Պատմության հայկական «չափադրումը»

29/08/2008 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ

Մշակութաբան, կինոքննադատ Կիրիլ Ռազլոգովը մեծ հեղինակություն է կինոյում: Նա երկար տարիներ եղել է Մոսկվայի կինոփառատոնի ծրագրերի տնօրենը, մշակույթի մասին դասախոսություններ է կարդացել աշխարհի տարբեր երկրներում, մի շարք գրքերի հեղինակ է: Իսկ «Կուլտուրա» հեռուստաալիքում վարում է իր հեղինակային՝ «Կինոյի կուլտը» հաղորդաշարը: Մշակութաբանության ինստիտուտի տնօրեն Կիրիլ Ռազլոգովը հաճախ է այցելում Հայաստան: Բացի «Ոսկե ծիրան» կինոփառատոնից, նրան հետաքրքրում է Հայաստանը, քանի որ նա հայկական արմատներ ունի: Նրա թվացյալ բարեհամբույր ժպիտի ետեւում շատ խիստ քննադատական մոտեցում կա։ Մեր զրույցի ընթացքում մենք փորձեցինք ուրվագծել ապագա վերացական մի հայկական ֆիլմի թեման, որը, ըստ Կ.Ռազլոգովի, պետք է հետաքրքիր լինի աշխարհին։

– Կինոն միշտ եղել է հզոր գաղափարախոսական զենք, որի օգնությամբ տարբեր ազգեր իրենց գաղափարներն են հասցրել աշխարհին։ Որպես նոր գաղափարների ու նոր հերոսների ստեղծող, արդյոք այսօր կինոն մոդայիկ տենդենցներ ունի՞։ Եվ որո՞նք են դրանք։ Կարծես հիմա հանդիսատեսն աշխարհը փրկել ցանկացող կինոհերոսներից հոգնել է։

– Մասսայական, մեծ թվով հանդիսատես ունենալու հակված կինոյում հերոսները շարունակում են փրկել աշխարհը։ Մասսայական զգացմունքներ, որոշ չափով նաեւ՝ նմանվելու ցանկություն առաջացնող հերոսները, ինչպես եւ տարիներ առաջ, ջանք չեն խնայում գլոբալ առումով փրկել մեր մոլորակը, Երկրագնդի վրայի կյանքը։ Ռուսական կինոն էլ ունի այդպիսի հերոսներ, դրանք Կոնստանտին Խաբենսկու ու Գոշա Կուցենկոյի հերոսներն են, որոնք ֆիլմից ֆիլմ են անցնում ու շատ մեծ հանդիսատես են ապահովում։ Իսկ ինչ վերաբերում է «խոստովանական», հեղինակային կինոյին, ապա այստեղ, ինչպես եւ պիտի լինի՝ իշխում է բազմազանությունը։ Կան հերոսներ, որոնք մարտնչում են լոկալ գաղափարների համար, ի հակակշիռ՝ գլոբալ խնդիրների։ Երբ խոսում ենք կինոյում մոդայի մասին, ապա կարող ենք նշել մարտարվեստների տարրերով լեցուն ֆիլմերը։ Հիմա ընդհանրապես մոդայիկ են արեւելյան մարտարվեստներն ու փիլիսոփայությունը, որոնք առավելություն են ստանում արեւմտյան կենսաձեւի նկատմամբ։ Անզեն արեւելյան փիլիսոփայությունն արեւմտյան զենքից ավելի գերադասելի է դառնում։ Իսկ ինտելեկտուալ կինոն շարունակում է օգտագործել վարանող հերոսների, որոնք տառապում են, բայց փորձում են ամեն կերպ իրենց մարդկային պատիվը պահել։ Հիմա որպես կանոն՝ այդպիսի հերոսները կանայք են լինում։ Վերջերս, օրինակ, շատացել են այն կինոհերոսուհիները, որոնք համաձայն չեն իրենց ստորադաս վիճակի հետ ու ներքուստ պատրաստ են պայքարելու։ Մոսկվայի վերջին կինոփառատոնում հաղթեց հենց այդ թեմայով իրանական ֆիլմը։

– Իրանական կինոն հիմա վերելք է ապրում, լավ ֆիլմերով առատ է նաեւ ռուսական կինոն։ Իսկ ի՞նչ պայմաններ են պետք լավ կինո ունենալու համար։

– Բանը նրանում է, որ որակյալ կինո, նաեւ՝ ընդհանրապես լավ արվեստի գործ ստեղծելու համար, օպտիմալ ռեժիմների գոյություն է հարկավոր։ Արվեստ ստեղծողը որոշակի (իհարկե, ոչ բացարձակ) ճնշում պիտի զգա դրսից։ Եվ ցանկություն ունենա դիմադրել այդ ճնշմանը, քանի որ միայն այդպես արվեստագետը կարող է ինքն իրեն հաստատել։ Խորհրդային տարիներին դա բյուրոկրատիայի, սոցիալիստական ռեալիզմի, այլ գաղափարախոսական դոգմաների ճնշումն էր, որն ի հայտ բերեց Եզոպոսյան՝ այլաբանական լեզուն եւ բարդ ենթատեքստային կառույցները։ Իսկ հետո վրա հասավ շուկայի ճնշումը։ Հիմա պետք է կարողանալ համոզել մարդկանց, որ քո ֆիլմի մեջ արժե գումար ներդնել, իսկ այդ գործը յուրահատուկ ուշադրություն ու վերաբերմունք է պահանջում։ Իհարկե, 1990-ականներին մեր կինոն բացարձակ ճգնաժամի մեջ էր գտնվում, եւ միայն հատուկենտ տառապանքից ծնված ու հեղինակային տեսակետներ կրող ֆիլմեր էին ստեղծվում։ Ճշմարիտ է, որ արվեստի մարդուն լիակատար ազատությունը վնասում է։ Ե՛վ ազատ, եւ՛ անօդ տարածքում արարելը դժվար է։ Արվեստագետը պիտի միշտ ծովի ալիքների մեջ լողա, այսինքն՝ գտնի շրջապատող մթնոլորտի հետ շփման ու փոխկապակցման իր ֆորման։

– Իսկ ի՞նչ կարող եք ասել հայկական կինոյի մասին։ Ինչի՞ վրա պիտի հենվի ժամանակակից հայկական կինոն։

– Մի մոռացեք, որ խորհրդային տարիներին էլ հայկական կինոն առաջնային դիրքերում չի եղել։ Իհարկե, եղել են Ֆրունզե Դովլաթյանը, Հենրիկ Մալյանը։ Եղել է Ռոման Բալայանը, որը ոչ թե հայկական, այլ՝ ընդհանուր սովետական երեւույթ էր։ Ձեր կինոյի հիմնական պրոբլեմը նրանում է, որ շատ քիչ ֆիլմեր են նկարահանվում։ Եթե նայենք «Ոսկե ծիրանի» «Հայկական համայնապատկեր» ծրագիրը, կտեսնենք, որ հայկական ֆիլմերի 80 %-ը Հայաստանի սահմաններից դուրս է նկարահանվել։ Ձեզ պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնել համատեղ նախագծերի վրա եւ կինոարտադրության մեջ ներգրավել հայկական սփյուռքը։ Որպես կանոն՝ Հայաստանում թաքնված պրոբլեմները իրենց ավելի անկեղծ դրսեւորումները ստանում են այն ժամանակ, երբ հայը Հայաստանից դուրս է հայտնվում։ Իսկ տարբեր տեսանկյունների գումարը շատ շահեկան կինոյի տարբերակ է ստեղծում։ Պետք է հիշել, որ մեծ նշանակություն ունի հայկական ազգային ինքնագիտակցումը, որը հավասար կերպով աշխատում է բոլոր հայ ռեժիսորների մոտ։ Այն նկատվում է եւ՛ Ատոմ Էգոյանի, եւ՛ Հայաստանում աշխատող ռեժիսորների մոտ։ Սակայն դժվարությունը նրանում է, որ շատ ժամանակ եւ ուժ է խլում ֆինանսավորում հայթայթելու պրոցեսը, եւ բուն ստեղծագործական աշխատանքի համար ժամանակ չի մնում։ Ես դա լավ գիտեմ, քանի որ ինքս գրեթե նույն վիճակում եմ, տարբեր փաստաթղթեր լրացնելու համար այնքան ջանք եմ գործադրում, որ չեմ հասցնում զբաղվել գիտությամբ։ Բոլորս էլ գիտենք, որ խնդիրները սովորաբար ավելանալու ու ամենաանպատեհ պահին ծագելու հատկություն ունեն։
– Որտե՞ղ կարելի է փնտրել այն «կայծը», որը կարող է զարգացնել հայ կինոն։

– Կարծում եմ՝ հայ ազգը շատ հետաքրքիր փորձ ունի, դա հայ ժողովրդի՝ Սփյուռքում ստիպված գոյատեւելու փորձն է, որը նաեւ միաժամանակ ստիպում է աշխարհի տարբեր երկրներում հայտնված հայերին՝ պահպանել սեփական ազգային խարակտերն ու ավանդույթները։ Դա ձեր առավելությունն է, որը կինեմատոգրաֆում կարող է ընդգծվել։ Կինոդրամատուրգիայի լավ նյութ կարող է դառնալ ազգային բնավորության ուսումնասիրությունը, քանի որ հայերը միշտ փորձել են միաժամանակ պահպանել սեփականն ու սերտաճել այլ մշակույթների մեջ։ Լավ օրինակ կարող է հանդիսանալ հրեական կինոն, որը միշտ ընդգծում է հրեաների կրոնապաշտությունը, միշտ կենտրոնում պահում է ընտանիքը, ժառանգած ավանդույթները։ Ամեն ինչը պետք է դիտարկել անհատի ճակատագրի, կոնկրետ մարդու տեսանկյունից։ Մոնոլիտ սոցիալական միջավայր ունեցող, մոնոէթնիկ Հայաստանում դժվար է գտնել մի թեմա, որը հետաքրքիր կլինի աշխարհին։ Պրոբլեմատիկ թեմա ներկայացնելու համար պետք է օգտագործել սփյուռքում ապրելու փորձը։ Դա կարող է լինել հայկական կինոյի «կայծը»։

– Կարծում եք՝ Հայաստանը մոնոլի՞տ է։

– Գործնականորեն՝ այո, քանի որ հարեւանների հետ «սառը պատերազմի» պայմաններում եւ մշտական ճնշման տակ գտնվող երկրները ստիպված են մոնոլիտ դառնալ։ Հայաստանի նման երկրներում, ասենք, սերունդների միջեւ ծագող կոնֆլիկտները, որպես կանոն, ավելի թույլ են արտահայտված լինում եւ կինոյում իրենց տեղը չեն գտնում։ Եթե չլիներ ազգային միաբանության գաղափարը վառ պահելու անհրաժեշտությունը, կարելի էր, ասենք, կինոյում անդրադառնալ կանանց խնդիրներին։ Բայց կարծում եմ, որ հիմա դրա ժամանակը չէ։ Հայկական հասարակությունն ավելի շուտ արխաիկ է, այլ ոչ թե՝ ժամանակակից։ Հայաստանում հասարակական շերտերի, նաեւ՝ տարբեր սերունդների բախումը չի զգացվում, իսկ ժամանակակից հասարակություններում այդ բախումները առավել նկատելի են։ Դրա բացատրությունը, կարծում եմ, կարելի է փնտրել Հայաստանի բավական դժվար տնտեսական վիճակի եւ թշնամական շրջապատման մեջ գտնվելու փաստի մեջ։ Ներքին հասարակական կոնֆլիկտները չեն ծագում, քանի որ պարզապես դրա ժամանակը չկա, կարեւորը միախմբվելու ու ազգովի դիմադրելու հարցն է։

– Հաջող ֆիլմ նկարահանելու համար ինչպիսի՞ թեմա կարելի է ընտրել։

– Իհարկե, շահեկան է պատմական թեման, որը մի կողմից՝ կարող է սրել ձեր բախումը հարեւան երկրների հետ, բայց մյուս կողմից՝ կարող է ընդգծել հայի՝ անընդհատ մանեւրելու հատկությունը։ Փառատոներում հաջողություն կունենան հայերեն լեզվով նկարահանված ֆիլմերը, որտեղ պահպանված կլինի եւ՛ հայի բնավորության, եւ՛ լեզվի կոլորիտը։ Այսպես ասած՝ էկզոտիկ հայկական ֆիլմեր են պետք, որոնք պատահականորեն կարող են հաջողություն ունենալ, քանի որ, որքան տեսա, մասշտաբային, հսկայական բյուջե ունեցող ֆիլմեր դուք նկարահանել դեռ չեք պատրաստվում։ Բայց էկզոտիկ ֆիլմեր նկարահանելու համար էլ մեծ աշխատանք է հարկավոր կատարել, պետք է փնտրել… Կինոդրամատուրգիական հնարքներ կան, որոնք կարելի է օգտագործել։ Օրինակ, որպես հերոս՝ կարելի է ընտրել հայ երիտասարդի, որը ցանկություն ունի անդրադառնալ սովետական ժամանակահատվածին ու կարծես նորովի կվերապրի ոչ վաղ անցյալը։

