Այդպես է կարծում սկանդալային համբավ ունեցող ֆրանսուհի հայտնի կինոռեժիսոր Կատրին Բրեյան: Նա Հայաստան էր եկել որպես «Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվավոր հյուր եւ իր էրոտիկ ֆիլմերի ցուցադրումներից առաջին հերթին շոկային ազդեցություն էր ակնկալում:
Հայ հանդիսատեսն իսկապես շոկ ապրեց հատկապես նրա «Ռոմանս X» ֆիլմը դիտելու ժամանակ: Թեեւ այդ կինոֆիլմի դիտման առաջին իսկ րոպեներից հետո մեծ թվով հայ հանդիսատեսն արագությամբ դուրս էր գալիս դահլիճից՝ չդիմանալով չափազանց «բաց» ու «մերկ», սեռական ակտը մանրամասն ցույց տվող տեսարանների առատությանը, այսուամենայնիվ, էպատաժային ռեժիսորի այցը մեծ հետք թողեց երիտասարդ կինոգործիչների ու կինոսիրողների մտքերում։ Իսկ Կատրին Բրեյան գոհ էր: «Արվեստը պիտի կլանիչ ուժ ունենա: Ես սիրում ու գնահատում եմ այն ուժը, որը կարողանում է հպվել ինտիմ ոլորտին: Նորմալ եմ համարում, որ հանդիսատեսը չէր դիմանում իմ ֆիլմերում առկա զգացմունքներին ու դուրս էր գալիս դահլիճից: Սկզբում ոչ ոք էլ չի կարողանում հանդուրժել այն, ինչը տեսնել սովոր չէ: Բայց հաստատ գիտեմ, որ հանդիսատեսը հետո անդրադառնալու է իմ ֆիլմերին ու բուժվելու է: Ֆրոյդն ասում էր, որ չի կարելի առանց խաբելու ապրել, բայց ես կարծում եմ, որ կարելի է: Այդ պատճառով էլ իմ հերոսները երբեք հայացքը չեն փախցնում հանդիսատեսից, նույնիսկ հայելու մեջ նայելու ժամանակ, նրանք ուղիղ իրենց արտացոլքին են նայում»,- ասաց նա:
Մի շարք երկրներում Կատրին Բրեյայի ֆիլմերի` մեծ էկրանին ցուցադրումն արգելված է, քանի որ ֆիլմերին ամրակցվել է «պոռնոգրաֆիա» պիտակը։ «Այո, ես պոռնոգրաֆիա եմ ցուցադրում, քանի որ դա արգելված է, իսկ ես ոչ մի տեսակի արգելքներ չեմ հանդուրժում։ Ինչո՞ւ կարելի է ցույց տալ այն տեսարանը, որտեղ մարդիկ սուրճ են խմում, իսկ սիրով զբաղվելու տեսարանները ցույց տալ չի կարելի։ Հիշեք, որ մեր թանգարանները լի են մերկ մարմիններ պատկերող կտավներով։ Բայց չգիտես՝ ինչո՞ւ մենք հանգիստ չենք կարողանում նայել մերկ մարմիններին մեր կյանքում։ Իմ ֆիլմերում ոչ թե էրոտիզմ կա, այլ` ավելի շուտ` անտրոպոլոգիա: Ինձ հետաքրքիր են նախապաշարմունքներն ու դրանցից ազատվելու միջոցները: Եվ մատնացույց անելով մարդկանց սեքսուալ ինքնությունը, ես առաջին հերթին մարդուն եմ ցույց տալիս: Ես գիտեմ, որ ինձ կամ սիրում են, կամ էլ՝ արհամարհում են։ Ինտիմ տեսարանները ես միշտ շատ կոպիտ եմ ներկայացնում։ Ես կարծես մարդկանց մանրադիտակով եմ ուսումնասիրում։ Եվ երբ սիրային տեսարաններ եմ նկարահանում, ապա որպես ռեժիսոր միշտ ձգտում եմ լինել երկու մարմինների արանքում, այն կետում, որտեղ հանդիսատեսը երբեք չի կարող մուտք գործել։ Հնարավոր չէ չտեսնել մերկ մարմինը, երբ այն խոշոր պլանով երեւում է էկրանին»,- ասաց նա Երեւանում, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում վարպետության դասի անցկացման ժամանակ։
Կատրին Բրեյան, ով դժվարությամբ է շարժվում, եւ կաթվածից հետո դժվարությամբ էլ ուժ է գտնում երկար զրույցներ վարելու համար, Երեւանում կարծես ամեն ինչ ուզում էր անել՝ բանավեճ սկսելու համար։ «Ես ազատության կողմնակիցն եմ ու ոչ մի տաբու չեմ ընդունում: Ինձ հաճախ ֆեմինիստ են անվանում, բայց ես ֆեմինիստ չեմ։ Իմ կարծիքով, ֆեմինիզմն ու արվեստն անհամատեղելի են։ Եթե ես իսկապես ֆեմինիստ լինեի, ապա կզբաղվեի քաղաքականությամբ։ Սակայն ես իմ մաշկի վրա զգացել եմ սեռական դիսկրիմինացիան, երբ փորձում էի սովորել Ֆրանսիայի Կինոյի ակադեմիայում, որտեղ ինձ ասացին, որ կանանց չեն ընդունում։ Կարծում եմ՝ կինո նկարահանել սովորել չի կարելի։ Կինո նկարահանել նշանակում է՝ մի նոր աշխարհ ստեղծել։ Իմ աշխարհը ես սկզբում գրականության միջոցով էի ստեղծում, եւ հետո միայն կինո եկա»,- ասում էր նա:
Փոքր ֆրանսիական գավառական մի քաղաքում ծնված Կատրին Բրեյան իր առաջին վեպը գրել է 17 տարեկանում: «Թեթեւ տղամարդ» կոչվող այդ վեպը գրաքննությունն արգելել էր վաճառել անչափահասներին, թեեւ հեղինակն ինքն էր անչափահաս: «Տարիքն ու կյանքի փորձը նշանակություն չունեն: Երիտասարդ ժամանակ մարդը կարող է ֆանտաստիկ ցանկություն ունենալ` փոխել աշխարհը: Երբ երիտասարդ ես, ավելի մոտ ես կյանքի իմաստը հասկանալուն, ավելի սուր ես զգում կյանքը»,- ասել է նա: Կատրին Բրեյան այլ ռեժիսորների համար սցենարներ է գրել, եղել է նաեւ Ֆեդերիկո Ֆելինիի «Եվ լողում է նավը…» ֆիլմի սցենարիստներից մեկը, որպես դերասանուհի՝ նկարահանվել է ֆիլմերում, նրա ամենահայտնի դերերից մեկը Բերտոլուչիի «Վերջին տանգոն` Փարիզում» ֆիլմում է եղել: Վարպետության դասի ժամանակ Կատրին Բրեյան ասաց. «Ես անում եմ իմ ֆիլմերը, երբ նրանք արդեն լիովին պատրաստ են լինում իմ մտքում։ Շատ բան ես ենթագիտակցաբար եմ անում։ Ռեժիսորն, իմ կարծիքով, սցենար նկարահանող մարդն է, իսկ ես ավելի շուտ հյուսն եմ, ով ֆիլմ է անում, կամ էլ ճարտարապետ եմ, ով ֆիլմ է կառուցում։ Ես քանդակագործի նման կերտում եմ իմ դերասանների
մարմիններն ու տեսարանները: Կինոյում կարեւորը պատկերի ճարտարապետությունն է։ Վերջիվերջո, պատկերը ոչ այլ ինչ է, քան ուղղահայաց ու հորիզոնական գծերը, լույս ու ստվերը, որոնց միանում են ազատ հորդող զգացմունքները… Սովորաբար ես շատ ճշգրիտ փորձեր եմ անում դերասանների հետ եւ գրեթե միշտ առաջին դուբլով եմ նկարահանում։ Կրկնությանը ձգտել չի կարելի, պետք է միանգամից որսալ պատկերը։ Կախարդական կադրը մեկն է լինում, եւ այն երբեք չի կրկնվում։ Այդ պատճառով էլ ես միշտ արգելում եմ իմ դերասաններին զվարճանալ նկարահանման հրապարակում, քանի որ կինոն ուշադրության մեծ կոնցենտրացիա է պահանջում։ Երբեք չի կարելի թույլ տալ, որ դերասանը բեմադրիչից ավելի ուժեղ լինի, հակառակ դեպքում դերասանները կարող են տեռոր անել։ Նույնիսկ ամենաուժեղ դերասաններն ինձ մոտ տնային փիսիկների են նմանվում։ Եվ ես միշտ զսպում եմ դերասաններին, եւ չեմ ուզում, որ նրանք կյանքում սիրային կապ ունենան։ Ընդհակառակը, ավելի լավ է, որ նրանք ոչ թե իրականում սիրեն, այլ՝ ատեն միմյանց։ Ավելի լավ է, երբ սիրո մեջ պատերազմ է հայտնվում։ Եվ դերասաններն իրենց սերն ու մարմինները ոչ թե իրար, այլ՝ ֆիլմին են տալիս։ Կյանքում ես բռնակալ չեմ, միայն կինոյում եմ բռնակալ։ Բայց նկատել եմ՝ որոշ աստիճանից հետո մարդկանց սկսում է դուր գալ բռնությունը»։
Մարդկանց՝ հատկապես՝ կանանց, ազատ սեքսուալ որոնումները ներկայացնող Բրեյայի ֆիլմերը շատ լուրջ հոգեբանական ուսումնասիրությունների արդյունք են եւ սեքսուալ նեւրոզներով լեցուն ժամանակակից հասարակություններում մեծ աղմուկ են հանում: «Ֆիլմ նկարահանելը շատ հեշտ է, միակ դժվարությունը փողն է: Մնացածը կիրք է: Իմ յուրաքանչյուր ֆիլմը ես առաջին ֆիլմն եմ համարում, այն տեղակայվում է լրիվ մերկ ու դատարկ տարածության մեջ, առանց հավակնությունների: Եվ եթե պիտի ապրեմ այս աշխարհում, ուրեմն պիտի իմ նոր աշխարհը հյուսեմ` կինոյում: Եվ ես ստեղծում ու վերստեղծում եմ իմ աշխարհը: Կինոյում երբեք չի արծարծվում ճշմարտության խնդիրը։ Ես ուզում եմ հասնել մի բանի, որը ոչ ոք մինչ այժմ չի տեսել, սակայն տեսնելով այն՝ կարող է կախարդվել։ Կինոյում կա «անտեսանելի տեսարան» հասկացությունը, որը մնում է հանդիսատեսի մոտ՝ ֆիլմի դիտումից հետո։ Ես միշտ ուզում եմ, որ հանդիսատեսը կառչի ֆիլմից եւ «փախչելու» հնարավորություն չունենա։ Ըստ էության՝ ֆիլմ նկարահանելը կախարդանք ստեղծել է նշանակում»: Կատրին Բրեյան կրքոտ հորդորում է մարդկանց` ազատվել տաբուներից եւ մտքով ազատ լինել: Ուշագրավ է, որ արգելքներ չընդունող կինոբեմադրիչի համար կան արգելված թեմաներ: Նա չի սիրում խոսել ընտանիքի եւ կրոնի մասին: Սեքսի մասին նա անկաշկանդ է խոսում, սակայն երբ մենք հարցրինք նրա ֆիլմերի հերոսների` ընտանիքից անպայման փախուստի դիմելու ցանկության մասին, Կատրին Բրեյան առանց որեւէ երկմտանքի կոպիտ ավարտեց զրույցը` ասելով. «Ընտանիքի թեման տաբու է»:
– Ձեր ֆիլմերում շատ են էպատաժային տարրերը, կարծես ուզում եք տեսարաններով «ապտակել» հանդիսատեսին: Այլ կերպ ազատության մասին խոսելու հնարավորություն չե՞ք տեսնում:
– Չի կարելի է տարանջատել սեքսը մտքից: Ամոթի զգացումով չի կարելի ղեկավարվել կամ ուղղորդվել։ Եվ կարծում եմ, որ շատ կրոններ տխուր պատկերացում են ստեղծում կյանքի մասին` պատերազմ մղելով սեքսի դեմ: Կրոնները հաճախ սեքսը ոչ թե որպես հրաշք, այլ` որպես հանցագործություն են ներկայացնում: Իսկ սեքսը դժոխք լինել չի կարող:
– Արեւելյան ժողովուրդների, նաեւ` հայերի համար մեծ դեր ունի ընտանիքը` որպես ինքնադրսեւորման կառույց: Հետաքրքիր է` ինչո՞ւ եք հարմոնիկ կյանքը, նաեւ` հարմոնիկ սեռական կյանքը միայն ընտանիքից դուրս տեսնում:
– Գիտեք, ձեզ նման շատ լրագրողներ ինձ հաճախ ասում են (Կաննի վերջին կինոփառատոնի ընթացքում էլ ասացի)` նման էրոտիկ ֆիլմերի նկարահանելու փոխարեն՝ ավելի լավ կլինի ընտանիքի հոգսերով զբաղվեք եւ երեխաներ ունենաք: Մինչդեռ քչերը գիտեն, որ ես երեք երեխա ունեմ ու շատ բարդ ընտանեկան կյանքի փորձ եմ ունեցել: Ինձ համար արվեստը հաղթահարված տառապանքն է, որը ոգեշնչում է դառնում։ Հավատացնում եմ ձեզ, որ ես իմ կյանքում շատ եմ տառապել: Եվ երբեք իմ անձնական կյանքի մասին հարցերին չեմ պատասխանում:
– Ես ձեզ անձնական հարցեր չեմ ուզում տալ, պարզապես ձեր հերոսուհիներն անպայման ուզում են դուրս գալ ընտանիքի կապանքներից: Ինչո՞ւ:
– Ընտանիքը բանտ է, զնդան է: Եվ ես իմ բնույթով` ընտանեկան կուլտուրայի արդյունքը չեմ: Ես փախել եմ իմ ընտանիքից, երբ երիտասարդ էի, փախել եմ կեղծ ընտանեկան արժեքներից:
– Իսկ կին եւ մայր լինելը չի՞ փոխում վերաբերմունքը սեքսուալ որոնումների նկատմամբ:
– Կին լինելը ոչ պիտի օգնի, ոչ էլ խանգարի մարդուն: Ֆիլմ նկարահանելու համար միտքը առավելագույն խտացման աստիճանի պիտի հասնի, դառնա աբստրակտ, եւ այդ ժամանակ այն չի կարող սեռական պատկանելություն ունենալ: Երբ ինձ հարցնում են` դուք ձեզ կայացած կին համարո՞ւմ եք, թե՞ ոչ, ես պատասխանում եմ` ես կայացած մարդ եմ, որը կարող է հասնել նրան, ինչին ուզում է: Կինը կարող է բարձրաձայնել այն հարցերը, որոնք կարեւոր է համարում, եւ դա անում է այն ժամանակ, երբ դրա հնարավորությունը լինում է: Տղամարդու համար բարձրաձայնելն ավելի դժվար է, ընդհանրապես, տղամարդիկ ավելի երկչոտ ու վախկոտ են, քան կանայք:
Կարող եմ ասել, որ իմ երեխաները շատ կարեւոր են ինձ համար, բայց չեմ կարծում, որ կարելի է երեխաներին շատ բան տալ` մտածելով միայն նրանց հոգսերը հոգալու մասին: Եվ երբ երեխաներին կաղապարում ես այդ ընտանեկան զնդանի մեջ, նրանք չեն կարողանում զարգանալ: Երեխային ավելին է հարկավոր, քան միայն ընտանիքը: Հարկավոր է սովորեցնել նրանց համառել, սովորեցնել միաժամանակ մի քանի բանի մասին մտածել, սեփական զարգացման մասին մտածել: Ես ինձ հրաշալի մայր եմ համարում, բայց միաժամանակ ես արտիստ եմ, արվեստագետ եմ: Եվ չեմ կարող հասկանալ` թե ինչո՞ւ պիտի սահմանափակվեի միայն մայր լինելով: Եթե կինը որոշում է միայն մայր լինել, կարծում եմ, այդ դեպքում` նա առանձնապես իր երեխաներին չի էլ գնահատում: Երեխաները կարող են մոր համար մխիթարանք լինել, բայց այդ մխիթարանքը չի բխում մարդասիրական, ալտրուիստական մղումներից: Իրականում բոլոր մարդիկ էգոիստ են: Եվ շատերն իրոք մխիթարվում են այն մտքով, որ երեխաներ ստեղծելով՝ նրանք իրենց կարծեցյալ շարունակությունն են ստեղծում: Բայց ավելի կարեւոր է այդ շարունակությունը գտնել հենց քո մեջ, ինքդ քեզ գտնելու ունակության մեջ: Երբ ինքդ արդեն կայացած մարդ ես դառնում, նոր միայն կարող ես երեխաներին ինչ-որ բաներ փոխանցելու մասին մտածել: Հենց դա կարող է լինել իրական շարունակությունը: Բայց, ցավոք սրտի, ես զգում եմ, որ մենք դադարում ենք կինոյի մասին խոսել, եւ ես կգերադասեի ավարտել մեր զրույցը: Ընտանիքի մասին խոսելը ցավոտ է ինձ համար, քանի որ ես ընտանեկան կյանքի մասին ցավագին հուշեր ունեմ: