Հայաստանի, Թուրքիայի, Վրաստանի եւ ԱՄՆ-ի հասարակական մի շարք կազմակերպություններ հանդես են եկել կոչով` հաշվի առնելով վրաց-օսական հակամարտության հետեւանքով ստեղծված տրանսպորտային, հաղորդակցության ուղիների ճգնաժամը` թեկուզ 10-15 օրով բացել հայ-թուրքական սահմանը: Համատեղ կոչում նշված է, թե Վրաստանի պատերազմի արդյունքում Հարավային Կովկասի երկրները հայտնվել են նոր վտանգների ու մարտահրավերների հորձանուտում, որոնց պետք է հրատապորեն դիմակայել: Ճգնաժամի հետեւանքով, որը չլուծված հակամարտությունների պատճառով տանում է դեպի փակուղի, տարածաշրջանը զրկված է ապրանքափոխադրման կենսական երակներից մեկից: «Սա հանգամանք է, որ խիստ մտահոգում է մեզ: Ստեղծված իրավիճակն ու դրա հետեւանքները սպառնում են զրկել այս 3 երկրների մարդկանց իրենց հիմնարար իրավունքներից եւ ի դերեւ են հանում կայունության, անվտանգության եւ բարեկեցության նրանց հույսերը: Ճգնաժամային այս իրավիճակը պետք է ստիպի մեզ իրատեսորեն գնահատել իրավիճակը եւ նախաձեռնել համագործակցության նոր ժամանակաշրջանի ձեւավորման գործընթաց: Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Հայաստանի կառավարությունների համար եզակի հնարավորություն է ստեղծվել ապացուցելու, որ իրենք լավ հարեւաններ են, ովքեր պատրաստ են նպաստել տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը: Մենք խնդրում ենք նրանց համախմբվել եւ անհապաղ բացել տարածաշրջանի երկաթուղային հաղորդակցության ցանցը»,- ասված է կոչում: