Նախագահին՝ թագավորի լիազորություններ

01/06/2005 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

ՀՀ Սահմանադրության ընդունումից ի վեր քաղաքական որոշ ուժեր ու առանձին
գործիչներ շարունակ նշում են, թե այն նախագահին օժտում է
գերլիազորություններով եւ գրվել է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի
«հագով»: 1998թ. նախագահական քարոզարշավի ժամանակ նախագահի թեկնածուներից
ոմանք խոստանում էին ընտրվելու դեպքում սահմանադրական բարեփոխումներ
իրականացնել եւ պակասեցնել Սահմանադրությամբ նախագահին տրված
լիազորությունները: Այսօր այդ ուժերի ու գործիչների զգալի մասն
իշխանության, մասնավորապես՝ իշխող կոալիցիայի մաս են կազմում եւ ունեն
սահմանադրական բարեփոխումների ընթացքի վրա ազդելու բավարար լծակներ:
Սակայն սահմանադրական բարեփոխումների` կոալիցիայի ներկայացրած
տարբերակում, որը մոտ 2 շաբաթ առաջ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց որպես
բարեփոխումների հիմք, երկրի նախագահը ստանում է 1 տասնյակից ավելի նոր
լիազորություններ: Այսպես, ի տարբերություն գործող Սահմանադրության,
համաձայն որի՝ Հանրապետության նախագահը վարչապետի առաջարկությամբ
նշանակում եւ ազատում է գլխավոր դատախազին, կոալիցիայի ներկայացրած
տարբերակով նախագահին տրվում է միանձնյա գլխավոր դատախազին նշանակելու եւ
ազատելու իրավունք (հոդված 55, կետ 9): Առաջարկվող տարբերակով նախագահը
«Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է, համակարգում է պետական
մարմինների գործունեությունը պաշտպանության բնագավառում, նշանակում է
Զինված ուժերի եւ այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը» (հոդված
55, կետ 12): Առաջարկվող փաթեթում բաց է մնում այն հարցը, թե Զինված
ուժերից բացի, այդ ի՞նչ «այլ զորքերի» մասին է խոսքը, որի բարձրագույն
հրամանատարական կազմին նշանակելու իրավունք է տրվում նախագահին:
Փոփոխությունների այս փաթեթով երկրի նախագահը ստանում է իր
լիազորությունների ժամկետն անորոշ ժամանակով երկարաձգելու
հնարավորություն` նրան տրվելիք հետեւյալ բացառիկ իրավունքի շնորհիվ.
համաձայն առաջարկվող փոփոխության` նախագահն արտակարգ դրություն
հայտարարելու իրավունք ունի (հոդված 55, կետ 14), ընդ որում, արտակարգ
դրության ժամանակ նախագահի ընտրություն չի անցկացվում (հոդված 60.1):
Առաջարկվում է նախագահին տալ նաեւ պատերազմի ժամանակ Զինված ուժերի
գլխավոր հրամանատարին նշանակելու եւ ազատելու իրավունք(հոդված 55, կետ
13): Կոալիցիան առաջարկում է նախագահին տալ ԱԺ-ն վերջինիս գործունեության
առաջին տարում ցրելու լրացուցիչ լիազորություն (հոդված 55, կետ 3 եւ
հոդված 74.1): Նախագահն ուղղակի պարտավոր է լուծարել ԱԺ-ն, եթե վերջինս 2
ամսվա ընթացքում 2 անգամ անընդմեջ վստահության քվե չի տալիս իր առաջարկած
վարչապետի կազմած կառավարությանը (հոդված 74.1, 1-ին մաս): Կոալիցիայի (եւ
ոչ միայն) մեջ գտնվող որոշ կուսակցություններ բազմիցս նշել են, որ ԱԺ
պատգամավորներին պետք է զրկել անձեռնմխելիությունից: Այդ
կուսակցություններից մեկը 2003-ին նույնիսկ համապատասխան նախընտրական
խոստում տվեց, սակայն սահմանադրական բարեփոխումների` կոալիցիայի առաջարկած
նախախագծում ոչ միայն պահպանվում է ԱԺ պատգամավորի անձեռնմխելիության
իրավունքը, այլեւ անձեռնմխելի է հայտարարվում նաեւ երկրի նախագահը (հոդված
56.1), ընդ որում, եթե ինչպես՝ գործող Սահմանադրությամբ, այնպես էլ՝
կոալիցիայի առաջարկած փաթեթով, ԱԺ պատգամավորն ինչ-ինչ պայմանների դեպքում
կարող է զրկվել անձեռնմխելիությունից, ապա նախագահին իր այս նոր
իրավունքից զրկելու որեւէ մեխանիզմ կոալիցիան չի առաջարկում: Նախագահին մի
բացառիկ իրավունք էլ է առաջարկվում տալ: Այսպես, եթե անհնար է ԱԺ նիստ
գումարել, ապա Հանրապետության նախագահը իրավունք է ստանում պատերազմ
հայտարարել (հոդված 80.1, կետ 3): Կոալիցիան առաջարկում է երկրի նախագահին
տալ նաեւ Վերահսկիչ պալատի նախագահի թեկնածու առաջարկելու իրավունք
(հոդված 83, կետ 1): Առաջարկվող փաթեթի 60-րդ հոդվածի 2-րդ մասը նախագահին
հնարավորություն է տալիս իր ուզած ժամանակ, իր ուզած ժամանակով ԱԺ
նախագահի վրա դնել նախագահի պարտականությունները, քանի որ, «Եթե Հայաստանի
Հանրապետության նախագահը ժամանակավորապես չի կարող կատարել իր
պարտականությունները, ապա այդ մասին պաշտոնապես տեղեկացնում է Ազգային
ժողովի նախագահին, որն այդ ժամանակահատվածում իր վրա է վերցնում
հանրապետության նախագահի պարտականությունների կատարումը` բացառությամբ
Սահմանադրության 55-րդ հոդվածի 2-6-րդ եւ 8-12-րդ կետերով նախատեսված
դեպքերի», ընդ որում, նշված կետերի մեջ չի մտնում միջազգային պայմանագրեր
կնքելու իրավունքը (վերջինս 55-րդ հոդվածի 7-րդ կետն է), այսինքն` այդ
ընթացքում նախագահի պարտականությունները կատարող ԱԺ նախագահը կարող է
կնքել միջազգային պայմանագրեր: Սրանով նախագահը ստանում է երկրի համար
կնճռոտ հարցերի (օրինակ` Լեռնային Ղարաբաղի հարցի) հետ կապված ոչ այնքան
հաճելի պայմանագրեր ստորագրելու պատասխանատվությունից խուսափելու
հնարավորություն` այն բարդելով ԱԺ նախագահի վրա: Եվ, վերջապես, կոալիցիան
առաջարկում է երկրի նախագահին տալ կառավարության որոշումները մեկ ամսով
կասեցնելու եւս մեկ լրացուցիչ լիազորություն(հոդված 86, 4-րդ մաս):
Առաջարկված նախագծով էապես բարդանում է երկրի նախագահին պաշտոնանկ անելու
գործընթացը: Եթե գործող Սահմանադրությամբ ԱԺ-ն, անկախ հարցի վերաբերյալ
Սահմանադրական դատարանի եզրակացությունից, ցանկացած պահի կարող է
պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդով պաշտոնանկ անել
երկրի նախագահին (հոդված 57, 2-րդ եւ 3-րդ մասեր), ապա փոփոխությունների
հիմք ընդունված նախագիծն առաջարկում է հանրապետության նախագահին պաշտոնանկ
անելու հարցը հանել ԱԺ օրակարգից, եթե Սահմանադրական դատարանի
եզրակացությամբ հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու հիմքերը
բացակայում են (հոդված 57, 4-րդ մաս): Առաջարկվող փոփոխություններով
բավականին խճճված ու տեւական գործընթաց է դառնում նաեւ երկրի նախագահի
հրաժարականի ընդունումը: Համաձայն այդ նախագծի 58-րդ հոդվածի, նախագահն իր
հրաժարականը ներկայացնում է ԱԺ, եւ այն համարվում է ընդունված միայն այն
դեպքում, եթե 10-օրյա ժամկետը լրանալուց անմիջապես հետո նախագահը կրկին
հրաժարական է ներկայացնում ԱԺ-ին: Հանուն ճշմարտության պետք է նշել, որ
նախագահին առաջարկվում է զրկել գործող Սահմանադրությամբ նրան տրված
Արդարադատության խորհուրդը գլխավորելու լիազորությունից, փոխարենը՝
նախագահին առաջարկվում է տալ Արդարադատության խորհրդի 13 հոգանոց կազմից
խորհրդի նախագահ նշանակելու իրավունք, ընդ որում, այդ 13-ից 2-ին
նշանակելու իրավունքը վերապահված է ՀՀ նախագահին (հոդված 94.1, 2-րդ եւ
3-րդ մասեր): Մի խոսքով, եթե գործող Սահմանադրությունը երկրի նախագահին
օժտում է գերլիազորություններով, ապա սահմանադրական փոփոխությունների`
կոալիցիայի առաջարկած տարբերակը երկրի նախագահին տալիս է գրեթե թագավորի
կարգավիճակ: