Զինված ուժեր են հարկավոր

24/08/2008

«Վրաստանին նոր զինված ուժեր են հարկավոր, որոնք 10 անգամ ավելի ուժեղ կլինեն մեր ունեցածից»,- հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Եվրոպայում ԱՄՆ-ի զինուժերի հրամանատար գեներալ Ջոն Կրեդոկի եւ ԱՄՆ Զարգացման միջազգային գործակալության տնօրեն Հենրիետա Ֆորի հետ համատեղ ասուլիսում: «Մենք կարողացանք պահպանել մեր բանակը, որը մի քանի օր դիմադրություն էր ցույց տալիս հակառակորդի գերակշռող ուժերին: Մեզ անհրաժեշտ է էապես ուժեղացնել մեր պաշտպանությունն ու անվտանգության կառույցները»,- ասել է նա: Երեկ Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը Թբիլիսիում հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը Վրաստանին կօգնի վերականգնելու իր պաշտպանունակությունը: «Դաշինքը կօգնի վերականգնելու Վրաստանի պաշտպանունակությունը, դա նախեւառաջ վերաբերում է հակաօդային պաշտպանությանը եւ պաշտպանական ենթակառուցվածքի վերականգնմանը»,- ասել է նա` վստահեցնելով, որ ՆԱՏՕ-ն հանդես է գալիս Վրաստանի տարածքային ամբողջականության օգտին եւ ամեն ինչ կանի երկրի միասնությունը պահպանելու համար: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը հայտարարել է, որ դաշինքը մնում է Վրաստանի գլխավոր գործընկերներից մեկը: Հիշեցնենք, որ նախօրեին ՆԱՏՕ-ն Ռուսաստանից պաշտոնական ծանուցում էր ստացել ռազմական համագործակցության ծրագրերի սառեցման մասին: Ի պատասխան, ՆԱՏՕ-ն արձագանքել էր, թե Ռուսաստանի հարաբերությունները «չեն կարող մնալ այնպիսին, ինչպես նախկինում էին»: