Պայքար պաստառների դեմ

27/08/2008

Երեկ առավոտյան ժամը 10:40-ի սահմաններում մի քանի տասնյակ ոստիկաններ քաղաքացիական հագուստով անձանց ուղեկցությամբ հարձակվել են Հյուսիսային պողոտայում նստացույց անող մարդկանց վրա, հափշտակել են նրանց պաստառներն ու քաղբանտարկյալների լուսանկարները: Ոստիկաններն իրենց գործողության համար որեւէ հիմք չեն ներկայացրել: Ի պատասխան քաղաքացիների, ապա եւ՝ ԱԺ ընդդիմադիր պատգամավորների հարցերին` ի՞նչ իրավական ակտի հիման վրա է իրականացվել այդ հարձակումը, ոստիկաններն ասել են, որ որեւէ որոշում չի եղել, այլ ընդամենը եղել է դիմում-բողոք Հյուսիսային պողոտայի սեփականատերերից: Ոստիկանական այս «օպերացիայից» հետո նստացույցը Հյուսիսային պողոտայում շարունակվել է. դրա մասնակիցները փորձել են կրկին փակցնել պաստառներն ու քաղբանտարկյալների լուսանկարները, սակայն աչալուրջ ոստիկաններն անմիջապես «վնասազերծել» են դրանք: Իսկ երեկոյան ժամը 19:00-ի սահմաններում մի խումբ կարմիր բերետավորներ են հարձակվել նստացույցի մասնակիցների վրա, եւ դարձյալ պաստառները պոկելուց եւ մի քանի կանանց հրմշտելուց հետո հեռացել են: Դժվար է ասել, թե ինչ տրամաբանությամբ են առաջնորդվում իշխանությունները սեպտեմբերի 5-ի հանրահավաքից եւ սեպտեմբերի 11-ին ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում Հայաստանի հարցով քննարկումից առաջ: Միանշանակ է միայն այն, որ երեկվա «գործողությունը» նպաստելու է եւ սեպտեմբերի 5-ի հանրահավաքի` ավելի մարդաշատ լինելուն, եւ Հայաստանի նկատմամբ միջազգային հանրության` առանց այն էլ բացասական վերաբերմունքի ավելացմանը: