Զորավարժությունները բարձր գնահատվեցին

24/08/2008 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Երեկ Արմավիրի մարզի Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական զորավարժարանում տեղի ունեցան «Ռուբեժ 2008» հայ-ռուսական զորավարժությունները, որին մասնակցում էին նաեւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ թվով 7 երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ եւ զինվորականներ:

Զորավարժությունների պատրաստվածության մակարդակը բարձր գնահատվեց ինչպես ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի, այնպես էլ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ այլ երկրների զինվորական ներկայացուցիչների կողմից: Ի դեպ, զորավարժություններին ներկա էին նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, նախագահի խորհրդական Վիգեն Սարգսյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ՀՀ Արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք բոլորն էլ իրենց հիացմունքն արտահայտեցին ուսումնական զորավարժարանում կայացած օպերացիայի արդյունավետության եւ պրոֆեսիոնալիզմի համար: Զորավարժությունների մեկնարկից առաջ նախ ցուցադրվեց հայկական բանակի զրահատեխնիկան, եւ զինվորականները ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին ներկայացրին բոլոր զինատեսակները: Զորավարժություններին մասնակցում էր 2500 մարդ, ինչպես նաեւ, բացի օդուժից, ընդհանուր առմամբ 496 միավոր տեխնիկա: Զորավարժության ավարտին զորավարժության գլխավոր հրամանատար Միքայել Գրիգորյանը հավաստիացրեց, որ հյուրերը փայլուն են գնահատել զորավարժությունները, քանի որ նոր բաներ են տեսել, որոնց մասին Մ. Գրիգորյանը չբարձրաձայնեց, քանի որ դրանք ռազմական նշանակության գաղտնիքներ են։ Ի դեպ, զորավարժությունների նախապատրաստական աշխատանքները պաշտոնապես նշանակվել էին օգոստոսի 18-22-ը: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց. «Զորավարժություններն անցկացվել են 4 փուլով, առաջին 2-ը եղել են քաղաքական բնույթի, իսկ 3-րդ, 4-րդ-ը եղել են հրամանատարական շտաբային եւ դրանց ֆոնին` տակտիկական զորավարժություններ: Դուք նկատեցիք, որ մենք ավարտեցինք վերջին` 4-րդ փուլը, որին մասնակցում էին ներգրավող ուժերը. դրանք հայկական ուժերն են, Ռուսաստանի Դաշնության եւ ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության ռուս սահմանապահները: Կարծում ենք, որ զորավարժություններն անցան բարձր մակարդակով»: Ըստ Պաշտպանության նախարարի` զորավարժության կազմակերպիչ ղեկավարների նպատակներն իրագործվեցին, եւ զորավարժությունների արդյունքները ցույց տվեցին, որ զորքերի առջեւ դրված խնդիրները լուծված են: Խնդիրը մասնավորապես Հայաստանի հակառակորդի ագրեսիվ հարձակումների դեմ հակաքայլ օպերացիայով դիմադրումն է: Ըստ ՊՆ նախարարի՝ զորավարժությունները ցույց տվեցին, որ հրամանատարական կազմը, հայ, ռուս զինվորները թիկունք թիկունքի տված ամեն գնով պաշտպանում են սահմանն ու տարածաշրջանի խաղաղությունը: Նիկոլայ Բորդյուժայի հավաստմամբ` ամենաբարդը զորավարժությունների չորրորդ փուլն է, մինչդեռ բոլոր փուլերն էլ անցկացվեցին վարպետությամբ: Ըստ Բորդյուժայի՝ հայ-ռուսական զորավարժությունների հաջողությունն այսուհետ կդառնա այն նյութը, որի վրա հիմնվելով՝ կշարունակվի ՀԱՊԿ անդամ երկրների համագործակցությունը: Զորավարժություններից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պատվոգրեր եւ մրցանակներ շնորհեց արժանի զինվորականներին եւ զինծառայողներին:

Ի դեպ, լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում շեղվելով զորավարժությունների թեմայից՝ մենք փորձեցինք Ս. Օհանյանից մեկնաբանություն ստանալ ԵԿՄ նոր կառույց ստեղծելու ՀՀ իշխանությունների մտադրության մասին օրերս մամուլում տպագրված հրապարակումների մասին: ՊՆ նախարարից խնդրեցինք նաեւ իր վերաբերմունքն արտահայտել ԵԿՄ նոր կառույցի ղեկավար պաշտոնում իր թեկնածության մասին շրջանառվող լուրերի, ինչպես նաեւ՝ քաղբանտարկյալների հայտարարությանը` ԵԿՄ անդամներին, ազատամարտիկներին Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժմանը միանալու կոչ անելու մասին: Ս. Օհանյանը պատրաստակամություն հայտնեց զորավարժությունների ավարտից հետո, հաջորդ շաբաթվա ընթացքում պատասխանել մեզ հուզող բոլոր հարցերին, եւ խնդրեց միջոցառման ընթացքում զորավարժությունների թեմայից չշեղվել: Այնպես որ, ԵԿՄ-ի շուրջ խմորումների մասին բոլոր հարցերին ՀՀ Պաշտպանության նախարարը «168 Ժամին» խոստացավ պատասխանել առաջիկա օրերի ընթացքում: