Գորի-Թբիլիսի երկաթգծի` Գորիից 40 կիլոմետր դեպի Թբիլիսի գտնվող մասամբ ավերված երկաթուղային կամրջի շինարարությունը նախատեսվում է ավարտել առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում: Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրդն «Արմենպրեսին» տեղեկացրել է, որ վերջին օրերին վերականգնված այլընտրանքային կամուրջը հնարավորություն չի ընձեռում մեծ քանակությամբ բեռներ տեղափոխելու: Այդ է պատճառը, որ Հայաստան տեղափոխման համար իրենց հերթին սպասող բեռները չեն բերվել այդ կամրջով: Վրացական երկաթուղու տնօրենը Վ. Բայբուրդին հավաստիացրել է, որ այլընտրանքային կամուրջն անվտանգ չէ մեծ քանակությամբ բեռներ տեղափոխելու համար. այն չի գործել 15 տարի, եւ տեղադրված սարքավորումները լիարժեք գործարկման հնարավորություն չեն տալիս:
Ըստ նրա` դեռեւս 4-5 օր կպահանջվի հիմնական` Գորի-Թբիլիսի կամրջի վերականգնման համար: «Ամեն ինչ արվել է, որ հայկական բեռները Հայաստան տեղափոխվեն այլընտրանքային, ցամաքային այլ ճանապարհներով: Արդեն մեքենաներ են շարժվել դեպի Հայաստան: Այստեղ շատ լավ է աշխատում նաեւ հայկական դիվանագիտական ներկայացուցչությունը: Վրաստանն էլ իր հերթին ամեն ինչ անում է, որ Հայաստանը չտուժի շրջափակումից»,- ասել է Վրաստանի նախագահի խորհրդականը: Նա նաեւ նշել է, որ եթե նույնիսկ բեռները տեղափոխվեին այլընտրանքային կամրջով, երկաթգծի մի հատվածում ռուսական զինտեխնիկա կա, եւ բեռները չէին կարող անցնել: