…Սարսելով դահլիճն ու ֆոյեն- Ավետեց ամբողջ աշխարհքին…
Եղիշե Չարենց
Եթե փորձենք այլաբանորեն ու համառոտ պատմել հայ քաղաքական գործիչների կենսագրությունը, ապա ավելի լավ չենք անի, քան Խարմսը իր մի քանի տողով. «Մի պառավ չափազանց հետաքրքրությամբ դուրս նայեց պատուհանից, ցած ընկավ եւ ջարդուխուրդ եղավ: Պատուհանին մոտեցավ մի ուրիշ պառավ եւ սկսեց նայել ներքեւում ջարդուխուրդ եղածին, սակայն չափազանց հետաքրքրության պատճառով նույնպես վայր ընկավ պատուհանից եւ ջարդուխուրդ եղավ: Հետո պատուհանից ցած ընկավ երրորդ պառավը, հետո՝ չորրորդը, հետո՝ հինգերորդը: Երբ ցած ընկավ վեցերորդ պառավը, ես հոգնեցի նրանց նայելուց եւ գնացի Մալցեւյան շուկա, որտեղ, ասում են, ինչ-որ կույրի գործած շալ են նվիրել»:
Հաստատ չենք չափազանցնի, եթե ասենք, որ ցանկացած քաղաքական գործիչ մի քիչ գրող է, ուստի գործնականում՝ ջղագար, որ հաճախ բուժիչ նշանակություն ունի, եթե գրողը գրում է, իսկ քաղաքական գործիչը՝ գործում: Առհասարակ գրել չիմանալը զուտ հայկական ֆենոմեն է: Եթե մտովի հաշվենք, թե Հայաստանում քանի քաղաքական գործիչ է կարողանում գրել, ապա ապշանքից չգիտես ինչ մտածես: Լեւոն Տեր-Պետրոսյան, Վանո Սիրադեղյան, երջանկահիշատակ Վազգեն Սարգսյանը, Տիգրան Թորոսյան… մեկ-երկուսին էլ՝ դուք ավելացրեք, եւ՝ վե՛րջ: Մնացածները հարցազրույցների առյուծներ են, մտքի բանավոր սոկրատներ, որոնք այդպես էլ չեն ունենում իրենց Պլատոնին եւ առանձնապես չեն դժգոհում: Սակայն երբ մտաբերում ես, որ հայերեն գրել չգիտեն նաեւ հայ բժիշկները, ինժեներները, երաժիշտներն ու երգահանները, նկարիչներն ու արվեստագետների մեծ մասը, քիչ բացառություններով՝ պատմաբաններն ու լեզվաբանները, անգամ գրողները, որոնց կոչումը միմիայն գրելն է, ապա քաղաքական գործիչների «մեղքը» զգալիորեն մեղմանում է: Բացատրություններ, անշուշտ, կան, մասնավորապես՝ հայկական անուղղելի լավատեսությունը, իսկ հայտնի է, որ ով լավատես է, ոչ միայն վատ է տեսնում, այլեւ վատ է գրում: Բայց խնդիրը պատճառների որոնումը չէ, այլ հետեւանքի գործած ավերածությունները: Համ էլ միշտ չէ, որ պատճառի հայտնաբերումը մխիթարական է: Եվ այս պարագայում արդեն հասկանալի է դառնում ռաբիսի հաղթարշավը ոչ միայն երաժշտության, այլեւ բոլոր այն ոլորտներում, որտեղ հնարավոր է, հատկապես՝ լեզվի տիրույթներում: Եվ ցավդ գալիս է Տերյանի ու Չարենցի, Սեւակի ու Սահյանի, Հակոբ Մովսեսի ու Հրաչյա Սարուխանի համար, որոնց խոսքը դեռ պահում է հայոց լեզվի «արծաթը», սակայն անզոր է կավը զատել ջրից, ինչպես ալքիմիկոսներին չհաջողվեց երկաթից ոսկի ստանալը:
Գեղամյանն այն քիչ հայ քաղաքական գործիչներից է, որ գրել գիտի: Եվ լավ է գրում: Լացացնելու չափ: Բանավոր խոսքը պահում է գրավորի նույն որակը՝ հավելելով տենորի սրտաճմլիկ երանգը: Այսպիսի խոսքը մշտապես լսարանի կարիք ունի եւ Գեղամյանին դժվար է պատկերացնել առանց լսարանի: Եվ հայ քաղաքական լսարանն է դժվարպատկերացնելի առանց Գեղամյանի, որովհետեւ դժվար է պատկերացնել այն, ինչ չկա: Լեզուն գիտակցության համարժեքն է եւ իրականության նկարագրվող հնարավորությունը: Չկա լեզու, ուրեմն չկա նաեւ իրականություն, իսկ եթե չկա իրականությունը, ապա որտե՞ղ պիտի գործի քաղաքական գործիչը: Անշուշտ՝ Հայաստանում: Որովհետեւ Հայաստանն իրականությունից դուրս է, Չարենցը կասեր՝ մտքի զառանցանք, ուղեղի մորմոք: Հայաստանն ուտոպիա է բառիս բուն իմաստով, այսինքն՝ անտարածություն: Ժամանակակից լեզվով՝ վիրտուալ իրողություն: Եվ Գեղամյանը այդ ուտոպիայի, այդ վիրտուալ տարածության գերազանց տեսաբանն է: Ըստ այդմ՝ այստեղ, Հայաստանում, կարելի է երջանիկ լինել անհատապես, եթե Տերը… կներեք, Սերժ Սարգսյանը կամենա:
Գեղամյանի խոսքը «ակտիվ» է, իսկ դա այն խոսքն է, որը նկարագրում է հայրենիքը սիրող, արդարությանը եւ ազնվությանը հավատացող դրական հերոսի պայքարը բացասական գծերով օժտված հակառակորդների դեմ: Նրա ոճը եռանդուն է, տեղ-տեղ՝ կտրուկ որակումներ տվող, սակայն մշտապես պահպանում է նահանջի ճանապարհը եւ կամուրջներ չի այրում… իր եւ իշխանությունների միջեւ, հատկապես այն ժամանակ, երբ կամուրջներ չկան ու երբեւէ չեն եղել:
Այդ խոսքին բնորոշ են մի շարք որակներ, բայց գերշխողը մեկն է՝ ինչքան հնարավոր է` բառերին հուզական երանգ տալ: Դրան նա հասնում է հայերենին հակառակ օրենքով՝ բառերի առաջին վանկի շեշտադրմամբ, շարունակությունը խեղդելով իրար հաջորդող ածականների հեղեղով: Իսկ եթե դա չի բավարարում՝ դիմում է թվերի ու վիճակագրության մոգական ուժին: Հազիվ թե Հայաստանում գտնվի մի երկրորդ մարդ, որ այդպես հավատա թվերին, եւ մեկ ուրիշը, որ կարողանա նրա պես հաշվել… փողերը:
Գեղամյանի ֆանտազիայի աշխարհագրությունը չափազանց ընդարձակ է, եւ հայրենասիրությունն՝ անամփոփելի, որպեսզի տեղավորվի 29 հազար քառակուսու մեջ, տնտեսական եռանդն աներեւակայելի մեծ է, որպեսզի մնա դրամի նեղլիկ գոտում, ինտելեկտուալ պաշարն ահռելի է, որպեսզի բավարարվի Րաֆֆիով. եւ նրա անսանձ հոգին սավառնում է անծայրածիր տափաստաններով, ռուբլու լայնարձակ պողոտաներով, գրականության տոլստոյներով ու … հաշվում է:
Գեղամյանի լեզուն ունի կլինիկական մի առանձնահատկություն եւս՝ կորցնելով իրականության զգացողությունը, այն փոխարինում է իշխանափոխության երազանքներով, եթե իշխանությունը մոռանում է իր ներկայությունը: Այդպես Հայրենիքի փրկության Հակաճգնաժամային ծրագիրը վերածվեց անձնական ճգնաժամի, անձնական ճգնաժամը՝ քաղաքական գործունեության, քաղաքական գործունեությունը՝ Լ. Տեր-Պետրոսյանի դեմ պայքարի: Անշուշտ, հետեւանքները չափազանց ծանր են. աչքներիս առաջ մենք կորցնում ենք ողբերգակի ամպլուայով մեծ բեմի դերասանի: Ինչ արած՝ արվեստը զոհեր է պահանջում, գուցե նաեւ այն դեպքում, երբ զոհն արվեստն է: Մանավանդ մեծ դերասանի պարագայում միշտ էլ դժվար է կռահել, թե Ավետարանից մեջբերումներ անողը սո՞ւրբ է, թե՞ շարքային սատանա: Գեղամյանի լեզուն ձգտում է ապոկալիպսիսի՝ հայտնատեսության, բայց քանի որ այն, ինչ տեսնում է, չի հայտնվում, կամ, ինչ հայտնվում է՝ չի տեսնում, լեզուն մնում է միմիայն ինքն իրեն ուղղված իրողություն, մենախոսություն, որ անտանելի կտտանք է այդքան լսարան սիրող գործչի համար: Այս դեպքում Գեղամյանը հայտնվում է դասական պսիխոզի վիճակում, որի հետեւանքով Ես-ը եւ իրականությունը տարանջատվում են: Ուստի հարկադրված՝ նա երեւակայության ուժով փորձում է ստեղծել այնպիսի նոր իրականություն, որպեսզի ցանկությունները համապատասխանեն իրականությանը, իրականությունը՝ սեփական պատկերացումներին: Եվ այդ վիճակը տեւում է ընտրությունից-ընտրություն: Այսինքն՝ չորսից հինգ տարի, եւ այդ ընթացքում առաջացած դեպրեսիայի տեւականության ուժն ուղիղ համեմատական է ցանկության ուժին, թեպետ աշխարհը, մանավանդ՝ Հայաստանը, մնում է նույնը:
Շատերի կարծիքով, Գեղամյանն այն ընդդիմադիր ուժերից մեկն էր, որ հայտնվելու էր խորհրդարանում, մանավանդ դրա համար շատ արցունքներ էր թափել: Բայց հայտնի է նաեւ, որ լացողներին երկու անգամից ավելի չեն օգտագործում, ուստի նա շարունակելու է լաց լինել, սակայն խորհրդարանի պատերից դուրս: Այս ընթացքում ցանկություններն ուժգնանալու են եւ, համապատասխանաբար՝ թուլանալու է իրականության զգացողությունը, ի հետեւանք՝ դարձյալ գործի է դրվելու ամենակուլ երեւակայությունը: Նրա համար իրականը մշտապես ճնշվում է երեւակայությունից, իսկ եթե չի հաջողվում, ապա առաջին պլանում հայտնվում է խորհրդանշականը: Իսկ երբ խորհրդանշականը գումարվում է դեպրեսիայի ուժին, ողջ աշխարհը վերածվում է վշտի ու տրտմության հովտի: Եվ այդպես՝ մինչեւ հաջորդ ընտրություն: