Պահանջում են ազատ արձակել

24/08/2008

«Հանրապետություն» կուսակցության անդամ Արամ Բարեղամյանի կինը` Գարունիկ Սողոմոնյանը երեկ «panorama»-ի թղթակցին ասել է, որ ինքը եւ մարտի 1-ի դեպքերի հետեւանքով ձերբակալվածների մյուս հարազատներն արդեն 30-րդ նամակն են ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազություն, սակայն ապարդյուն: Հիշեցնենք, որ մարտի 1-ից հետո յուրաքանչյուր ուրբաթ օր քաղբանտարկյալների կանայք, հարազատներն ու ընդդիմության որոշ ներկայացուցիչներ Գլխավոր դատախազության շենքի դիմաց բողոքի ակցիաներ են կազմակերպում: «Մենք էլ ենք ուզում գտնել ու պատժել մարտի մեկի ոճրագործության մեղավորներին»,- ասել է Ա. Բարեղամյանի կինը: Իսկ «Այլընտրանք» հասարակական-քաղաքական կազմակերպության ներկայացուցիչ Նորայր Նորիկյանի կարծիքով, ամենուրբաթյա իրենց ակցիաները շարունակելու են այնքան, մինչեւ ազատ արձակվեն իրենց բոլոր համախոհները: