Լարիսան իր ընտանիքի անհուսալի վիճակը նկարագրելիս կարկամում է ու բառեր չի գտնում մտքերն արտահայտելու համար: Խոսում է կցկտուր, շփոթված ու ամեն մի արտահայտած նախադասությունն ավարտում է «հույս չկա, որ լավ կլինի» վերջաբանով: 54-ամյա այս կնոջ համար երեխաների ու թոռնիկների գոյությունն ապահովելու պատասխանատվությունը նույնքան ծանր է, որքան ծանր է անմեղսունակ մարդու համար մահվան դատավճիռ կայացնելը: Նման մի ծանր դատավճիռ էլ ինքն է կայացրել` թոռնիկին մանկատուն է հանձնել: Թոռնիկի կենսագործունեությունը շարունակելու համար այլ ելք չի տեսել, դրա համար էլ նրան խնամելու պատասխանատվությունն ուրիշներին է վերապահել: Ինքն իրեն չի ներում ու մեղքի զգացումից չի կարողանում նայել մարդկանց աչքերին: Հարցնում եմ` «Ուրիշ ելք չկա՞ր»: Պատասխանում է` «Չէ՛, սովամահ են լինում երեխեքը: Օրերով հաց չեն ուտում, համ էլ արդեն դպրոց գնալու ժամանակն էր, ոչ շոր ուներ, ոչ կոշիկ, էլ չեմ ասում գրենական պիտույքների ու մնացած բաների մասին»: Լարիսան փորձում է արդարացնել իր այդ քայլը ու միեւնույն ժամանակ չի կարողանում ամեն ինչ ներկայացնել այնպես, որ ուրիշների համար երեխային մանկատուն հանձնելու փաստը համոզիչ լինի: Երեխայի մայրը` Լարիսայի աղջիկը` Աննան, խուլ ու համր է, բայց բարեբախտաբար այդ արատը ժառանգաբար չի փոխանցվել նրա երկու երեխաներին: Աննան պարբերաբար այցելում է արդեն երեք տարի մանկատանը գտնվող Մարիամին, ով ամեն տեսակցության ժամանակ գիտակցում է, որ, ի տարբերություն մանկատան մյուս սաների` ինքը հարազատներ` տատիկ, մայր, եղբայր ունի: Մարիամն ամեն անգամ բռնում է մոր փեշն ու ուզում է տուն գալ, քանի որ մանկատան կերակուրն ու հագուստը չեն կարող փոխարինել ընտանեկան ջերմությանը: Աննան ուզում է երեխային պաշտպանել, դրա համար էլ փորձում է սառնասիրտ լինել ու Մարիամի` իրեն տուն տանելու աղերսին չարձագանքել: Աննան ուզում է խոսել, բայց քաշվում է, որովհետեւ իրեն «թարգմանիչ» է պետք մտքերը մեզ փոխանցելու համար: Մայրը` Լարիսան, ասում է` «Խոսա՛, ես ստեղ եմ, իրան կասեմ ինչ ես ասում»: Աննան ժեստերով ինչ-որ բան է հասկացնում, իսկ Լարիսան փորձում է բառերով վերարտադրել նրա շարժումները: «Ասում ա` ելք չկա, երեխեքս սոված-ծարավ են: Ինձ ոչ ոք աշխատանքի չի ընդունում, խուլ ու համր եմ, ես ոչ մեկին պետք չեմ: Ես էս երկրում տեղ չունեմ: Մերս ա մի երկու կոպեկ աշխատում, բայց սովամահ ենք լինում»: Լարիսան Աննայի ու նրա երկու տարեկան որդու` Նարեկի հետ ապրում է Բալահովիտի «Երկաթբետոնե իրերի» գործարանի գրասենյակային մասնաճյուղի հանրակացարանում, ուր մարդիկ բառիս բուն իմաստով ապրում են մկների, առնետների հետ նույն միջավայրում: Լարիսայենց սենյակն անտանելի է, քանի որ միեւնույն տարածքը ծառայում է որպես խոհանոց, ննջարան, հյուրասենյակ, լոգարան, իսկ կոմունալ պայմանները բացակայում են առհասարակ: Չնայած այս գորշ ու ճնշող պայմաններին, այդուհանդերձ, նրանց շուտով կվտարեն նաեւ այս տարածքից, քանի որ գործարանի սեփականատերը պահանջում է կացարանն ազատել: Լարիսան նախկինում աշխատել է «Սիրիուս» գործարանում, որտեղ բնակարան ստանալու համար հերթագրված է եղել: Հետո` «Եկան էն ծանր տարիները, հերթացուցակը դարձավ մի խլամ թուղթ, ուժը կորցրեց, ու հազարավոր մարդկանց նման մենք էլ հայտնվեցինք անտուն վիճակում: Էլ չեմ ասում, որ էն տարիներին խնայողություններ էի արել, բանկում ահագին փող էի հավաքել, բայց ամբողջը կորավ, գնաց»:
Պատմում է, որ ժամանակին այնքան լավ է ապրել, որ իր երեք երեխաներին ապահովել է ամեն ինչով եւ նույնիսկ հանգիստն անցկացրել է ուզածդ հանգստավայրում, իսկ հիմա… Ժամանակին լավ ապրած այս կինը ծերությունը «վայելում է» փողոցներից գունավոր մետաղ հայթայթելով, որպեսզի կարողանա գոնե այս մի թոռնիկի գոյությունը պաշտպանել: Տիկին Լարիսան ամեն օր տարածություններ ու վտանգավոր իրավիճակներ է հաղթահարում տարիներ առաջ պայթյունի հետեւանքով հրդեհված Բալահովիտի զինապահեստից մնացած մասունքները հողի տակից դուրս բերելու համար: Մեծահասակ այս կինը 5-6 մետր խորությամբ հողի տակ մտնելով՝ փորձում է մի քանի կտոր դետալ դուրս բերել, որպեսզի այդ մետաղը հանձնի ու հաց գնի: Ստանում են 13.000 դրամ ընտանեկան նպաստ եւ Աննայի հաշմանդամության 3000 դրամ թոշակը: Ասում է, որ Նարեկը հաճախ քաղցած է գիշերում. «Երբ տեսնում եմ, որ էլ ճար չկա` բրինձ եմ խաշում, առանց յուղ, տալիս եմ, որ ուտի: Ի՞նչ անեմ, սովամահ ենք լինում»: Տիկին Լարիսան խնդրում է ձեռք մեկնել ու մի բանով օգնել, այլապես ստիպված կլինի Նարեկին էլ մանկատուն հանձնել միայն նրա համար, որ գոնե երեխան օրը երեք անգամ սնվելու հնարավորություն ունենա: Մինչդեռ մանկատան անունը տալիս հիշում է Մարիամին ու աչքերը լցնելով՝ գլուխն է օրորում, ասես ինքն իրեն չի ներում: Հարցնում եմ` «Եթե ձեզ էստեղից վտարեն, ո՞ւր եք գնալու, ո՞նց եք ապրելու»: Խոր հոգոց հանելով պատասխանում է. «Ո՞ւր պիտի գնանք, գնալու տեղ չունենք: Կընկնենք փողոցներն ու բոմժ կդառնանք: Հանրապետությունում երկու բոմժ էլ կավելանա. Նարեկին կտանք մանկատուն ու մայր ու աղջիկ փողոցներում կապրենք»: