Քաղաքագետ Լեւոն Մելիք-Շանհազարյանը երեկ «Ազատություն» ռ/կ-ին ասել է, թե Հայաստանը պետք է ճանաչի Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը: «Մենք` հայերս, հաճախ մեղադրում ենք ուրիշ երկրներին երկակի ստանդարտներ կիրառելու համար Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ: Ճիշտ կլինի, որ հիմա Հայաստանն այդ երկակի ստանդարտը չդրսեւորի Օսիայի եւ Աբխազիայի վերաբերյալ: Այդ ժողովուրդներն իսկապես իրավունք ունեն ինքնորոշվելու, իրավունք ունեն անկախ ապրելու: Դա նրանց բնական իրավունքն է: Եվ եթե մենք չենք ուզում, որ Արցախի վերաբերյալ շարունակվի այդ երկակի ստանդարտների դրսեւորումն ուրիշ պետությունների կողմից, մենք պետք է բարոյական իրավունք ունենանք դա պահանջելու: Ես համոզված ասում եմ, որ Հայաստանը պետք է ճանաչի եւ՛ Հարավային Օսիան, եւ՛ Աբխազիան»,- ասել է նա: Նրա կարծիքով, լավ կլիներ, որ Հայաստանը «նույն առաջարկն աներ Ռուսաստանին` ճանաչել Արցախի անկախությունը»: «Բայց այսօր Հայաստանը պարտավոր է եւ դրված է այդ անհրաժեշտության առջեւ` միջպետական պայմանագիր կնքել Արցախի հետ, եւ նույն կոչով դիմել աշխարհին` ճանաչել ԼՂՀ անկախ սուվերենությունը: Եվ շատ կարճ ժամանակում նաեւ ճանաչի ինքը` Հայաստանը, Արցախի անկախությունը: Եվ Արցախը ճանաչելու առաջարկով դիմել նաեւ Ռուսաստանին եւ այն երկրներին, որոնք, համոզված եմ, մոտ ժամանակներս ճանաչելու են Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը»,- ասել է նա: