Երեկ թուրքական «Turkish Dayli News» օրաթերթում (օգոստոսի 22) հրապարակվել է ամերիկահայ վերլուծաբան Ռիչարդ Գիրագոսյանի հոդվածը` նվիրված հայ-թուրքական հարաբերություններին, մասնավորապես՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի` Կովկասում կայունության ապահովմանն ուղղված տարածաշրջանային ֆորում ձեւավորելու նախաձեռնությանը ու դրան Հայաստանի մասնակցության հնարավորությանը: Այն ներկայացնում ենք առանց կրճատումների։
Վերջին երկու շաբաթվա ընթացքում Վրաստանում տեղի ունեցած դեպքերը եւս մեկ անգամ ակնհայտ դարձրին այն, որ կովկասյան տարածաշրջանում կայունության սուր անհրաժեշտություն կա։ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը վերջերս տարածաշրջանային կայունությանը եւ անվտանգությանը նպաստելու առումով նոր հայտ ներկայացրեց, ինչը Թուրքիայի ավելի լայն նախաձեռնության՝ աշխարհաքաղաքական ազդեցությունն ընդլայնելու ծրագրի մի բաղադրիչն է։ Թուրքիայի այս նոր նախաձեռնության նպատակն է՝ միասնական ջանքերով կանխել հակամարտությունները, ապահովել բազմակողմանի անվտանգություն եւ տարածաշրջանային կայունություն։ Ի նշանավորումն այս նոր նախաձեռնության՝ Թուրքիայի վարչապետը օգոստոսի 20-ին ժամանեց Բաքու՝ հանդիպելով նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ Հանդիպման ընթացքում նա հստակեցրել է նախագծի նպատակները, որոնք վերաբերում են Կասպյան ավազանը Եվրոպային միացնող՝ այժմ արդեն խոցելի դարձած էներգիայի արտահանման ուղիների անվտանգությանը։
Էներգետիկ հրամայական
Այժմ ամենաառաջնահերթ խնդիրը նավթի մատակարարումների արագ վերականգնումն է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով։ Հիշեցնենք, որ այն փակվել է օգոստոսի 6-ից՝ խողովակաշարի թուրքական հատվածում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով, եւ դեռ չի վերագործարկվել, քանի որ դրան հաջորդած վրացական հակամարտությունն անվտանգության հետ կապված նոր մտահոգություններ է առաջ բերել։ Թեեւ թուրքական վնասված հատվածի նախնական փորձարկումը կատարվել է օգոստոսի 18-ին, սակայն որոշ մտահոգություններ դեռ մնում են։ Խնդիրներ կան Բաքու-Սուփսա՝ օրական 90 հազար բարել տարողունակություն ունեցող նավթամուղի հետ կապված. այն փակվել է Վրաստանում երկաթուղային կամրջի պայթեցման արդյունքում։
Հիշեցնենք, որ մինչ Ադրբեջան այցելելը, Էրդողանը հանդիպումներ էր ունեցել նաեւ Մոսկվայում եւ Թբիլիսիում՝ որտեղ նույնպես փորձում էր աջակցություն գտնել այս նոր նախաձեռնության հարցում։ Կարեւոր է նշել, որ նախաձեռնության հիմնական հրամայականը էներգիայի մատակարարման կայունության ապահովումն է. Վրաստանում տեղի ունեցած դեպքերը մտածելու տեղիք են տալիս ոչ միայն Բաքու-Թբիլիսի-Ջեյհան եւ Բաքու-Սուփսա նավթամուղերի, այլեւ՝ մյուս վառելիքային ուղիների խոցելիության մասին։ Խոսքը վերաբերում է, մասնավորապես, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղին եւ ԱՄՆ-ի ու Եվրամիության աջակցությամբ կառուցվելիք «Նաբուկկո» գազամուղի նախագծին, որը 2020թ. Եվրոպա կմատակարարի լրացուցիչ 31 միլիարդ խ/մ գազ։
Դրական մեսիջներ
Ադրբեջանն ու Վրաստանն ակնհայտ շահեր ունեն եւ կպաշտպանեն թուրքական նախաձեռնությունը՝ հաշվի առնելով էներգետիկ ոլորտում իրենց փոխադարձ կապերը։ Սակայն Հայաստանին շատ դժվար կլինի համոզել՝ ընդունել եւ աջակցել այդ նախաձեռնությանը, քանի որ երկիրը դուրս է մնում տարածաշրջանային էներգետիկ ենթակառուցվածքից։ Թուրքիայի վարչապետի՝ վերջերս արված հայտարարությունը թույլ է տալիս եզրակացնել, որ Անկարայում գիտակցում են Հայաստանի հետ համաձայնության գալու անհրաժեշտությունը եւ դժվարությունը։ «Մենք այս նախագիծը կքննարկենք Հայաստանի հետ՝ 5 երկրների մասնակցությամբ տարածաշրջանային համագործակցություն կառուցելու նպատակով»,- Ստամբուլում տեղի ունեցած Թուրքիա-Աֆրիկա գագաթաժողովի ժամանակ հայտարարել է Էրդողանը։ Չնայած այս հանգամանքին, Հայաստանը դժվար թե պատրաստակամություն հայտնի ընդունել Թուրքիայի առաջարկը, քանի դեռ երկու երկրների հարաբերությունների մեջ ոչ մի լուրջ դրական տեղաշարժ չկա, եւ սահմանը փակ է։
Հարկ է նշել, սակայն, որ լավատեսության նշաններ բոլորովին վերջերս երկու կողմերն էլ ցուցադրել են։ Թուրքիայի կողմից դա դրսեւորվել է Հայաստանի համար օդային տարածքի օգտագործման սահմանափակումների որոշակի թուլացմամբ (հեշտացնելու համար մարդասիրական օգնության մուտքը Վրաստան՝ Հայաստանի տարածքով), ինչպես նաեւ՝ հաշտարարական ոճի այն մեսիջով, որը Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն օգոստոսի 16-ին ուղարկեց Հայաստանին։ Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում էր, որ «Թուրքիան թշնամի չէ», եւ, որ ռուս-վրացական հակամարտությունը եւս մեկ անգամ հաստատեց «տարածաշրջանում առկա սառեցված հակամարտությունների լուծման եւ գ ապագայում անկայունությունը կանխելուն ուղղված հրատապ քայլերի ձեռնարկման» անհրաժեշտությունը։ «Այսպիսին է մեր պատկերացումը բոլոր խնդիրների վերաբերյալ։ Տարածաշրջանում մենք ոչ ոքի թշնամին չենք»,- ասել է նա՝ եւս մեկ անգամ հնչեցնելով Կովկասում կայունության ապահովմանն ուղղված տարածաշրջանային ֆորում ձեւավորելու Թուրքիայի առաջարկը։
Ավելացնենք միայն, որ չնայած վերջերս Շվեյցարիայում տեղի ունեցած հայ-թուրքական մի շարք գաղտնի բանակցություններին, այդուհանդերձ, դեռեւս մեծ ջանքեր են անհրաժեշտ հայ-թուրքական հարաբերություններում պատմական առաջընթաց ապահովելու համար։
Եթե Գյուլը մերժի հրավերը
Սակայն Գյուլի հաշտարարական բնույթի հայտարարությունը ոչ թե ուղղակի փորձ է՝ երկկողմանի կապերը վերականգնելու ուղղությամբ, այլ ավելի շուտ՝ արձագանք այն հարցին, թե ինքը կընդունի՞ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը եւ կժամանի՞ Երեւան՝ միասին դիտելու Աշխարհի գավաթի որակավորման փուլի Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղը սեպտեմբերի 6-ին։ Նա պատասխանել է, որ դեռ «գնահատում է հրավերը»։ Սակայն վտանգ կա, որ մերժումը զայրույթ եւ հիասթափություն կհարուցի հայ հասարակության մեջ։ Իսկ այդ տարբերակն այս պահին ամենից հավանականն է թվում։
Հրավերի հնարավոր մերժումը, բացի հասարակության բացասական արձագանքից, կարող է նաեւ ի չիք դարձնել Հայաստանի կողմից ձեռնարկված քայլերի արդյունքում ակնկալվող դրական փոփոխությունները։ Այդ քայլերից է, օրինակ, այն, որ Հայաստանը թուրք ֆուտբոլասերների համար ժամանակավորապես սահմանել է առանց մուտքի վիզայի այցելության ռեժիմ, որպեսզի նրանք կարողանան անարգել գալ եւ ներկա գտնվել միմյանց առաջին անգամ հանդիպող հավաքականների խաղին։ Ավելի նշանակալից մի քայլ Հայաստանը կատարել էր դեռ ամռանը. Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ իր կառավարությունը, սկզբունքայնորեն, պատրաստ է ընդունել համատեղ պատմագիտական հանձնաժողով ստեղծելու Թուրքիայի առաջարկը, որը պետք է տեսականորեն ուսումնասիրեր 1915թ. տեղի ունեցած հայոց ցեղասպանության փաստի ճշմարտացիությունը։
Այսպիսով, պարզ է, որ քանի դեռ Անկարան չի ցանկանում կամ չի կարողանում լուծել Երեւանի հետ այս պահին ունեցած իր խնդիրները, Հայաստանը չի ցանկանա ընդունել կամ աջակցել տարածաշրջանային կայունության՝ Թուրքիայի նախաձեռնությանը։ Իսկ հասարակական արձագանքը՝ ինչպես Հայաստանի ներսում, այնպես էլ Սփյուռքում, մերժողական կլինի Թուրքիայի ցանկացած տարածաշրջանային նախաձեռնության նկատմամբ, քանի դեռ չեն հաստատվել նորմալ դիվանագիտական հարաբերություններ եւ չի բացվել հայ-թուրքական սահմանը։