Հարձակում նստացույցի մասնակիցների վրա

27/08/2008 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Երեկ առավոտյան ժամը 10:40-ի սահմաններում ոստիկաններն անակնկալ կերպով ներխուժել են Հյուսիսային պողոտա եւ հափշտակել սյուներին, շենքերի ապակիներին փակցրած պաստառները, կալանավորվածների նկարները:

Ժամը մոտ 11:00-ին, երբ հասանք Հյուսիսային պողոտա, ոստիկաններն արդեն իրենց գործն ավարտած` հավաքվել էին Ազատության հրապարակի` Թումանյան փողոցին հարող հատվածում, ու հետեւում էին, թե ինչ է տեղի ունենում մի փողոց այն կողմ: Տեղի ունեցածը պարզելու համար Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների հետ զրուցում էր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը: «Գնդապետներ Կիրակոսյանն ու Չիբուխչյանն ասացին, որ իրենց հրամայված է եղել հեռացնել պլակատները: Ասեցին` կարող եք նստացույցը շարունակել, բայց պաստառները կեղտոտում են շրջակայքը»,- Ոստիկանության գնդապետների հետ զրուցելուց հետո ասաց Լ. Զուրաբյանը:

Գնդապետ Կիրակոսյանը չցանկացավ ոստիկանների արարքի մասին պարզաբանումներ տալ մեզ: «Ձեր ոչ մի հարցին չենք պատասխանում: Ինչ հարցեր ունեք, գնացեք 02 լրատվականին հարցրեք»,- հավանաբար Ոստիկանության լրատվության բաժինը նկատի ունենալով` ասաց գնդապետ Կիրակոսյանը:

Իսկ ի՞նչ էր տեղի ունեցել: «Ժամը 10:30-ի սահմաններում մի խումբ ոստիկաններ մտան պողոտա ու սկսեցին ինչ-որ գրառումներ անել: Հավանաբար պաստառներն ու նկարներն էին հաշվում, որ որոշեին, թե որքան մարդ ներգրավվեն իրենց ջարդի մեջ: Հետո նրանք գնացին, ու 100-ից ավելի ոստիկաններ միանգամից, առանց զգուշացնելու լցվեցին պողոտա: Մենք քիչ էինք` մոտ 30 հոգի: Հրելով ու բրթելով՝ նկարները պոկեցին ու միանգամից հեռացան»,- պատմում է այդ պահին Հյուսիսային պողոտայում հերթապահություն անող Սամվել Գեւորգյանը:

«թԸԼ-ի մեքենաները բերեցին, փակեցին ճանապարհները, որ տեսադաշտն Օպերայի կողմից չերեւա: Քաղաքացիական հագուստով 50-70 հոգի մարդ գցեցին դեմները, 30-40 հոգի էլ ոստիկան ետեւից` վազելով ներս մտան, ջարդելով, քաշելով թռան ստոլբեքի վրա ու պոկեցին նկարները: Ճմռեցին, ներքեւում գռուզավիկ էր կանգնած, տարան լցրին մեջն ու փախան»,- պատմում է նստացույցի մասնակից Հենրիկ Ավագյանը:

Նստացույցի մասնակիցները կարողացան մի քանի պաստառ փրկել ոստիկաններից ու սկսեցին նորից փակցնել շենքերի սյուներին: Ոստիկաններն Ազատության հրապարակից դա նկատեցին, վազելով եկան ու այդ պաստառներն էլ խլեցին: Այդ ժամանակ մարդկանց քանակը փոքր-ինչ ավելացել էր, պողոտա էին եկել իրավապաշտպաններ, նաեւ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Զարուհի Փոստանջյանն ու Արմեն Մարտիրոսյանը: Վերջիններս փորձում էին ոստիկաններից պարզել, թե ի՞նչ որոշման հիման վրա է կատարվել այդ հարձակումը: Ոստիկանները պատասխանեցին, թե որոշում չի եղել, եղել է դիմում-բողոք Հյուսիսային պողոտայի սեփականատերերից: Հավաքված մարդիկ նույնպես ոստիկաններին հարցնում էին, թե ի՞նչ իրավունքով են խլել իրենց պաստառները, ինչո՞ւ են խոչընդոտում խաղաղ ակցիա անցկացնելու իրենց իրավունքը: Ոստիկանները մարդկանց շատ կոպիտ էին պատասխանում: «Վիժվածք, հես ա բերանդ կփակեմ»,- այսպես ասաց մի ոստիկան նստացույցին մասնակցող ծերունուն: Իր կոպտությամբ ու գոռգոռոցներով այս անգամ էլ աչքի ընկավ ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ Վալերի Օսիպյանը: Եվ ընդհանրապես երեկ Հյուսիսային պողոտայից նկարների ու պաստառների առգրավմանը հետեւում էին նաեւ Ոստիկանության ծառայության պետի տեղակալ Գագիկ Մազմանյանը, ՊՊԾ գնդի հրամանատար Ռոբերտ Մելքոնյանը, Երեւանի փոխոստիկանապետ Աղասի Կիրակոսյանը եւ Կենտրոնի փոխոստիկանապետ Արայիկ Պետրոսյանը:

«Այս երկիրը բռնապետական երկիր է, ոչ մի ազատ միտք չի ընդունում, քաղաքացիական եւ քաղաքական ազատությունները ճնշում է: Զինվորական-ոստիկանական պետությունն է իր բոլոր ատրիբուտիկաներով: Զարմանում եմ, որ մարդիկ զարմանում են սրանց արարքների վրա: Ես էլ զարմանում եմ, թե ինչու մինչեւ հիմա չէին անում: Հրաման են ստացել պաստառները հավաքել` հավաքել են: Եթե ծեծելու հրաման ստանային, կծեծեին, եթե ձերբակալելու հրաման ստանային` բոլորին կձերբակալեին,- իրավիճակն այսպես բնութագրեց Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանն ու ավելացրեց,- Դրա համար էլ ես կարծում եմ, որ միջազգային կառույցների ճնշումները պետք է լինեն շատ ուժեղ եւ շատ շուտ, թե չէ այս իշխանությունները մեզ բոլորիս մի տեղ կհավաքեն: Պետք է ուժեղացնեն ճնշումները, որ իշխանությունները դեմոկրատական ուղի վերցնեն: Սառեցնեն այս իշխանական վերնախավի բոլոր հաշիվները բանկերում»:

Իսկ ոստիկանների երկու հարձակումներից հետո նստացույցի մասնակիցների մոտ մնացել էր «Պահանջում ենք նախագահի արտահերթ ընտրություններ» գրառումով պաստառը, ԱԺ պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանի ու Մյասնիկ Մալխասյանի նկարները: Նստացույցի մասնակիցներն ասում էին, թե կվերականգնեն բոլոր պաստառներն ու նկարները, սակայն չեն կարողանա վերականգնել հազարավոր ստորագրություններով լի թղթապանակը:

Երեկ տեղի ունեցածի կապակցությամբ հայտարարություն էր տարածել Համաժողովրդական շարժման գրասենյակը. «Օգոստոսի 25-ին ժամը 10:30-ի սահմաններում Հյուսիսային պողոտա են ներխուժել Ոստիկանության եւ քաղաքացիական հագուստով մարդկանց մի մեծ խումբ՝ միասին մոտ 100 հոգի, եւ այնտեղից առեւանգել են պողոտայում տեղադրված բոլոր ստենդները եւ պաստառները` ջարդելով եւ պատառոտելով դրանք: Այս ամենն ուղեկցվել է լկտի պահվածքով եւ փողոցային հայհոյանքներով: Գտնվելով ներքին բզկտոցների ու ճգնաժամի մեջ, վարչախումբը սարսափած է Հյուսիսային պողոտայում տեղի ունեցող նստացույցի աճող հեղինակությունից եւ արդյունավետությունից, պատանդ պահելով 76 քաղբանտարկյալների` այժմ իշխանությունները վախկոտաբար կռվի են բռնվել նրանց նկարների եւ հանրությանը ներկայացվող ճշմարիտ տեղեկատվության հետ: Սեպտեմբերի 5-ի հանրահավաքին ընդառաջ, Հյուսիսային պողոտայում լայն թափով շարունակվում է նաեւ Հայ Ազգային կոնգրեսի անդամագրումը եւ Ռոբերտ Քոչարյանին Հաագայի միջազգային քրեական դատարան հանձնելու ստորագրահավաքը: Իշխանությունները հասկանում են, որ հասարակության ակտիվացումը, քաղաքական դատավարությունների փլուզումները, երկրում ահագնացող տնտեսական ճգնաժամը, գործարարության դեմ սանձազերծված աննախադեպ տեռորը անխուսափելի են դարձնում Հայ Ազգային կոնգրեսի` սեպտեմբերի 5-ին նշանակված հանրահավաքի հուժկու բնույթը, ուստիեւ ստիպված են դիմել ճարահատ բռնությունների եւ ապօրինությունների:

Օգտվելով այն հանգամանքից, որ միջազգային հանրության ուշադրությունը շեղված է Վրաստանի վրա, վարչախումբը փորձ է անում վերացնել մարդու ազատությունների եւ ժողովրդավարության արտահայտման վերջին հնարավորությունը։ Հայ Ազգային կոնգրեսն իր տարակուսանքն է հայտնում այս եւ նմանօրինակ դեպքերում միջազգային պատկան կառույցների լռության առթիվ»,- ասված է հայտարարության մեջ: