«Ա1+»-ի փոխանցմամբ` Հայաստանում խոզի մսի դեֆիցիտ է: Հայ սպառողն այսօր ուտում է ցանկացած երկրից ներկրված, սառեցված խոզի միս, բացի տեղականից: Անշուշտ, տեղականն էլ կա, բայց շատ քիչ է: «Այդքան գումար ենք ծախսում, մինչդեռ նորմալ միս հազվադեպ է հանդիպում: Խոզի միսը դարձել է ամենատոնական կերակրատեսակներից մեկը, քանի որ դժվար է գտնել նորմալ միս, գտածն էլ բավականին թանկ է»,- «Ա1+»-ին դժգոհել է 45-ամյա Սեդա Գալստյանը: 36-ամյա Նատաշա Քալաշյանն էլ նկատել է, որ ոչ միայն անհամ է դարձել խոզի միսը, այլ նաեւ տավարի միսը: Երեկ «Ա1+»-ը հարցում է իրականացրել Խորենացու փողոցում, այսպես կոչված` ԳՈՒՄ-ի հարեւանությամբ առեւտուր անող մսավաճառների շրջանակում: Մսի շուկայում կարելի է գտնել տարբեր գնի մսեր: Վաճառողները հավաստել են, որ տավարի կամ ոչխարի մսի հետ կապված որեւէ խնդիր չկա, գների բարձրացում եւս չի արձանագրվել, իսկ ինչ վերաբերում է խոզին, ապա Հայաստանն այդ առումով խնդիր ունի: «Խոզը վերանում է Հայաստանում»,- վստահեցրել է մսավաճառ Արթուրը: Նա տեղեկացրել է, որ աֆրիկյան ժանտախտի վերաբերյալ խոսակցություններից հետո գյուղացիներն ամեն հնարավոր միջոց օգտագործել են խոզերն իրացնելու համար, մեծամասամբ մորթել են: «10-ից ավելի գլուխ խոզ պահող գյուղացին այսօր տանը մի խոզ էլ չունի: Մնացել են անասնապահությամբ զբաղվող մի քանի գֆերմաներ, որ պահում են, այն էլ չեն բավարարում շուկայի պահանջներին: Դրա համար գներն օդ են թռած»,- «Ա1+»-ին ասել է մսավաճառ Հակոբը: Իսկ մեկ այլ մսավաճառ՝ Սեյրանը, անկեղծացել է, թե մեծամասամբ շուկայում դրսից բերված սառեցված մսերն են. «Ես անձամբ վաճառում էի իմ սեփական բուծած խոզի միսը, սակայն հիմա չկա: Դրա համար վաճառում ենք Ռուսաստանից, Բրազիլիայից ներկրված խոզերի սառեցված մսերը: Մեկ օր թողնում ենք՝ հալչում է, հետո վաճառում ենք: Դրանք անվտանգ են, քանի որ հատուկ մեխանիզմներով են սառեցված, եւ որեւէ վիրուս դրանց մեջ չի ներթափանցվում»: Ի դեպ, նշենք, որ տեղական խոզի 1 կգ միսը վաճառվում է 3000-ից մինչեւ 4000 դրամ, իսկ ներկրվածը` 2000 դրամից սկսած: