքով գումար կհայթայթի ու համապատասխան դեղորայքը կհասցնի: Ասում է, որ գումարները վերադարձնելու պետության տված հույսը նորից կոտրելը, հիասթափեցնելն առնվազն «դահիճների արարք է»: Ռազին պապն աչքերը լցնելով պատմում է, որ թոռնուհին` Սուսաննան, սեպտեմբերի 1-ին դպրոց չի գնա միայն նրա համար, որ կոշիկ, հագուստ չունի: Ասում է` «Տետր անգամ չունի, 475 դրամ է մեկ տետրը, ի՞նչ անեմ, աղջիկս: Ախր 72 տարեկան, տարիքս առած մարդ եմ, նույնիսկ պահակի աշխատանք չեն տալիս»:

Սուսաննան ամաչկոտ ու նուրբ դիմագծերով աղջիկ է: Չի ցանկանում լուսանկարվել, համադասարանցիները կտեսնեն, կծաղրեն: Գերազանց գնահատականներով սովորող այս աղջիկն այս տարի ստիպված կլինի թողնել դպրոցը: Ռազին պապն ասում է, որ թոռնուհին շատ է բարդույթավորվում ճոխ հագնված համադասարանցիների միջավայրում: Սուսաննային հարցնում եմ` «Ի՞նչ մասնագիտություն ես ընտրելու»: Երկար լռելուց հետո պատասխանում է` «Չգիտեմ, դեռ ժամանակ կա, կմտածեմ: Համ էլ…»: Միտքն անավարտ թողնելով՝ փախչում է՝ հավանաբար ցանկանալով ասել, որ համ էլ ինքն այլեւս չի կարող ուսումը շարունակել:

Օրեր առաջ Ռազին պապն ընտանեկան նպաստը վերականգնելու խնդրանքով եղել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Համբարձումյանի մոտ: Ասում է` «Նախարարը շատ լավ երիտասարդ է, շատ բարեհամբույր ընդունեց ինձ, լսեց, բայց ասաց` ոչինչ չեմ կարող անել, քանի որ դա կառավարության որոշում է»: Ընտանեկան նպաստից զրկելու պատճառը հետեւյալ կերպ է եղել: Ռազին պապի մեծ թոռնուհին ինչ-ինչ ներընտանեկան խնդիրների պատճառով ժամանակավոր գրանցվել է նրանց հասցեում: Այնուհետեւ հինգ ամիս աշխատել է տաքսի ծառայությունում, եւ ընտանիքում աշխատողի առկայությունը պատճառ է եղել, որպեսզի այս մարդկանց նպաստից զրկեն: «Ոնց որ նորմա են դրել, էլի: 100 գրամ հաց պիտի ուտեմ, իսկ եթե 105 գրամ եմ ուտում, ուրեմն` պիտի զրկվեմ էն 100 գրամից: Երեխեն հինգ ամիս աշխատեց, որ կարողանա քրոջը կոշիկ-մոշիկ, գիրք առնի դպրոց գնալու համար: Հիմա ինքը գրանցումից դուրս է եկել, մեր հետ չի: Ամուսնու մոտ է գնացել: Սոցապ նախարարն ասում է` 6 ամիս պիտի նպաստ չստանաք, կառավարության որոշում է: Ախր էդ 6 ամիսը ո՞նց անհաց, անլույս ապրենք: Նախարարին հարց եմ տալիս, ասում եմ` մարդը 6800 դրամով կարա՞ ապրի, հնարավոր չի: Ամիսը 500 ռուբլի պիտի տա՞մ լույսին, 400 ռուբլի պիտի տա՞մ ջրին, 400 պիտի տա՞մ գազին: Եթե 2000 ռուբլին գնաց կոմունալ ծախսերին` մարդը կարո՞ղ է 4000 ռուբլով մեկ ամիս ապրել: Էլ ի՞նչ ասեմ, ծայրագույն վիճակում ենք»: Ժամանակին պետական այրերի հետ նստած-վեր կացած Ռազին պապն իր ընտանիքի ներկայիս աղքատության հետ չի կարողանում համակերպվել. «Եթե գործի ես, հարստություն ունես` բոլորը քեզ բարեկամ ու ընկեր են, իսկ, եթե ձեռքիդ չկա` ոչ բարեկամ, ոչ էլ ընկեր ունես: Մեն-մենակ ես էս աշխարհում»: Ռազին պապի 2-րդ կարգի հաշմանդամ որդու` Կարենի կյանքը վերջերս հազիվ են փրկել: Չի դիմանում սոցիալական դժվարություններին ու պարբերաբար ինքնասպանության փորձեր է անում, ուզում է կյանքին վերջ տալ: Ասում է` օրեր առաջ բենզինով տարան լցրել է տնով մեկ, որ ինքն իրեն հրդեհի: Ամիսներ առաջ էլ բարձրացել է շենքի տանիք, որ ցած նետվի, բայց բարեբախտաբար ժամանակին վրա են հասել: Կարենի կինը 2000թ. հայտնվել է անհայտ կորածների ցուցակում: Ռազին պապին հարցնում եմ` «Այսինքն` ինչպե՞ս թե անհայտ կորած»: Պատասխանում է` «Դե՛, տղաս հոգեկան հիվանդ է, չէր դիմանում էդ ծանր ապրումներին, տանից գնաց ու էլ չվերադարձավ: Մենք չգիտենք, թե հիմա ո՞ւր է, ի՞նչ է անում, իսկ երեխային մենք ենք խնամում: Շատ լավ, անգին աղջիկ է: Եթե հիմա հարսս էլ էստեղ լիներ` ես ինձ կկախեի, չէի կարող նայել, թե հարսս ո՞նց է էդ զրկանքների մեջ ապրում: Մենք օրերով հաց չենք ունենում, սոված ենք քնում»:

Ռազին պապն ու տիկին Գենյան բարեկիրթ մարդիկ են, չեն համակերպվում անարդարությունների ու ծայրահեղ աղքատության հետ: Որքան էլ ապրում են չքավորության մեջ, այդուհանդերձ, նրանց շուրջը կոկիկ ու հարմարավետ է, եւ այս ամենը վկայում է այն մասին, որ այս ամուսինները ժամանակին լավ դիրք ու կենսակերպ են ունեցել: Ռազին պապը զայրույթով ասում է` «Մարդկային կերպարանքով գազաններ են: Ամոթ է, վայրի գազանի պես հարձակվեցին, թալանեցին: Երեկ մտա նախարարի մոտ: Էնպես էի տրամադրված, որ պիտի մտնեմ անպատվեմ, կռիվ անեմ, բայց որ չտեսա` սիրուն, ջահել, ազնիվ, բարեհամբույր երիտասարդ է, ինձ էնքան լավ ընդունեց, լսեց, ու միանգամից փուշս թողեց: Ասեցի` տղա՛ս, եթե մեր երկրի պաշտոնյաները բոլորը քեզ նման լինեին` մեր երկիրը երկիր կլիներ»: