Գորի. ռուս դաշնակիցները հաղթանակում են, իսկ քաղաքն այրվում է

29/08/2008

IWPR-ի լրագրողը, որին թույլատրվել էր մուտք գործել Գորի ռուսական տանկով, ականատես է եղել նրան, թե ինչպես են հաղթանակող ռուսամետ զինյալները մոլեգնում այրվող քաղաքում:

«Վրացիները պետք է հասկանան, որ մենք չենք վախենում Բուշից, որ մեզ սպառնում է իր ծովային հետեւակազորով եւ դեսանտով»,- ասում է իրեն հրամանատար, տանկի կապիտան եւ Ռուսաստանի խաղաղապահ զորքերի անդամ կոչող ռուս զինվորը: Նրա տանկը կանգնած է վրացական Գորի քաղաքից դուրս: Օգոստոսի 12-ին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարեց, որ ավարտված է, այսպես կոչված, խաղաղության պարտադրման առաքելությունը: Սակայն ռուսական զորքերը, Հյուսիսային Կովկասի անկանոն զինված միավորումների աջակցությամբ, շարունակում են գրոհել Վրաստանի տարածքը: Օգոստոսի 15-ին հաղորդվում էր, որ ռուսական զորքը շարունակում է մնալ սեւծովյան Փոթի նավահանգստում, արեւմտյան Սենակի եւ կենտրոնական Գորի քաղաքներում: Նախորդ օրն ինձ հաջողվեց մուտք գործել Գորի, եւ ես սարսափելի տեսարաններ տեսա. հաղթանակող ռուսամետ զինյալները մոլեգնում էին ակնհայտորեն բնակիչների կողմից լքված քաղաքում: Ես բոլորովին պատահաբար մտա քաղաք: Ռուսական տանկի հրամանատարը, որի հետ ես խոսեցի, բարեհաճ գտնվեց իմ նկատմամբ, քանի որ երկուսս էլ սերում էինք նույն քաղաքից` Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվից: Կեսօրին ես փորձեցի անցնել դեպի Գորի տանող ճանապարհի վրացական վերջին ուղեկալից այն կողմ: Ռուս զինվորները կանգնեցրեցին ինձ եւ տարան իրենց հրամանատարի մոտ: Հրամանատարը ստուգեց իմ փաստաթղթերը եւ իմանալով, որ ես Բաքվից եմ, ասաց, որ նույնպես այնտեղ է ծնվել: Նա վերադարձրեց ինձ իմ փաստաթղթերը եւ ֆոտոխցիկը եւ ասաց զինվորներին. «Նրան ձեռք չտաք, նա իմ հայրենակիցն է»: Սպան հարցրեց ինձ Բաքվի մասին, այնտեղի կյանքի, քաղաքում տեղի ունեցած փոփոխությունների մասին: Հետո նա իր տանկով ուղեկցեց ինձ դեպի Գորի եւ զգուշացրեց, որ չհեռանամ իրենից: Քաղաքն այրվում էր, անընդհատ կրակոցներ էին լսվում: Այնտեղ բազմաթիվ ռուս զինվորներ կային, էլ ավելի մեծ թիվ էին կազմում անկանոն զորամիավորումների զինյալները` սպիտակ թեւկապերով: Ինձ ասացին, որ զինվորներին այստեղ են բերել Չեչնիայից: Կային նաեւ տարբեր կովկասյան ազգությունների զինյալներ: Ես ոչ մի քաղաքացիական անձ չտեսա: Շուրջբոլորը ծուխ էր, վառոդի հոտ էր գալիս: Բոլորը հաղթանակ էին տոնում, շնորհավորում միմյանց եւ բարձրաձայն հարցնում իրար, թե երբ պետք է առաջ շարժվեն: Իմ բջջային հեռախոսը զանգեց: Զանգահարում էր իմ խմբագիրը Բաքվից: Անընդհատ տեղացող կրակոցների եւ տանկերի աղմուկի պատճառով ոչինչ չէր լսվում, եւ ես 20-25 մետր հեռացա տանկում գտնվող իմ պաշտպաններից, որպեսզի խոսեմ: Ես պատսպարվեցի թփերում եւ սկսեցի խոսել իմ խմբագրի հետ: Այդ պահին սպիտակ թեւկապերով ինչ-որ մարդիկ խլեցին իմ հեռախոսը: Նրանք ինձ գետնին տապալեցին, ինձ վրա ուղղեցին իրենց զենքերը եւ բղավեցին. «Ո՞վ ես դու, ո՞ւմ կողմից ես»: Ինձ փրկեց Բաքվի իմ պաշտպանը, որն այստեղ հասավ եւ ասաց նրանց, որ ես «մերոնքական» եմ: Եթե նա մի քանի վայրկյան անց հայտնվեր, գուցե արդեն ուշ լիներ: Դրանից հետո ինձ ազատ արձակեցին, ինձ վրա հարձակվողներն ավելի բարեկամական վերաբերմունք դրսեւորեցին, վերադարձրեցին իմ հեռախոսը ու նույնիսկ խնդրեցին այն` տուն զանգահարելու համար: Նրանք շնորհակալություն հայտնեցին ինձ` «Պեպսի» հյուրասիրեցին, ծխախոտ եւ կրակայրիչ տվեցին: Նրանցից մեկը բարձրահասակ, թիկնեղ, 30-անց մի հյուսիսկովկասցի էր` երկու ձեռքերին սպիտակ թեւկապերով: Նա սափրված չէր, խոսում էր ուժեղ առոգանությամբ: Նա ասաց ինձ. «Վրացիներն ասում են, թե մենք Գորիում կանանց ենք բռնաբարում, բայց այստեղ կին չկա: Եթե լինեին, մենք հաճույքով դա կանեինք»:

Հետո բաքվեցի իմ նոր ընկերն ինձ դուրս բերեց քաղաքից իր տանկով` դեպի Թբիլիսի տանող ճանապարհ: Ես նախորդ օրն էլ էի քաղաք մտնելու փորձեր ձեռնարկում: Այնտեղից կրակոցների ձայներ էին լսվում, եւ քաղաք մտնելը դժվար էր: Այդ օրը կեսգիշերին Վրաստանի Անվտանգության խորհուրդը հայտնեց, որ Գորի տանող ճանապարհը բաց է: Հաջորդ օրն առավոտյան ես որոշեցի կրկին փորձել: Դեպի քաղաք տանող ճանապարհը փակ էր, եւ վրաց զինվորները լրագրողներին խորհուրդ էին տալիս շատ չհեռանալ: Բայց մենք որոշեցինք փորձել եւ սեփական աչքերով տեսնել, թե ինչ է կատարվում: Գորին գտնվում է Վրաստանի կենտրոնում` Թբիլիսիից ընդամենը 70 կմ հեռու: Մայրաքաղաքից դեպի հյուսիս տանող ճանապարհին մենք տեսանք վրաց ոստիկաններին եւ զինվորներին, նրանք զինված էին միայն ավտոմատներով, ծանր ռազմական տեխնիկա չկար: Ես 12 վրացական պահակակետ հաշվեցի: Վրացական վերջին պահակակետը Գորիից 3 կմ հեռավորության վրա է գտնվում: Օգոստոսի 14-ի առավոտյան ճանապարհը կարճ ժամանակով բացվեց, եւ լրագրողներին եւ ԵԱՀԿ ու UNHCR միջազգային ներկայացուցիչներին թույլ տվեցին մուտք գործել: Քաղաքի մուտքի մոտ տեղակայված էին ռուսական տանկերը, զրահապատ մեքենաները եւ հրետանին: Մոտակայքում գտնվում էին այրված վրացական զրահապատ մեքենաները եւ տանկերը: Հանկարծ քաղաքի կողմից կրակոցներ լսվեցին, եւ բոլորը սկսեցին տագնապահար փախչել: Մի քանի րոպե անց լրագրողները նորից խմբավորվեցին` հավաքվելով քաղաքի մուտքից 10-15 մ հեռու: Քաղաքից ոչ մի ձայն չէր լսվում: Լրագրողները սկսեցին խոսել ռուս զինվորների հետ: Այնուհետեւ Գորի քաղաքից դուրս եկան «Նիվա» մակնիշի երեք ավտոմեքենաներ` լի սպիտակ թեւկապերով զինված մարդկանցով: Նրանք դուրս եկան ավտոմեքենաներից եւ վազեցին լրագրողների ուղղությամբ` մի քանի անգամ կրակելով օդ եւ նույնիսկ լրագրողների կողմը: Լրագրողները նորից սկսեցին վազել: Զինյալները գողացան լրագրողների մեքենաներից երեքը: Վրաստանի հանրային հեռուստաընկերության թղթակից Թամար Ուրուշաձեն, որ լուրեր էր հաղորդում ուղիղ եթերում, թեթեւ վիրավորվեց ձեռքից: UNHCR-ի ավտոմեքենաներում գտնվող մարդիկ նույնպես վազեցին եւ թաքնվեցին մոտակա անտառում: Այս ամենը տեղի ունեցավ ռուս զինվորների աչքերի առաջ, ովքեր ներկայացան իբր խաղաղապահներ: Մի քանի րոպե անց, հիշելով իրենց խաղաղապահ դերը, ռուս զինվորները վերջապես միջամտեցին եւ չթողեցին, որպեսզի սպիտակ թեւկապերով զինյալները գողանան ՄԱԿ-ի ավտոմեքենաները: Մոտավորապես մեկ ժամ անց «Իմեդի» հեռուստաընկերությանը պատկանող «Նիվա» մակնիշի ավտոմեքենան ամբողջովին թալանված էր: Այնուհետեւ երկու ժամ ամեն ինչ խաղաղ էր:

Մոտավորապես ժամը 16:00-ին ռուսական զրահապատ մեքենաների մի խումբ հանկարծ դուրս եկավ Գորիից, շարժվելով Թբիլիսիի ուղղությամբ, անարգել անցավ վրացական անցակետերի կողքով: Այնուհետեւ, անցնելով անցակետերից մի քանիսը, մեքենաները հանկարծ շրջվեցին եւ նորից շարժվեցին Գորիի ուղղությամբ: Հետագայում ռուս զինվորները հայտնեցին IWPR-ի թղթակցին, որ այս ելույթը հատուկ էր ծրագրված` վրացական կողմին հարձակման դրդելու նպատակով: Անցակետից 150 մ հեռավորության վրա ռուսական զրահապատ մեքենաներից մեկը փչացավ: Լրագրողները մոտեցան եւ սկսեցին հարցեր տալ: Ռուս զինվորները հայհոյանքներ տեղացին նրանց վրա: Վրացի կին լրագրողներից մի քանիսը հակադարձեցին՝ ասելով. «Ի՞նչ եք անում Վրաստանի տարածքում, ի՞նչ է ձեզ այստեղ հարկավոր: Հեռացե՛ք, հանգիստ թողեք մեզ»: Դրանից հետո ռուս զինվորները զենք ուղղեցին նրանց վրա, հայհոյեցին եւ բղավեցին. «Եթե չհեռանաք եւ ձայններդ չկտրեք, մենք կրակ կբացենք»: Մոտավորապես ժամը 17:00-ին ռուսական անցակետին մոտեցան վրացական ոստիկանական հինգ մեքենաներ եւ բանակցություններ սկսեցին մինչեւ Գորի հումանիտար միջանցք բացելու վերաբերյալ: Լրագրողները լսում էին խոսակցությունը: «Մենք չենք կարող երաշխավորել ձեր անվտանգությունը»,- ասաց զինվորներից մեկը: Ռուսներն ասացին, թե չեն վերահսկում քաղաքը, այնտեղ են գտնվում զինյալներ Աբխազիայից եւ Օսիայից: Ռուս սպաներից մեկն ասաց, որ աբխազները եւ օսերը վրեժ են լուծում վրացիներից: «Նրանք նույն բանն են անում, ինչ դուք` Ցխինվալում, եւ մենք չենք կարող կանգնեցնել նրանց»,- ասաց նա:

Այն, ինչ ես տեսա Գորիում, հաստատում էր դա:

Իդրակ ԱԲԱՍՈՎ, Գորի

Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերական, 14.08.2008թ.