– Իսկ սովետական տարիների միջոցով էլ կհասկանա ավելի վա՞ղ կատարված ողբերգությունների մասին։

– Այո։ «Ռետրո» ոճի ֆիլմերը դրանով են գրավիչ, որ թույլ են տալիս որքան կարելի է ետ գնալ, մի քանի «ռետրո» շերտեր ստեղծել։ Չեմ կարծում, որ հետաքրքիր կլինի տարեց մարդու հայացքը, լավ կլինի, որ հերոսը երիտասարդ լինի։ Ետ ուղղված հայացքը այդպիսով կարող է շատ հետաքրքիր ու պակաս ցավագին լինել, քանի որ, ի տարբերություն այլ հետխորհրդային պետությունների, որոնք ամեն վատ բան կապում են Մոսկվայի հետ, հայերը ավելի լոյալ վերաբերմունք ունեն Ռուսաստանի նկատմամբ։ Չափազանց շահեկան կարող է լինել սոցիալիստական հեղափոխության մեջ հայկական «հետք» փնտրելը, չէ՞ որ կոմունիստական շարժման լուրջ աջակցություն են ցուցաբերել սփյուռքահայերը։ Այսպիսով կարելի է մի քանի դարաշրջան ու տարբեր սերունդներ իրար կապել, որոնք տարբեր կերպ կընկալեն անցյալը։ Ես շատ պատմություններ իմ պապից՝ Գյուրզադյանից եմ լսել, ով եղել է Սովետական Հայաստանի հիմնադիրներից մեկը։ Եվ ընդհանրապես ամենահետաքրքիր կրիմինալ ու դեդեկտիվային պատմությունները տեղի են ունեցել հենց վաղ սոցիալիզմի օրերին։ Բայց այդ դրամատուրգիական նյութը շատ մանրակրկիտ նախնական աշխատանք է պահանջում։ Գուցե հենց աշխատանքի այդքան մեծ ծավալն էլ վախեցնում է ռեժիսորներին։ Բայց նման նյութը կարելի է որպես պատմական իրադարձությունների յուրահատուկ «հայկական չափադրում» ներկայացնել ու հայացքն ուղղել 19-րդ դարի վերջին ու 20-րդ դարի առաջին տարիների վրա։

– Ներառելով նաեւ Եղե՞ռնը։

– Կարելի է տարբեր կերպ մտածող, արձագանքող հայերի ցույց տալ, չէ՞ որ բացի Տեր-Գաբրիելյանից ու Գյուրզադյանից, այդ ժամանակ կային նաեւ Արամ Խաչատրյանն ու անդրդվելի Միկոյանը։ Ավելի լավ է՝ անսպասելի ռակուրսով նայել անցյալին, Եղեռնը, կարծում եմ, ավելի շուտ սպասվող, ոչ թե՝ անսպասելի ռակուրս է։ Վերջիվերջո, Եղեռնը փաստ է, այն կասկածի տակ առնել չի կարելի։ Էգոյանն, օրինակ, Եղեռնի մասին պատմելու համար ստիպված էր հեռանալ Եղեռնից, ինչպես ասում են՝ ֆիլմը ֆիլմի մեջ տեղադրեց, քանի որ Եղեռնը ֆիլմում ցույց տալ անհնար է։ Ու թեեւ «Արարատը» Էգոյանի ամենահաջող ֆիլմերի շարքում չէ, բայց նա ամեն դեպքում ասաց այն, ինչն ուզում էր ասել։ Ես ինքս կուզեի, որ հայկական ֆիլմն ավելի բազմազան հայացքների աղբյուր լիներ եւ բացատրեր, թե ինչու է հայկական «էլեմենտի» միահյուսումը սովետական պատմության հետ՝ հանգեցրել նրան, որ հիմա Ռուսաստանում բոլոր «կինոպրոկատով» զբաղվողները հայեր են։

– Իսկապես՝ ինչո՞ւ։

– Որովհետեւ ազգային նկարագրի գծերից մեկը միջնորդական գործունեությամբ զբաղվելն է։ Հայերը կինո քիչ են ստեղծում, բայց կարողանում են հասցնել ֆիլմերը դիտողին։ Եվ գուցե դրա բացատրությունը հենց դարեր առաջ կատարվածի մեջ կարելի է գտնել։