Իսկ ջրհորում կռկռում են գորտերը…

24/08/2008 Էլեոնորա ՆԵՐՍԻՍՅԱՆ

Արվեստը նույնքան իրականություն է, որքան ջրհորը, ու եթե ջրհորը ինքնակա գոյ է, ապա արվեստը մարդու ստեղծած գոյն է, որը կարող է իր մեջ ներառել նաեւ ինքնակա գոյը. խնդիրն այն է, թե այդ ինքնակա գոյն այնուհետեւ ինչպես է դրսեւորվում արվեստում, ինչպես է ապրում նրանում։

Այսօր աշխարհում արժեքների վերարժեւորում է տեղի ունենում ոչ այն պատճառով, որ իրական արժեքները սպառել են իրենց, կամ փոխվել է մարդու վերաբերմունքը դրանց նկատմամբ, այլ փոխվել են այդ արժեքները սպասարկողները, ավելի ստույգ՝ այդ արժեքների նկատմամբ բացահայտ բռնություն է գործադրվում եւ գործադրվում է ոչ թե հանուն արվեստի, այլ արվեստը ծառայեցնելով որոշակի շահերի։

Իրականում աշխարհում կատարվում է ուժերի վերադասավորում, իշխանության զավթում, ընդ որում, առանց դասական կանոնների, ինչպես առանց կանոնների սպորտային մարտում։ Այդ ճանապարհին վերացվում է ամեն ինչ, ինչը կարող է խանգարել, կամ, կարող է թվալ, թե խանգարում է վերջնական նպատակն իրագործելուն։ Եվ քանի որ իշխանության ձգտողների միակ նպատակն իշխանության զավթումն է՝ հանուն իշխանության, մնացած ամեն ինչ դառնում է այդ նպատակին ենթակա միջոց։ Վեհ գաղափարներն ու դրանցից ճառելը ամենասովորական միջոցն են զանգվածների ուշադրությունը գրավելու եւ նրանց համակրանքը շահելու։ Սակայն այլ բան է դրանցից ճառելը, այլ բան՝ դրանք իրագործելը։ Նրանք, ովքեր կարող են այդ գաղափարներն իրագործել, կապ չունեն իշխանության եւ նրա խնդիրների հետ, քանի որ այլ արժեքներ են կրում եւ հավատարիմ են այդ արժեքներին, իսկ իշխանությունները կամ իշխանության ձգտող ռեալ ուժերը շրջապատված են միջակության օղակով, որոնք թե՛ ծափահարում են նրանց, թե՛, այսպես ասած, գաղափարներ մատուցում։ Եվ որքան էլ տարօրինակ թվա, իշխանությանը կամ դրան ձգտող ուժերին սպառնալիք են հենց նրանք, ովքեր, թվում է, թե սրտացավորեն օղակել են նրան։ Բանն այն է, որ այս միջակության օղակը որեւէ այլ նպատակ չունի, քան իշխանության գարշապարը լիզելով՝ հասնել սեփական իշխանության, իսկ նրանք, ովքեր հեռու են իշխանությունից եւ ծառայում են սոսկ վեհ գաղափարների, նրանց միակ ցանկությունն իշխանության հարցում՝ արժանավոր իշխանություն ունենալն է, իշխանություն, որ թույլ տա կամ գոնե չխանգարի արժանավայել ապրել ու ստեղծագործել, ապրել հանուն այն վեհ գաղափարների, որոնցից ճառողները ճառում են, բայց ի զորու չեն իրագործել։

Սակայն իշխանությանն օղակող միջակությունը սկսում է իր իրականությունն ու կանոնները թելադրել թե՛ իշխանություններին, թե՛ զանգվածներին. նրան ձեռնտու է թուլացնել թե՛ մեկին, թե՛ մյուսին, որի համար նա առանձնապես մեծ ջանք չի գործադրում, քանզի իր նպատակը համապատասխանում է տիրապետած մեթոդներին ու մակարդակին։ Սեփական իրականությունը հաստատելու համար նա նախ եւ առաջ պետք է խեղաթյուրի իրականությունն առհասարակ եւ նրան առնչվող պատկերացումները։ Այս միջակությունները դեռեւս խորհրդային կոմսոմոլի մնացուկներն են եւ նրանց հետեւորդները եւ գործում են գրեթե նույն մեթոդներով՝ ճառելով, զրպարտելով, խուսանավելով, ստելով, տանել-բերելով, գրաքննությամբ, յուրաքանչյուր բառի տակ ռումբ որոնելով եւ այլն։ Նրանք կոմսոմոլական էնտուզիազմով ուզում են անընդհատ զանգվածային միջոցառումներ անցկացնել եւ ամեն ինչ բերել զանգվածային սպառման մակարդակի՝ երգել եւ ապրել ֆոնոգրամայի տակ։ Այնինչ զանգվածներին այնքան էլ հեշտ չէ ֆոնոգրամայի տակ պահելը, քանզի հաց ուտելու իմիտացիա անելը ստամոքսն իրականում չի կշտացնում, իսկ իշխանությունները հեշտությամբ կարող են կուլ տալ խայծը, քանզի իրենք այդ նույն ֆոնոգրամայի տակ թաքուն կամ աշկարա ուտում եւ կշտանում են։

Վեհ գաղափարներից՝ արվեստ, գրականություն, լեզու, երաժշտություն եւ այլն, ճառելը, այսպես ասած, կոմսոմոլական էլիտայի բնութագրիչ հատկանիշն է։ Սակայն, ինչից նա ճառում է, իրականում կապ չունի դրա հետ՝ ո՛չ արվեստի, ո՛չ այլ գաղափարի, քանզի ինչ իրականում կապ ունի արվեստի հետ, դրանից նա ահավոր վախենում է, քաջ գիտենալով, որ այնտեղ ինքը տեղ չունի եւ հասու չէ դրան։ Իսկ ինչին նա հասու չէ, պետք է ուրիշներին էլ հավատացնի, թե նրանք էլ հասու չեն դրան, եւ բոլորին անհրաժեշտ է հարթ ու հավասար դաշտ, ուր խոտը մի բարձրության է աճում, եւ խոտին հասնելու համար բոլորը նույն չափով պետք է կռանան։ Նման միջակությունների ծառայություններից առանց մեծ ջանքերի օգտվում են դրսի ուժերը, որոնք ազդեցության նոր ոլորտներ զավթելու միտում ունեն։ Մեր ժամանակներում ամենաէժան, արդյունավետ եւ առաջին հայացքից աչքի չընկնող զենքը մշակութային գրոհն է՝ ամենատարբեր դրսեւորումներով, եւ ոչ թե դրսից ուժեր բերելով, այլ օգտագործելով ներսի ուժերը, ուր, թվում է թե, շահերը համընկնում են, եւ սկսվում է ներսի ու դրսի անգրագետ, բայց կազմակերպված գրոհը մշակութային արժեքների, հատկապես լեզվի վրա, լեզվի, որը ոչ միայն մշակութային դաշտի հիմնարար արժեքն է, այլեւ ժողովրդի ու ազգի արժեքային համակարգի գոյության ու արարման հիմնական գործիքը։

Այսպես սկսեց բռնադատվել լեզուն եւ կեղծ իրականության «փրկության» պարանը փաթաթվեց նրա վզին։ Նախ դրվեց արեւմտահայ եւ արեւելահայ լեզուների գումարման ու հավասար բաժանման խնդիրը՝ պատճառաբանելով երկու հայ հատվածների լեզվական մերձեցման անհրաժեշտությունը։ Պարզ է, որ այս սատանայական մեթոդի հեղինակները հայոց լեզվի փրկության կամ արեւմտահայ ու արեւելահայ հատվածների մերձեցման խնդիրը չէ, որ հետապնդում էին (չգիտես ինչո՞ւ հայն ու ճապոնացին, հայն ու անգլիացին, հայն ու ռուսը, հայն ու էլ ով ասես կարող են լեզու գտնել եւ իրար հասկանալ, իսկ հայն ու հայը՝ ոչ. ի վերջո, ի՞նչ կասեք այն բազմաթիվ բարբառներին, որոնցից հյուսված է հայերենը, եւ ոչ միայն հայերենը, այլեւ ցանկացած կենդանի լեզու)։ Այս փորձն ակներեւորեն ձախողվեց, քանի որ գիտնականների առողջ հատվածն ակտիվորեն պայքարեց դրա դեմ, իսկ ժողովուրդն էլ առավել եւս չէր կարող բնական հունից դուրս գալ եւ գնալ արհեստական ճանապարհով։ Այժմ էլ հարցին այլ կողմից են փորձում մոտենալ ազգի ճակատագրով «մտահոգները». քանի որ նախորդ տարբերակով կրկին սովորելու խնդիր էր առաջանում, ինչն, իրոք, բարդությունների առաջ էր կանգնեցնում (մարդիկ պետք է ուղղակի մի կողմ դնեին նախկինում յուրացրածը եւ սկսեին զրոյից), իսկ այժմ՝ լեզուն խոսակցականի կողմը ճկելու տարբերակում, հակառակը, որեւէ ջանքի խնդիր չկա, եւ ով ինչպես ուզի՝ կարող է արտահայտվել կամ գրել (նման պարագայում դպրոցական ուսուցումը կարելի է սահմանափակել չորրորդ դասարանի կրթությամբ, քանզի նպատակը մեծ չէ՝ տառաճանաչություն եւ պարզ թվաբանություն)։ Պարզ է, որ պատվիրատուն եւ նրա կամակատարը շատ լավ են գիտակցում, որ լեզուն այն արժեքն է, որին հենվում է մշակույթը, իսկ մշակույթի վրա գրոհելու լավագույն ձեւը լեզուն արժեզրկելն է, իսկ ովքեր ստանձնում են այն արժեզրկելու բուն գործողությունը, հետապնդում են նախ ֆինանսական շահ, ապա դրանով իսկ ձգտում են իշխանության թե՛ արվեստի ոլորտում, որը, նրանց կարծիքով, փառքի ճանապարհ է, թե՛ զուտ իշխանության, որը ուժի երաշխիք է։

Առաջին հայացքից դիտարկումը կարող է չափազանցություն թվալ, սակայն մի օրինակն էլ բավական է՝ համոզվելու համար, թե ինչ ավերածություններ կարող է բերել չմտածված քայլը։ Վերջերս պատիվ ունեցանք հեռուստատեսությամբ դիտելու, իբր, Արցախյան ազատամարտին նվիրված «Մի վախեցիր» մի քանի մասանոց հեռուստատեսային ֆիլմը, որն իսկապես վախենալու եւ մտահոգվելու լուրջ առիթ է տալիս։ Երկարատեւ լռությունից հետո մեր ժամանակաշրջանի կարեւորագույն իրադարձությունը շոշափող ֆիլմ է բարձրանում էկրան, որն այսօր պետք է այն բարոյական արժեքները մատուցեր հանդիսատեսին, որ մխիթարվեր իր տված զոհերով, գնահատեր զրկանքները եւ հաղթաթուղթ լիներ ոչ այնքան մեր օգտին ձգձգվող արցախյան խնդրի միջազգային բանակցությունների գործընթացին (թեեւ հեղինակները կարող են առարկել, թե իրենք նման նպատակներ չեն հետապնդել, իսկ հանդիսատեսը ի պատասխան կարող է հարցնել՝ իսկ ի՞նչ են հետապնդել)։ Որեւէ բան հետապնդել են թե չէ, արդյունքում նկարահանել են գռեհիկ լեզվով, գռեհիկ տեսարաններով եւ գռեհիկ կերպարներով մի շիլա-փլավ, որ մարսողության համար հակացուցված զանգված է, եւ ամենաշահագրգռված հանդիսատեսն էլ չի կարող իրեն ստիպել ենթարկվել ֆիլմը դիտելու կտտանքներին. հարց է ծագում՝ ո՞ւմ համար եւ ի՞նչ նպատակներով են մսխվում ժողովրդի՝ առանց այն էլ սուղ ֆինանսական միջոցները, ո՞վ է դրա պատվիրատուն։ Ո՞րն է այստեղ արվեստը, եւ ո՞րն՝ իրականությունը, ո՞ր ժողովուրդն է այդպես խոսում ու ապրում (թե՞ արդեն պուզատիներին չեն տարբերում ժողովրդից, եւ նրանց կենցաղն օդի պես անհրաժեշտ է մեր ժողովրդին, կամ ժողովուրդը չի ճանաչում նրանց եւ դրանցով է ապրում ու դրանցով է կերտելու իր ապագան. միայն թե չարդարանան, թե դա «առողջ» քննադատություն է, եւ նման մոտեցումը օդը մաքրելու միջոց է)։ Ժամանակին վրացիները «Զինվորի հայրը» ֆիլմով հաղթեցին Հայրենական պատերազմը եւ պատերազմն առհասարակ, հայերը՝ «Զինվորն ու փիղը» ֆիլմով. սա է արվեստի իրականությունը, եւ իրականությունն այդպես է վերածվում արվեստի. սա է արվեստի ու իրականության բնական շփումը։

Եթե հիշենք լեզվի տիրապետության շառավիղը (գրականությունը լայն իմաստով՝ գեղարվեստական, գիտական, մասնագիտական եւ այլն, հեռուստատեսություն, թատրոն, կինո, երգարվեստ, մի խոսքով՝ մտածողության բոլոր ոլորտները, որն էլ ընդգրկում է ողջ բնակչության բոլոր շերտերը՝ սկսած տարիքայինից, վերջացրած տարաբնույթ մակարդակներով), կհասկանանք, որ ցանկացած ահաբեկությունից ամենավտանգավորը ոտնձգությունն է լեզվի դեմ։

Պետք է ուշադրություն դարձնել այն փաստին, որ հատկապես ոտնձգությունն ուղղված է պետականություն ունեցող լեզվի՝ գրական (այսինքն՝ մտածողական) արեւելահայերենի դեմ (մե՛կ՝ հին ուղղագրությանը վերադառնալու կոչեր, մե՛կ՝ արեւմտահայերենի ուղղագրությանը հետեւելու կոչեր, մե՛կ՝ խոսակցական-ժարգոնային լեզվի պաշտպանության կոչեր)։

Եզրակացությունը մեկն է՝ կան շահագրգիռ ուժեր, որ համառորեն աշխատում են ժողովրդի ճաշակի ու նրա արժեքների, նրա բարոյականության ու պետականության դեմ։ Հենվելով երկրում տիրող սոցիալական անմարդկային պայմանների եւ որոշ միջակությունների պուճուր փառասիրության վրա, դրսից ներթափանցում են թե՛ լեզուն ոչնչացնելուն միտված ծրագրեր, թե՛ աղանդներ՝ խղճի ազատության եւ կեղծ քարոզների ներքո, թե՛ միասեռականության ազատության կոչեր եւ թե՛ ամենաթողության անկախություն։ Ոմանք տրվում են դրանց՝ ուղղակի կապերի եւ գործարքի միջոցով, ոմանք էլ, չհասկանալով, սկսում են ընդօրինակել նրանց, ովքեր որոշակի խնդիրներ ունեն եւ որոշակի ծառայություններ են մատուցում որոշակի ուժերի։ Այսպես, ընդարձակվում են աղանդների տիրապետության շրջանակները եւ համապատասխանաբար ավելանում դրանց ազդեցությամբ ու դրդմամբ ինքնասպանների թիվը, քայքայված ընտանիքները, պետությունից ու հայրենիքից դասալքվածները։ Միասեռականության դրսեւորման ցինիզմն անցնում է բոլոր սահմանները, եւ ազգի վերարտադրման անհնարինության փտախտը մետաստազներ է տալիս (չհաշված իմունային վարակը)։ Սկսում է տիրապետության ոլորտն ընդլայնել դատարկաբան, գռեհիկ-ժարգոնային, հոգեզուրկ, օրենքներից ու կանոններից շեղված փողոցային լեզուն, որը որեւէ անելիք չունի մշակութային դաշտում, բացի մոլախոտային դերից։

Նման պարագայում իրականության միակ արվեստը եւ արվեստի միակ իրականությունն այն է, որ ջրհորում, անկախ ջուր լինելու պարագայից, կռկռում են գորտերը…