Աբխազները գրավել են Վրաստանի զորքերի կողմից պահվող կարեւոր կիրճը` լրացուցիչ հարված հասցնելով առանց այդ էլ դժվար դրության մեջ գտնվող Թբիլիսիի կառավարությանը:
Աբխազիայի դե ֆակտո իշխանությունները կայծակնային գործողության արդյունքում նորից գրավեցին լեռնային Վերին Կոդորի կիրճը եւ իրենց տարածքում ողջունեցին հազարավոր ռուսական զինվորներին, իսկ մինչ այդ Հարավային Օսիայի պատերազմի հետեւանքները ծավալվում են:
Աբխազական ուժերն առանց դիմադրության մտան Վրաստանի կառավարության կողմից երկու տարի շարունակ վերահսկվող կիրճը` այնտեղ կայանած վրացական զորքերին հեռանալու վերջնագիր ներկայացնելուց հետո: Վրացիները լքեցին իրենց դիրքերը, հեռացան նաեւ հարյուրավոր խաղաղ բնակիչներ: ՄԱԿ-ի դիտորդները նույնպես հեռացան` աբխազական իշխանությունների կողմից հեռանալու զգուշացում ստանալուց հետո: Օրեր շարունակ, մինչեւ օգոստոսի 12-ը ցամաքային հարձակման սկիզբը կիրճը հրետանային եւ օդային ռմբակոծության էր ենթարկվում: Կեսօրին նրանք աբխազական դրոշ բարձրացրեցին այդ տարածքում նախկին վրացական վարչական շենքի վրա: Հաջորդ օրն առավոտյան Աբխազիայի դե ֆակտո նախագահ Սերգեյ Բագապշը ուղղաթիռով մեկնեց կիրճ` հայտարարելու, որ Աբխազիայի` Վրաստանի կողմից պահվող վերջին տարածքը նորից անցել է Սուխումի վերահսկողության ներքո:
Աբխազական կողմից միակ զոհը եղել է սեփական ուժերի կողմից սխալմամբ սպանված մի զինվոր: Նրանք դիմադրության չհանդիպեցին, իսկ այդ օրը երեկոյան նրանց հանդիպած միակ բնակիչները երկու տարեց կանայք էին եւ չորս քահանաներ: Զինվորներն ասում են, որ մեծ թվով զինամթերք են հայտնաբերել` ամերիկյան M-16 ավտոմատներից մինչեւ հրետանային տեխնիկա եւ ականանետներ, ինչպես նաեւ՝ լքված անասունների հոտեր: Բագապշն ասում է, որ նոր տեղական վարչական ղեկավարներ է նշանակելու եւ հույս ունի, որ կվերադառնա տեղի սվան բնակչությունը, ովքեր խոսում են մի լեզվով, որը շատ մոտ է վրացերենին: Աբխազները հայտարարում են, որ իրենց ծրագիրը միանգամայն օրինական է, չէ՞ որ երկու տարի առաջ այստեղ զորքեր բերելով, վրացական կողմը խախտեց 1994թ. հաստատված զինադադարի մասին մոսկովյան համաձայնագիրը: Այդ ժամանակ նախագահ Միխայիլ Սահակաշվիլին կիրճը վերանվանեց «Վերին Աբխազիա» եւ այնտեղ տեղափոխեց Վրաստանին հավատարիմ «աքսորված աբխազական կառավարության» գլխավոր շտաբը:
Ավելի վաղ Բագապշը հայտարարել էր զինված ուժերի մասնակի զորահավաքի մասին, իսկ տեղական կառավարությունը որոշում էր ընդունել երկրի արեւելյան մասում ռազմական դրություն հայտարարելու մասին: 1993թ. միակողմանի կարգով Վրաստանի կազմից դուրս եկած այս սեւծովյան երկրում Հարավային Օսիայում սկսված ճգնաժամն իրարանցում է առաջացրել: Ավելի վաղ Աբխազիան եւ Հարավային Օսիան Վրաստանի կողմից ագրեսիայի դեպքում ռազմական փոխօգնության մասին համաձայնագիր էին ստորագրել: Բագապշի խոսքերով, «Աբխազիան իր պարտավորություններն ունի Հարավային Օսիայի բնակչության առջեւ, որոնք այն կատարում է»: «Հնարավոր է, որ մեր նպատակներին հասնելու համար մենք ստիպված լինենք խախտել 1994թ. մայիսի 14-ին զինադադարի հաստատման մասին կնքած մոսկովյան համաձայնագիրը, սակայն մենք չէ, որ առաջինը խախտել ենք այն»,- օգոստոսի 10-ին հատուկ հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ ասաց Բագապշը: Աբխազական իշխանությունները հայտարարեցին, որ իրենց տարածքում փաստացի «երկրորդ ռազմաճակատ» բացելով՝ իրենք կօգնեն Հարավային Օսիային: Աբխազների հետ միաժամանակ վրացական կողմին վերջնագիր ներկայացրեց նաեւ ռուսական խաղաղապահների հրամանատարությունը՝ ստիպելով անցկացնել «լրիվ ապառազմականացում Պաշտպանության նախարարության, Ներքին գործերի, Ոստիկանության, Սահմանային զորքերի եւ Վրաստանի այլ ուժային համակարգերի անվտանգության գոտում»: «Զինամթերքը հանձնել հրաժարվելու դեպքում զորքերի կողմից հարկադրման միջոցներ կձեռնարկվեն»,- հայտարարեց խաղաղապահ ուժերի հրամանատարի օգնական Ալեքսանդր Նովիցկին:
Մինչդեռ Ռուսաստանը լրացուցիչ 9000 զինվոր է ուղարկել Աբխազիա: Միայն օգոստոսի 10-ին Սուխումի օդանավակայանը Ռուսաստանից ժամանած ռազմական տեխնիկայով լի 40 ինքնաթիռ է ընդունել: Աբխազական ջրային տարածքներում կանգնած են սեւծովյան նավատորմի ռազմական նավեր, որոնք ծովից պետք է պաշտպանեն Աբխազիան Վրաստանի կողմից հարձակումներից: Ռուսական զինվորականների հավաստմամբ, նրանք արդեն վերացրել են վրացական ռազմական նավը, որը Աբխազիայի ջրային տարածք էր ներխուժել:
Հարավային Օսիայի շուրջ ծավալված հակամարտությունը բազմաթիվ աբխազների ստիպեց այլ կերպ նայել երկրի ապագային: «Հարավային Օսիայում իր գործողություններով Վրաստանը ցույց տվեց, որ իրականում թե՛ վրաց-օսական եւ թե՛ վրաց-աբխազական հակամարտությունների լուծումը միայն ուժի կերպով է տեսնում: Այնպես որ, Կոդոր կիրճում Սուխումի ներկայիս գործողությունները ոչ միայն Ցխինվալի հետ գործընկերային պայմանավորվածության իրականացում է, այլեւ հետագա գործողությունների կանխմանն ուղղված քայլ: Միեւնույն է` վաղ թե ուշ Կոդորի կիրճում տեղակայված վրացական ռազմական ուժերը Աբխազիայի դեմ էին դուրս գալու»,- ասում է «Քաղաքացիական հասարակություն-ապագայի մարդ» հիմնադրամի փորձագետ Թամազ Կեցբան:
Հասարակության մեջ հակաարեւմտյան տրամադրվածությունն ուժգնացել է:
«Այն բանից հետո, երբ Արեւմուտքը մի քանի օր շարունակ չէր արձագանքում այն բանին, թե ինչպես էր վրացական հրետանին հողին հավասարեցնում Ցխինվալը, մեզ համար հասկանալի դարձավ այն, որ, ինչպես աբխազները, այնպես էլ օսերը ոչ ոքի պետք չեն»,- ասում է քաղաքագետ Օլեգ Դամենիան: «Ոչ ոք, Ռուսաստանից բացի, մեզ չի պատրաստվում պաշտպանել: Այդ պատճառով էլ Աբխազիայում ռուսական ռազմական ուժերի ներկայության ուժգնացումը մեզ մոտ հանգիստ են ընդունում: Չէ՞ որ նրանք մեր անվտանգությունն են ապահովում»:
Այսօր Սուխումը, որ դեռեւս մի քանի օր առաջ ապրում էր հանգստավայրի սովորական կյանքով, կիսադատարկ տեսք ունի: Տղամարդկանց մեծ մասը զենք վերցրեց ձեռքը, իսկ մնացած քաղաքացիները գերադասում են հետեւել շրջանի իրադարձություններին հեռուստատեսությունից:
Ճգնաժամը, որքան էլ որ տարօրինակ է, չվախեցրեց զբոսաշրջիկներին, ովքեր շարունակում են ակտիվ հանգստանալ աբխազական ծովափին:
Ինալ ԽԱՇԻԳ
«Չեգեմսկայա պրավդա» թերթի խմբագիր, Սուխում