Ցանկանո՞ւմ եք անգլերեն սովորել

27/08/2008

Կցանկանայի՞ք, արդյոք, իմանալ անգլերեն` տուրիստական ճամփորդությունների ընթացքում վստահ հաղորդակցվելու, աշխատանքային առաջընթաց ունենալու, կրթությունը ԱՄՆ-ում կամ Անգլիայում շարունակելու համար: Ես չգիտեմ` դուք ով եք, սիրելի՛ ընթերցող, չգիտեմ նաեւ ձեր տարիքը, սեռը: Այնուամենայնիվ, համոզված եմ, որ ձեր պատասխանն առավելապես դրական է, քան բացասական: Այնպես չէ՞:

Այսօր կարծես գրեթե յուրաքանչյուր ոք ձգտում է սովորել անգլերեն: Զարմանալի չէ, իհարկե: Շատերն են գիտակցում, որ հաջող կարիերա ստեղծելու համար անգլերենի իմացությունը որոշիչ դեր ունի: Պայմանավորված անգլերենին տրվող կարեւորությամբ` տրամաբանական կլինի հարցնել` իսկ Հայաստանում այսօր որտե՞ղ կարելի է սովորել անգլերեն:

Ինչ խոսք, առաջին հերթին` դպրոցում: Բնականաբար, ինչպես հավանաբար բոլոր մյուս երկրներում, այս հարցում առաջին եւ միակ մենաշնորհը տրվում է դպրոցին: Դպրոցներն օտար լեզուների ընտրության հարցում առավելությունը տալիս են անգլերենին: Այսուհանդերձ, բոլորս էլ լավ գիտենք, որ դպրոցների գերակշիռ մեծամասնությունն օտար լեզվի ուսուցման հարցում լուրջ խնդիրներ ունի: Այդ պատճառով էլ շատ ուսանողներ օտար լեզու, հատկապես՝ անգլերեն սովորելու համար այլ ուղիներ են փնտրում:

Այսպիսով, եթե կա պահանջարկ, կա նաեւ առաջարկ: Գիտենք, թե այսօր որքան շատ են անգլերենի ուսուցում առաջարկող լեզվի կենտրոնները: Այժմ պատկերացնենք, որ դուք որոշել եք սովորել անգլերեն: Ինչի՞ց ելնելով կվճռեք՝ որտեղ ուսանել անգլերեն: Գուցե այնտեղ, որտեղ կերաշխավորի՞ որեւէ մեկը: Ինչ վերաբերում է ինձ, կարող եմ երաշխավորել «Ամրոց» ուսումնական կենտրոնը:

Բնականաբար կհարցնեք` ինչո՞ւ: Ինչո՞վ է այն առանձնահատուկ:

Նախ ներկայացնեմ մեր կենտրոնի ոչ նյութական առանձնահատկությունը, այն է` ընկերական, հաճելի ու մտերմիկ միջավայրը: Եվ պատահական չէ մեր կենտրոնի անունը` «Ամրոց»` համաձայն «Իմ տունն իմ ամրոցն է» անգլիական թեւավոր արտահայտության: Այսինքն` մենք ուզում ենք, որ ուսանողները մեր կենտրոնում իրենց զգան այնպես, ինչպես տանը: Կենտրոնի անձնակազմը համոզված է, որ ուսուցումը կլինի արդյունավետ, եթե առկա է ջերմ ու անկաշկանդ մթնոլորտ, եթե Ձեզ զգում եք հոգեպես պաշտպանված, այսինքն` երբ ուսանողը վստահ է, որ գիտելիքների ձեռքբերման ճանապարհին չի երկնչի ցանկացած խոչընդոտի հանդիպելիս: Մի՛ հիմնվեք իմ խոսքերի վրա, համեցե՛ք եւ զրուցե՛ք մեր ուսանողների հետ:

Ապա` մենք ունենք մի առանձնահատկություն եւս, եթե, իհարկե, գիտեք դրա արժեքը: Իսկ ո՞րն է դա. անգլերենի հետ առավելապես շփվելու առկայությունը, ինչին կենտրոնում առավել շատ ուշադրություն է դարձվում: Ըստ մասնագետների` երեխան հիմնական բառապաշար եւ լեզվական ունակություններ է ձեռք բերում մինչեւ 3 տարեկանը: Այդ տարիքում ձեռք բերած մինիմալ լեզվական ունակությունները բավարար են հասարակության լիարժեք անդամ լինելու համար: Ինչ եմ ուզում ասել դրանով: Ճիշտ հասկանալու համար բերեմ մի տարրական օրինակ:

Եկեք հաշվենք, թե երեխան մինչեւ 3 տարեկան հասակը տեսականորեն քանի ժամ է շփվում մայրենի լեզվի հետ` թե ուղղակի, թե անուղղակի: Իսկ այժմ հաշվենք, թե միջնակարգ դպրոցում 9 տարի օտար լեզու սովորելիս քանի ժամ է շփվում տվյալ լեզվի հետ: Մոնթերեյում, Կալիֆոռնիայում, ԱՄՆ-ում անցած դասընթացների ընթացքում իմ կատարած ուսումնասիրություններում կատարել եմ այդ հաշվումները եւ համեմատել դրանք: Պատկերացնո՞ւմ եք` ինչ է ստացվել արդյունքում: Պարզվում է, որ պետք է դպրոց հաճախել մոտավորապես 250 տարի (կոպիտ հաշվարկով)` այնքան անգլերեն լսելու համար, որքան երեխան լսում է իր մայրենի լեզուն մինչեւ 3 տարեկան հասակը:

Ահա թե ինչու, մեր կենտրոնում արվում է ամեն բան` լեզվի հետ առավելագույն չափով շփում ապահովելու ուղղությամբ: Այժմ դուք կհասկանաք, թե ինչու ենք պարտադրում մեր ուսանողներին ամսվա ընթացքում անգլերեն լեզվով մեկ ֆիլմ դիտել, անգլերեն լեզվով առնվազն մեկ գիրք կարդալ, հանդիպում ունենալ բնիկ անգլիախոսի հետ (թեեւ ուսանողները բազում հնարավորություններ ունեն ձայնագրություններ լսելու, այնուամենայնիվ, կենդանի խոսքը որակապես տարբեր է): Այդ է պատճառը, որ մեր ուսանողներին հնարավորություն է տրվում անվճար օգտվել գրադարանի նյութերից եւ ինքնուսուցման կենտրոնի ռեսուրսներից:

Հուսով եմ՝ նկատեցիք, որ գրադարանի եւ ինքնուսուցման կենտրոնի գոյությունը եւս մեր կենտրոնը դարձնում է առանձնահատուկ: Կարծում եմ` Ձեզ հաճելիորեն կզարմացնի, որ ինչ-որ մասնավոր կենտրոն ունի հիանալի գրադարան (գուցե եւ՝ եզակին Երեւանում): Մենք ո՛չ համալսարան ենք, ո՛չ էլ դպրոց. այլ պարզապես ուսումնական կենտրոն ենք, սակայն մեզ մոտ կան այնպիսի գրքեր, ինչպիսիք չեք գտնի ոչ մի ուրիշ ուսումնական կենտրոնում: Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում ինքնուսուցման կենտրոնը: Այս գաղափարի հիմքում ընկած են ինքնուրույն ուսուցման (սովորել, սովորել) եւ մեծահասակների ուսուցման (life-long learning – ցմահ ուսուցում) սկզբունքները: Արեւմուտքում ինքնուսուցման կենտրոնը 2 ձեւով է գործածվում` կա՛մ որպես ինքնուրույն, կա՛մ որպես լրացուցիչ ստորաբաժանում: Մենք փորձում ենք կիրառել այն 2 ձեւով էլ: Նախ` որպես պարտադիր լրացում մեր դասաժամերի համար, ապա` որպես ինքնակրթման միջոց մեր ներկա եւ նախկին ուսանողների համար: Ինչպե՞ս ենք մենք դա անում: Սա մեթոդական հարց է: Եկեք ավելի լավ ծանոթանանք դրան:

Ինչպես արդեն ենթադրում եք, կենտրոնին բնորոշ մյուս առանձնահատկությունը ուսուցման մեր մեթոդն է: Իսկ ո՞րն է դրա առանձնահատկությունը: Այսօր ընդունված է լեզուն ուսուցանել կա՛մ խմբային, կա՛մ անհատական պարապմունքների միջոցով: Եթե ավելի խորն ուսումնասիրություն կատարենք, կտեսնենք, որ 2 մոտեցումներն էլ արատավոր են: Մի դեպքում (խմբային ուսուցում) տուժում է ուսանողը. կարող են անտեսվել վերջինիս անհատական պահանջներն ու խնդիրները: Մյուս դեպքում (անհատական ուսուցում) տուժում է լեզուն ըստ նպատակի գործածելու փաստը, այն է` լեզուն հաղորդակցման միջոց է, եւ չկա եւս մեկը, որի հետ կշփվի, կհաղորդակցվի ուսանողը:

Ահա թե ինչու մենք որոշել ենք համադրել խմբային եւ անհատական դասերը:

Սակայն մենք չենք բավարարվել միայն դրանով: Մենք փորձել ենք ավելի ճկուն համադրել խմբային եւ անհատական դասերը` գումարելով ինքնակրթման հմտությունների ձեւավորումն ու զարգացումը: Արդյունքում մեր կենտրոնն առաջարկում է դասընթացներ հետեւյալ ձեւով` շաբաթական 3 անգամ, որից երկուսը` խմբային, մեկը` անհատական՝ խմբի յուրաքանչյուր ուսանողի համար (ընդ որում` անհատական պարապմունքի 2 ժամից կես ժամը՝ ուսուցչի հետ, որի ընթացքում ուսանողը լրացուցիչ բացատրություն կամ աջակցություն է ստանում ուսուցչից` ելնելով անհատական պահանջներից, իսկ հաջորդ մեկուկես ժամը` ինքնուրույն, թեեւ նույն ուսուցչի վերահսկողությամբ եւ ղեկավարությամբ):

Ինքնուսուցման կենտրոնի առավելությունից է նաեւ կենտրոնում ձեռք բերած գիտելիքների պահպանման հնարավորությունը: Բոլորս էլ գիտենք` չգործածելու դեպքում օտար լեզուն շատ հեշտ կարելի է մոռանալ: Այդ պատճառով էլ մենք անում ենք առավելագույնը` անգլերենի հետ հնարավորինս առավել չափով շփում ապահովելու ուղղությամբ: Մեր ուսանողներին հնարավորություն է տրվում օգտվելու կենտրոնի ռեսուրսներից նույնիսկ դասընթացն ավարտելուց հետո:

Մենք գիտակցում ենք նաեւ, որ օտար լեզվի ուսուցումը ոչ այդ լեզվի միջավայրում կարող է լինել թերի եւ չի կարող սահմանափակվել զուտ դասաժամերով: Ահա թե ինչու, այժմ բանակցություններ ենք վարում Բրիտանիայի միջազգային լեզվական դպրոցներից մեկի հետ (իմիջիայլոց, այն հավատարմագրված է Բրիտանական խորհրդի կողմից)` մեր շրջանավարտներին որոշ ժամանակով այնտեղ ուսուցման ուղարկելու ուղղությամբ: Հուսով ենք, որ այդ հարցում մեզ կտրվեն արտոնություններ, բայց քանի դեռ բանակցությունները չեն ավարտվել, չենք կարող համոզված լինել դրանում:

Ըստ իս` անգլերենի հետ այսչափ շփման ապահովումը (ամսական անգլերեն լեզվով առնվազն մեկ գրքի ընթերցում, անգլերեն լեզվով մեկ ֆիլմի դիտում, հանդիպում բնիկ անգլիախոսի հետ), մեր գրադարանն ու ինքնուսուցման կենտրոնը, ուսուցման մեր մեթոդը (խմբային դասեր + անհատական դասեր) մեր կենտրոնը դարձնում են առանձնահատուկ: Ես չխոսեցի մեր ծրագրերի մասին, քանի որ կարծում եմ, որ ավելի լավ է ներկայացնել այն, ինչ անում ենք, քան այն, ինչ ծրագրում ենք անել:

Այնուամենայնիվ, կարծում եմ` պետք է խոսեմ մեր նախաձեռնություններից մեկի մասին: Մենք պատրաստվում ենք համագործակցել «168 Ժամ» թերթի հետ: Մեզ բացառիկ հնարավորություն է տրվել այս թերթում օտար լեզու դասավանդող ուսուցչի անկյուն ստեղծել: Մենք կողջունենք ձեր մտքերն ու առաջարկները` այս անկյունում քննարկվելիք հարցերի վերաբերյալ:

Կարինե ՄՈՒՐԱԴՅԱՆ
«Ամրոց» ուսումնական կենտրոնի տնօրեն

ՀՀ, Երեւան, 0002, Կոնդ 16
Հեռ.: ( 374 10) 541-814
Ֆաքս: ( 374 10) 541-815
Էլ. հասցե: [email protected]