«Կովկասի պահը»

27/08/2008

«Թեեւ մոտալուտ վտանգը տեսանելի էր, վրաց-ռուսական վերջին առճակատումը հիրավի ցնցեց բոլորիս: Չնայած ռազմատենչ կոչերի սաստկացմանը եւ զինված ուժերի հզորացմանը, ոչ ոք չէր պատկերացնում, որ ուղերձների շփոթը եւ խրթին օրակարգերը նման վերջաբան կունենան` պատճառ դառնալով այդչափ ավերածության, զոհերի եւ աշխարհաքաղաքական քաոսի»,- հայտարարել է Վ. Օսկանյանը: Ըստ նրա` Հարավային Օսեթիայի հակամարտությունը պետք չէ դիտարկել բացառապես վրաց-ռուսական հարաբերությունների ընդլայնված շրջանակի մեջ: Այն, ըստ նրա, ի վերջո, էթնիկ հակամարտություն է, եւ նման հակամարտությունները Կովկասում մի քանիսն են: «Ուստի, այն պետք է հնչի` որպես միջազգային հանրությանն ուղղված զգոնության կոչ: Եթե այսօր մտահոգություն է պատճառում խողովակաշարերի անվտանգությունը, ապա պատկերացրեք այն իրական վտանգները, որոնք գլուխ կբարձրացնեն Լեռնային Ղարաբաղի կապակցությամբ ադրբեջանա-հայկական հակամարտության պարագայում: Հետեւապես, այս տարածաշրջանում առկա` էլ ավելի բարդ հակամարտությունների կարգավորման գործընթացում լուրջ հաջողության հասնելու համար առաջին հերթին անհրաժեշտ է արագորեն լուծել անվտանգության եւ կայունության` համեմատաբար ավելի դյուրին խնդիրները: Եթե կնքվի ուժի օգտագործումը բացառող` պարտադրելի, կուռ եւ անխախտելի անվտանգության դաշնագիր, տարածաշրջանում առկա հակամարտությունները կդիտարկվեն լիովին այլ` ավելի մեծ վստահության եւ հանդուրժողականության համատեքստում: Քանի դեռ չկա անվտանգության դաշնագիր, հակամարտությունները ոչ միայն սառեցված չեն, այլեւ` ուղեկցվում են սպառազինությունների կուտակմամբ` երեւույթ, որն ինքնին ապակայունացնող է, աղճատում է պետությունների բյուջեները եւ սասանում քաղաքացիական հասարակության բնականոն զարգացումը: Մեր պետությունների եւ ժողովուրդների` Կովկասում մեկ հովանու ներքո ապրելու պատմությունը շատ ավելի երկարատեւ է եւ հարուստ, քան բաժանման շրջանը: Այսօր բոլորս փայփայում ենք եվրոպական ինտեգրման միեւնույն տեսլականը: Հետեւաբար, մեզ միավորող տեսլականը շատ ավելի հզոր է եւ տոկուն, քան մեզ բաժանողը: Հենց եվրոինտեգրման ընդլայնված շրջանակում է, որ պետք է լուծվեն մեր հիմնախնդիրները:

Թեեւ եվրոինտեգրման թեման վիճելի չէ, ՆԱՏՕ-ի ընդլայնումը տեղիք է տալիս որոշակի տարակարծությունների: Կոնկրետ թշնամու պարտության մատնելու նպատակով ձեւավորված մեծ դաշինքների պատմությունից հայտնի չեն դեպքեր, երբ դաշինքը գոյատեւած լինի իր առջեւ դրված խնդիրը լուծելուց հետո. դա վերաբերում է թե նապոլեոնյան պատերազմներին, թե Առաջին եւ թե Երկրորդ աշխարհամարտերին:

Սառը պատերազմում Արեւմուտքի հաղթանակից հետո տեղի ունեցավ երկու բան:

ՆԱՏՕ-ն փորձեց վերաիմաստավորել իր գոյությունը` ուշադրություն եւ միջոցներ կենտրոնացնելով այլ տարածաշրջաններում, եւ լուծելով այլ հրատապ խնդիրներ: Ռուսաստանին «զսպելը» հռչակված նպատակների շարքում չկար: ՆԱՏՕ-ն նաեւ ստեղծեց Եվրո-ատլանտյան գործընկերության խորհուրդ, որին մասնակցելու հրավեր ստացան արեւելյան դաշինքի եւ նախկին Խորհրդային Միության բոլոր հանրապետությունները: Դա հեռատես մոտեցում էր` մնայուն դառնալու բոլոր նախադրյալներով: Չէ՞ որ հենց այդպես էին իրենց գործունեության արդյունավետությունը բարձրացրել ԵԱՀԿ-ն եւ Եվրոպայի խորհուրդը` իրենց կազմի մեջ ներառելով ԽՍՀՄ փլուզումից հետո անկախացած պետությունները: Իրենց ներգրավվածությունը եւ կենսունակությունն ապահովելուց զատ, նշված կազմակերպությունները վիթխարի օգուտ բերեցին մեր պետությունների աճին եւ զարգացմանը:

ՆԱՏՕ-ն, սակայն, վաղուց հասած լինելով իր հռչակած նպատակին, ծրագրում էր շարունակել գործել նույն ոգով եւ նույնիսկ ընդլայնել իր ներկայությունը: Հաշվի առնելով անվտանգության միջավայրի փոփոխությունները, ինչպես նաեւ՝ անվտանգության ոլորտում Ռուսաստանի դյուրազգացությունը, այդ քայլը, ըստ երեւույթին, ռազմավարական սխալ էր: ՆԱՏՕ-ին անդամակցելու` Վրաստանի բուռն ցանկությունը հասկանալի է: ՆԱՏՕ-ին անդամակցելու պարագայում Վրաստանին սպասող անվտանգության օգուտները, սակայն, կչեզոքացվեն Կովկասում բաժանարար գծի անցկացմամբ, որը հղի կլինի անվտանգության մարտահրավերներով:

Թերեւս, եկել է Կովկասի պահը` պատմական հնարավորություն տարածաշրջանի անվտանգության նոր դաշնագրի համատեքստում, որպեսզի Բրյուսելը, Վաշինգտոնը եւ Մոսկվան հանդիպեն Թբիլիսիի, Երեւանի եւ Բաքվի հետ` ստեղծելու որեւէ ճամբարի մեջ չմտնող Կովկաս, որը չի մասնակցի անվտանգության կազմակերպությունների եւ հակադիր դաշինքների: Այդօրինակ դրական, ներգրավված եւ մասնակցային չեզոքությունը հնարավոր է եւ ձեռնտու բոլորին: Դա առավելագույնս բխում է մեր խիստ դյուրավառ տարածաշրջանի շահերից: Վրաստան-Ռուսաստան հարթության վրա ԱՄՆ-Ռուսաստան առճակատման հետեւանքով կյանքը շատ կբարդանա ոչ միայն մեզ մոտ` Հայաստանում, այլ նաեւ Ադրբեջանում եւ Թուրքիայում: Գոյապահպան անվտանգության այս հարցադրումների լույսի ներքո պետք է դիտարկել Կովկասի անվտանգության եւ համագործակցության հարթակ ձեւավորելու վերաբերյալ Թուրքիայի վերջին առաջարկը:

1999 թվականին շրջանառության մեջ դրվեց Կովկասի անվտանգության դաշնագրի գաղափարը: Վերջինս բարեհաճ ընդունելության արժանացավ, քանզի մեր տարածաշրջանում ուժի գործադրման մասին հիշողությունները դեռ թարմ էին, իսկ անվտանգության ապահովման միջոցների հրատապությունը` ակնհայտ: Ռուսական շահերի նկատմամբ դիմադրությունը դեռ չէր խորացել, եւ չկային միջնորդավորված լարվածության դրսեւորումներ: Նույնիսկ այդ մեղրամսի պայմաններում գաղափարը կյանքի չկոչվեց:

Այսօր կրկին ուժ է կիրառվել, եւ թերեւս այդ պատճառով է նորից մակերես բարձրացել վերոհիշյալ գաղափարը: Այնուամենայնիվ, Սառը պատերազմի փիլիսոփայությունն այսօր սպառնում է վերադառնալ` բաժանարար գծեր անցկացնելու այս լեռներում եւ ծայր աստիճան բարդացնելու տարածաշրջանային բոլոր հարաբերությունները կամ, ավելի ստույգ, այն, ինչ մնացել է այդ հարաբերություններից:

Հետեւաբար, Թուրքիայի առաջարկն անկասկած հետաքրքիր է, եւ ոչ ոք չի վիճարկում խնդրի հրատապությունը: Սակայն, գաղափարը պետք է ճիշտ մշակել եւ ճիշտ իրագործել: Այստեղ վստահելիության խնդիր կա: Մեր տարածաշրջանում նման փորձ արդեն կա` երբ լավ մտադրություններն անիրագործելի են դարձել հենց այն քաղաքական խնդիրների պատճառով, որոնք լուծելու համար դրանք ձեւակերպվել են: Սեւծովյան տնտեսական համագործակցության ստեղծման նպատակն էր՝ միավորել նրանց, ովքեր մինչ այդ չէին կարողանում գործակցել ոչ տնտեսական, ոչ այլ բնույթի խնդիրներ լուծելու ուղղությամբ: Սեւծովյան տնտեսական համագործակցության արդյունավետությունը սահմանափակ է եղել, քանզի Թուրքիան, ունենալով հեռատեսություն, չի դրսեւորել բավարար կամք` տեսլականն իրականության վերածելու համար, չկարողանալով այդ կառույցի միջոցով հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ` փոխարենը փակ պահելով վերջինիս հետ իր սահմանը: Առկա լարվածության պայմաններում այսօրվա առաջարկը պետք է լինի ավելի լուրջ եւ հավասարակշռված: Որեւէ մեկի մասնակցությունը չպետք է բացառվի: Անվտանգության հիմնախնդիրները միահյուսված են եւ պետք է լուծվեն անվտանգության դաշնագրի միջոցով, որը կներառի անվտանգության համապարփակ, ուժեղ բաղադրիչ:

Նախորդ շաբաթ Բաքու կատարած այցի ընթացքում Թուրքիայի վարչապետ Էրդողանը քննարկեց Թուրքիայի ծրագիրը եւ հրապարակայնորեն խոսեց ՀՀ ներառման մասին: Գերազանց զուգադիպություն է այն, որ Թուրքիայի նախագահ Գյուլը Հայաստանի Հանրապետության նախագահից հրավեր է ստացել` միասին դիտելու ֆուտբոլի ազգային հավաքականների մասնակցությամբ մոտ օրերս տեղի ունենալիք խաղը: Սա պատեհ առիթ է, որպեսզի երկու հարեւանները քննարկեն անվտանգության ընդհանուր մարտահրավերները եւ ուղի հարթեն խաղաղության տարածաշրջան կերտելու համար»: