Հյուսիսային Օսիան հեղեղված է փախստականներով

24/08/2008

Հյուսիսային Օսիան, որն անմասն չի մնացել իր սահմանին տեղի ունեցող հակամարտությունից, կրկին փախստականների հոսք է ընդունում, որ բերում է իր հետ սարսափով ու տառապանքներով լի պատմություններ: «Մենք ոչ լույս ունեինք, ոչ ջուր, ոչ սնունդ»,- ասում է 40-ամյա Տատյանա Վալիեւան Ցխինվալից, հիշելով Վրաստանի կողմից Հարավային Օսիայի ռմբակոծությունը: «Մենք միայն պայթյուններ էինք լսում, բայց չգիտեինք, թե ինչ է կատարվում: «Երբ ռմբակոծությունը դադարում էր, մենք ձայն էինք տալիս ուրիշ նկուղներում ապաստանած մարդկանց, նրանք մեզ պատասխանում էին, բայց սա շատ կարճ էր տեւում` մինչեւ հաջորդ ռմբակոծությունը: Մենք ստիպված էինք քնել փայտե տախտակների վրա»:

Տատյանան Ցխինվալի մանկապարտեզներից մեկում դայակ էր աշխատում: Օգոստոսի 7-ին, երբ սկսվեց քաղաքի ռմբակոծությունը, նա իր հարեւանի տանն էր, եւ հաջորդ չորս օրերն անցկացրել է նրանց նկուղում: Չորրորդ օրը, կռվի դադարի ժամանակ Տատյանան վեց այլ կանանց հետ լքեց իր ապաստանը եւ տեսավ, որ իր տունն ամբողջովին ավերված է, իսկ հարակից փողոցները լի են դիակներով: Բեռնատար մի մեքենա կանանց եւ վիրավորներին տանում էր Հյուսիսային Օսիա: Ճանապարհին բեռնատարը հարձակման ենթարկվեց, բայց, բարեբախտաբար, մեքենայում գտնվողներից ոչ մեկը չտուժեց: Տատյանան այժմ գտնվում է Հյուսիսային Օսիայի փախստականների ճամբարում:

«Այնտեղ ապրելն այլեւս հնարավոր չէ, մեր տները քանդված են, կործանված է նաեւ մեր կյանքը,- ասում է նա,- Ես չգիտեմ, թե հետո ինչ է լինելու, ես պարզապես չեմ հասկանում»: Մի քանի տասնյակ վրաններից բաղկացած ճամբարը գտնվում է Ալագիրում` Հարավային Օսիայի սահմանից 100 կմ հեռու գտնվող քաղաքում: Ճամբարը հոգում է փախստականների միայն տարրական կարիքները: Նրանցից ոմանք տեղափոխվել են հարեւան Հյուսիսային Օսիայի Հանրապետություն` ապաստան գտնելով այնտեղի հանգստյան տներում եւ հյուրանոցներում: Բայց շատերը գերադասում են ճամբարում մնալ, որպեսզի հնարավորինս մոտ լինեն լեռների մյուս կողմում դեռ մարտնչող իրենց որդիներին ու ամուսիններին:

Պաշտոնական տեղեկատվության համաձայն, հակամարտության արդյունքում մոտ 35.000 մարդ է տեղափոխվել Հյուսիսային Օսիա: Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինն ասել է, որ փախստականներին աջակցելու նպատակով 500 միլիոն ռուբլի (մոտ 20 միլիոն ԱՄՆ դոլար) է հատկացվելու: Մոտ 8000 մարդ այժմ վերադարձել է, հիմնականում իրենց տների վիճակը գնահատելու համար, թեեւ դեռեւս պարզ չէ, թե քանի մարդ կարող է վերադառնալ այնտեղ մշտական բնակության:

Երկու Օսիաների միջեւ լեռնային սահմանի վրա անկանոն տեսարաններ են` բազմաթիվ տանկեր, զրահապատ մեքենաներ եւ ռազմական տանկեր, որ աղմուկով շարժվում են դեպի Ցխինվալ: Մարդատար մեքենաները, որոնցից շատերը խիստ վնասված են, հակառակ ուղղությամբ են տեղափոխում մարդկանց: Ռազմական համազգեստով, բայց անզեն երիտասարդ կամավորները սպասում են, որ իրենց հակամարտության գոտի ուղարկեն: «Մինչեւ ռուսական բանակի օգնության հասնելը, մենք կարող էինք միայն նռնականետեր օգտագործել վրացական տանկերի դեմ, որ շարժվում էին Ցխինվալի վրա եւ անկանոն կրակում բոլոր շենքերի վրա,- ասում է նրանցից մեկը` միջին տարիքի մի մարդ, որ հրաժարվեց նշել իր անունը,- Նրանք պարզապես քաղաքը հողին հավասարեցրեցին»: «Եթե այս երկրում (Վրաստանում) ժողովրդավարություն է տիրում, ապա ես պարզապես չգիտեմ, թե ինչ մտածեմ»:

Հենց Հարավային Օսիայում հակամարտություն բռնկվեց անցյալ շաբաթ, Հյուսիսային Օսիայում կամավորները սկսեցին ստորագրել այնտեղ գնալու համար: Հավաքագրվել կարող էին 20-45 տարեկան բոլոր այն անձինք, ովքեր ծառայել էին ռուսական բանակում: Ռազմական գործողությունների առաջին օրը Հարավային Օսիա մեկնեց մոտ 500 կամավոր: Մի քանի օր անց Վլադիկավկազում գրանցվեցին 10.000 կամավորներ: Նրանցից շատերը սպանվեցին կամ վիրավորվեցին: Ընդհանուր առմամբ Հյուսիսային Օսիայի հիվանդանոցները պաշտոնապես ընդունել են 178 վիրավոր, այդ թվում՝ 17 երեխա` Հարավային Օսիայի խաղաղ բնակչության թվից:

Սակայն պաշտոնյաների կարծիքով, տուժածների թիվը շատ ավելի մեծ է, քանի որ վիրավորներից շատերը չեն գրանցվել, եւ շատերը դեռ մնում են Հարավային Օսիայում: Օգոստոսի 7-8-ի գործողությունների արդյունքում զոհվածների թիվը դեռ չի ճշտվել: Հյուսիսային Օսիայի խորհրդարանն օգոստոսի 13-ին բանաձեւ է ընդունել, որով կոչ է անում Ռուսաստանի ղեկավարությանը՝ ճանաչել Հարավային Օսիայի անկախությունը: «Բոլոր տառապանքներն անիմաստ կլինեն, եթե Հարավային Օսիայի սահմանները չպաշտպանվեն ռուսական ուժերի կողմից, եւ մենք այլեւս չենք կարող հետաձգել այս հարցը»,- ասել է պատգամավորներից մեկը:

Ալան ՑԽՈՒՐԲԱԵՎ

Հոդվածներն արտատպվում են Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից: