Հույս, հավատ, սեր

27/08/2008 Էլեոնորա ՆԵՐՍԻՍՅԱՆ

Մեր իրականությունն այսօր դաժան փորձությունների է ենթարկվում, եւ մեր կյանքի բոլոր ոլորտներում իշխում է օտարոտի մի ուժ, որ ջլատում է մեր մարմինն ու հոգին, կաղապարում միտքը։ Ինչ-որ կախարդական հմայքով շատերն ընկնում են հիպնոսի ուռկանը եւ իրենց հետ քարշ տալիս ուրիշներին. թվում է, իսկապես, աշխարհի կործանման պահն է, եւ մենք այդ ընթացքի վկաներն ու դերակատարներն ենք, թվում է՝ ավարտվում է մարդու առաքելության շրջանը մեր մոլորակի վրա, եւ մենք ուրիշ անելիք չունենք, քան ինքնասպան լինելը։

Եթե ճիշտ է, որ կյանքը սկսվում եւ շարունակվում է սիրով, ինչո՞ւ ենք ժխտում այն, ինչ կյանքի աղբյուրն է, ինչո՞ւ ենք սերը վտարում մեր բառապաշարից ու առօրյայից եւ սիրո խորհրդանիշը փոխարինում սեքսի խորհրդանիշով, ընդ որում, շատ տարօրինակ ու անհեթեթ ձեւով. ոչ թե բուն սեքսն է սեքսի խորհրդանիշ, այլ սերն է դառնում սեքսի խորհրդանիշ։ Բոլորս էլ բազմիցս լսել (հատկապես համաշխարհային կինոմրցանակաբաշխությունների ժամանակ) ու կարդացել ենք, թե ինչպես հոլիվուդյան նշանավոր դերասաններին՝ Ռիչարդ Գիր, Ջուլյա Ռոբերթս, Մերիլ Սթրիփ, Միշել Փֆայֆեր, Լեոնարդո դի Կապրիո, Հարիսոն Ֆորդ եւ այլք, համարում են սեքս-սիմվոլներ։ Ըստ էության, նրանց եւ ուրիշ նշանավոր («թանկարժեք») դերասանների մասնակցությամբ ֆիլմերում սեքսի խնդիր չկա. խնդիրը մարդկային հարաբերությունների, հույզերի, սիրո, վեհ գաղափարների մասին է, եւ հանդիսատեսը ֆիլմ դիտելիս դերասանից սեքսուալ սպասարկման ակնկալիք չունի, սակայն շարունակ շոշափվում է խնդրի այդ իրականում չեղած կողմը, եւ մարդուն, կարծես, ստիպում են մտածել ոչ այն մասին, ինչն իրականում մարդկային արժեք է, այլ միտումնավոր խեղաթյուրում են իրական ընկալումը, այլապես անհասկանալի է, թե ինչո՞ւ հատկապես սիրված դերասաններն են ներկայացվում որպես սեքս-սիմվոլներ, ինչը նյարդայնացնում է ոչ միայն նորմալ հանդիսատեսին, այլեւ հենց իրենց՝ դերասաններին, որ բազմիցս բողոք են արտահայտել իրենց այդ կերպ ներկայացնելուն։ Հակառակ դրա՝ չեմ լսել, որ էրոտիկ ֆիլմերի դերասաններին այդպես ներկայացնեն։ Սա էլ իր բացատրությունն ունի, անշուշտ։ Նրանք իրենց այդ դերն արդեն իսկ կատարում են էկրանի վրա՝ համապատասխան հանդիսատեսի համար, եւ այդ ֆիլմերում խաղում են կա՛մ սկսնակներ, կա՛մ հեղինակություն չունեցող դերասաններ, որոնք չեն կարող ազդեցություն թողնել բարձրակարգ հանդիսատեսի՝ մտավորականի վրա, որը չի էլ դիտում այդ ֆիլմերը, եւ ուրեմն՝ դեռեւս միտք ու հոգի ունեցող մարդուն փորձում են փչացնել նրա առջեւ իրական արժեք դնելով ու այդ արժեքին կեղծ (իրենց համար՝ ցանկալի) պիտակ կպցնելով, հմայելով դեպի սեքսի որոգայթը։

Իսկ ի՞նչ է սեքսն ըստ էության, եթե նրանից բացառվում է սերը. զուտ ֆիզիկական մերձեցում, մտքի անջատում, եսամոլություն, ի վերջո՝ անկառավարելի կիրք, այսինքն՝ մարդ, որ հաշիվ չի տալիս իր արարքներին եւ ամեն ինչ կարող է զոհել հանուն սոսկական հաճույքի, որը չի ենթարկվում ոչ մի սահմանի, այդ թվում՝ բնության, եւ երկու սեռերի միջեւ հարաբերությունը կարող է վերաճել ոչ միայն խմբակային սեքսի, այլեւ միասեռականության, եւ մարդու կողմից մարդու վերարտադրումը դառնում է կասկածելի ու արդեն անհնար, այսինքն՝ մարդկությունը գնում է ինքնակործանման։

Սիրո ժխտումը նախ եւ առաջ ինքնաժխտում է, իսկ ինքնաժխտումը՝ կյանքի բացառում. մարդը հայտնվում է անկամ, կրավորական վիճակում, որը նրան դարձնում է կառավարելի ուրիշների կողմից։

Սերը հավատ է ինքներս մեր հանդեպ, մերձավորի, մեր արարքների ու արարման, աշխատանքի, առհասարակ կյանքի նկատմամբ, եւ հավատն իր հերթին պահպանում է սերը եւ հույսը, որ վերջին օրը չէ, որ ապրում ենք աշխարհի վրա։ Կյանքն իմաստալից է պայքարի ու նվաճումների շնորհիվ, այն արժեքների, որ ստեղծել ու ստեղծում է մարդկությունը, եւ մարդկությունը ոչ միայն շնորհ ունի, եւ նրան շնորհված է արժեքների արարումը երկրի վրա, այլեւ պարտավոր է այդ շնորհն իրականացնել։

Իհարկե, այդ ճանապարհին լարվում են բազում ծուղակներ, քանզի ոչ միայն Աստված, այլեւ սատանան է տնօրինում մարդու ճակատագիրը, ու եթե մեկը բարձրացնում է մարդուն, մյուսն աշխատում է տապալել նրան, եւ մարդուն է տրված նրանց միջեւ ընտրություն անելու իրավունքը, քանզի, ի վերջո, ինքն է իր ճակատագրի տերը։

Հաճախ ենք խոսում խղճի ազատությունից, եւ հաճախ է շահարկվում այս թեման. կարծես ազատություն բառը կաշկանդում է մեր ձեռ ու ոտը, եւ մենք ի զորու չենք թոթափվել նրա ստրկական տիրապետությունից։ Խղճի ազատություն ասելով՝ շեշտը դրվում է կրոնի, դավանանքի, հավատքի ազատ ընտրության խնդրի վրա, ու եթե մարդը կողմնորոշվել ու ընտրել է ճանապարհը, հարցը համարվում է փակված, անկախ այն բանից՝ որքանով է իր ընտրությունը խղճի ազատություն եւ որքանով այն չի սահմանափակում նրա իրավունքներն ու այլոց շահերը։

Ուզում եմ խղճի ազատությունը քննարկել ոչ թե միջկրոնային տիրույթում, այլ կոնկրետ տվյալ կրոնի ու տվյալ հավատքի շրջանակներում, թե որքանով է մարդը մաքուր իր խղճի առջեւ եւ որքանով է որպես անհատ ազատ կրոնական տիրապետությունից, ընդ որում, գերադասելով հարցը քննարկել ոչ այնքան կրոնական գրականության սահմաններում, որքան համեմատություններ ու զուգահեռներ անցկացնելով կրոնական պաշտամունքի, նրա օրենքներին հետեւելու եւ դրանք բուն կյանքում կիրառելու միջեւ։

Հայաստանյայց Հայ Առաքելական եկեղեցու դռներն ու պատուհանները բաց են, եւ ոչ միայն ցանկացած մարդ, այլ նույնիսկ աղավնիները կարող են ճախրելով ել ու մուտ անել այնտեղ։ Այստեղ պահպանվում են Հայ Առաքելական եկեղեցու կանոններն ու ծիսակարգերը, արարողությունները, եւ որեւէ բան չի պարտադրվում հավատացյալին ու որեւէ բան չի կաշկանդում նրա ազատությունը։ Նա կարող է գնալ կամ չգնալ եկեղեցի, կարող է աղոթել իր համար նախընտրելի պահի, կարող է հետեւել ծիսակարգին ըստ իր ցանկության, կարող է մկրտվել թե՛ ծննդյան 40 օրվա ընթացքին, թե՛ ինչպես կյանքը կթելադրի՝ մինչեւ օր ծերություն, կարող է պսակադրություն կատարել կամ չկատարել եկեղեցում, հաղորդվել կամ խոստովանել, այսինքն, տվյալ դեպքում կրոնը որեւէ ճնշում չի գործադրում մարդու վրա, փոխարենը՝ կրթում, լուսավորում, սեր ու բարություն է տարածում, պահպանում բարոյականության նորմերը եւ մարդու ազատության իրավունքը։ Մտնելով եկեղեցի, կարելի է մոմ վառել ու սուզվել սեփական մտքերի մեջ, տարվել ինքնավերլուծությամբ ու ինքնամաքրմամբ, թոթափել կենցաղային հոգսն ու մանրուքների միջից որսալ կյանքի համար կարեւորը, ապրեցնողը, դուրս գալ եկեղեցուց սեփական ուժերի ու կյանքի հանդեպ հավատով, հույսով, որ աշխարհում տիրում է սերն ու խաղաղությունը:

Թվում է, թե այս պարագայում Հայաստանում պետք է որ գլուխ չբարձրացնեին աղանդները, սակայն իրական պատկերն այլ է. ոչ միայն աղանդների քանակն է ավելանում, այլեւ ավելանում է դրանց հարող մարդկանց քանակը, որ կարող է առնվազն քննարկման արժանի երկու լուրջ պատճառ ունենալ։ Խոսքս այն աղանդների մասին է, որոնք զբաղվում են հոգեորսությամբ եւ մարդկանց ուղղակի կցում են իրենց, գայթակղում գրոշներով, իսկ հետո դրա դիմաց պահանջում անհավանական զոհողություններ, որոնց ինքնակամ ենթարկվում են նրանց հարողները։ Ժամանակի ընթացքում վաճառում են իրենց ունեցած-չունեցածը՝ ներառյալ տունը, եւ նվիրաբերում, այսպես կոչված, համայնքին, իրենց հերթին՝ մտերիմներին ու հարազատներին փորձելով ներգրավել համայնքի տիրույթ, իսկ անհաջողության դեպքում պատրաստ են հրաժարվել թե՛ զավակից, թե՛ առհասարակ ընտանիքից, քանի որ այլեւս իրենք իրենց չեն պատկանում եւ համայնքի սեփականությունն են, փաստորեն՝ վերածվելով սոսկ ռոբոտների, որոնց կառավարման վահանակը համայնքի տիրոջ ձեռքում է, որը նրանց, այսպես կոչված, «փրկությունից» բացի՝ ոչինչ չի խոստանում։

Իսկ ի՞նչ է, ըստ էության, այդ փրկությունը, եւ ինչպե՞ս կամ ինչի՞ համար պետք է փրկվի մարդը, եթե նա ինքն իրեն զրկում է մերձավորի, ինքն իր եւ առհասարակ կյանքի նկատմամբ սիրուց. նա պատրաստ է ինքնասպանության (մի բան, որ մերժում է քրիստոնեական ճշմարիտ հավատը եւ կյանքը ամենաբարձրն է դասում)՝ հանուն ոչնչի, նա զոհում է իր անկախությունն ու ազատությունը, մերժում է հայրենիքին ծառայելու իր իրավունքն ու պարտականությունը, մերժում է բժշկությունը, ուսումը եւ իրեն մատնում փակ դռների ետեւում ինչ-որ աֆեկտային գործողությունների ու անբարոյականության. որեւէ մեկն իրավունք չունի թափանցել այդ տիրույթը, եթե նրա անդամը չէ ու, եթե թափանցում է, ապա իրավունք չունի այն լքելու։ Այս կամավոր գերությունն առնվազն տարօրինակ ու խելք ու մտքից դուրս է։ Եթե դիմենք առաջին պատճառին, որ հաճախ է շեշտվում՝ սոցիալականը, կարծում եմ, որքան էլ հող լինի դրա համար, առավել զորեղը երկրորդն է՝ տգիտությունը, կյանքի նկատմամբ անպատրաստ լինելը, քանի որ այդ կամային գերությանը դիմում են ոչ միայն սոցիալապես անապահովները, այլեւ նրանք, որ հաջողակ են իրենց գործում, սակայն հեշտությամբ ընկնում են ստի որոգայթը։ Կարծում եմ, նրանց պակասում է մշակութային այն դաշտը, որ պատասխան պիտի տա մարդկանց հուզող հարցերին ու ապրեցնի իր հետ, սակայն այդ դաշտը, ցավոք սրտի, ինքնամաքրման լուրջ խնդիր ունի եւ չի կարող տվյալ դեպքում որոշիչ դեր կատարել եւ ուղղորդել մարդուն իրական արժեքների տիրույթը։

Իսկ փրկությունն այլ բան չէ, քան ՀՈՒՅՍ, ՀԱՎԱՏ, ՍԵՐ, որը որեւէ մեկը չի կարող տալ մարդուն, քան ինքն իրեն։