Էդուարդ Դանսեյնի (1878-1957)
Էդուարդ Ջոն Մորթոն Դրագս Փլանքեթը (այդպիսին է նրա լրիվ անունը) ծնվել է 1878 թվականի հուլիսի 24-ին, ոչ թե ինչ-որ տեղ Իռլանդիայում, ինչպես ենթադրում էր Խ.Լ.Բորխեսը, այլ Լոնդոնում: Նա հնամենի ազնվական տոհմի շառավիղ էր, որ հայտնվել էր Իռլանդիայում դեռեւս 15-րդ դարի սկզբներին:
Է.Դանսեյնիի ողջ կյանքը կապված է Դանսեյնի տոհմական ամրոցի հետ, որն իր տունն ու կացարանն էր, եւ ուր միշտ վերադառնում էր պատերազմներից, հեռավոր ճամփորդություններից, եվրոպական տարբեր մայրաքաղաքներից: Դանսեյնի ամրոց հաճախ էին այցելում Ռեդյարդ Քիփլինգը, Ջոն Սթիվենսը, Ուիլյամ Բաթլեր Յեթսը, ով Դանսեյնիի ֆանտաստիկ արձակի առաջին գրքերից մեկի նախաբանի հեղինակն էր:
Նրա առաջին գիրքը` «Պեգանայի աստվածները», տպագրվեց 1905 թվականին: Դա Միջերկրական ծովում կորած անհայտ Պեգանա կղզու աստվածների մասին պատմող փոքրիկ պատմվածքների ժողովածու էր: Ինչպես բոլոր ճշմարիտ առասպելները, նրա առակ-պատմվածքները թերասությամբ լի եւ անբացատրելի էին: Ինչպես ասում էր Գաստոն Բաշլյարը, որպեսզի իրադարձությունը պահպանի իր առասպելական արժեքը, այն պետք է կարճառոտ լինի:
Դանսեյնիի արձակում հումորին եւ հեգնանքին շատ հաճախ միախառնվում է դառնությունն ու խորին թախիծը: Նրա արձակին ներհատուկ է առակաբան լեզուն, անորսալի եւ այլաբանական կերպարները: Հաճախ որոշ պերսոնաժներ կարող են գրոտեսկային թվալ, սակայն այդպես չէ, մեկ էլ հանկարծ կերպարը բացահայտվում է լրիվ այլ կողմից:
Ոչ մի վերապատմում չի կարող հաղորդել Լորդ Դանսեյնիի պատմվածքների հմայքը: Պարզ վերապատմությունը, ինչպես նաեւ տեքստի խոր վերլուծությունն անհարիր են այս արձակին: Այն «չափազանց ամբողջական է» նրա բոլոր բաղկացուցիչները հետազոտելու համար:
Դանսեյնիի ստեղծագործության հիմքում հնագույն առասպելներն ու լեգենդներն են, որոնց միաձուլված են գույների եվրոպական ներկապնակը, տեւտոնական մռայլությունը եւ վալիական թախիծը:
Պանի մահը
Երբ ճանապարհորդները Լոնդոնից մուտք գործեցին Արկադիա, նրանք միասին ողբում էին Պանի մահը:
Եվ շուտով նրանք տեսան նրան լուռ եւ անշարժ պառկած:
Եղջյուրավոր Պանն անշարժ էր, եւ եղյամը թառել էր նրա մորթին, նա նման չէր կենդանի էակի: Եվ այնուհետեւ նրանք ասացին`«Դա ճիշտ է, Պանը մահացել է»:
Եվ տրտմալի կանգնած այդ վիթխարի մարմնի մոտ, նրանք երկար նայում էին անմոռաց Պանին:
Եվ վրա հասավ երեկոն, եւ ծագեց փոքրիկ աստղը:
Եվ այդժամ գյուղից ինչ-որ արկադյան հեռաստանում տոնական երգի հնչյունների ներքո եկան արկադյան դուստրերը:
Եվ երբ նրանք հանկարծ տեսան մթնշաղում պառկած ծեր աստծուն, դանդաղեցրին քայլքն իրենց եւ միմյանց շշնջացին. «Ինչ հիմար տեսք ունի նա»,- ասացին նրանք եւ, ընդ որում, ցածրաձայն ծիծաղեցին:
Նրանց ծիծաղի ձայնից Պանը վեր թռավ, եւ մանրախիճը ցաքուցրիվ եղավ նրա սմբակներից:
Եվ մինչ ճանապարհորդները կանգնել եւ լսում էին, Արկադիայի լեռներն ու բլուրները զրնգում էին հետապնդման հնչյուններից:
Առանց երգերի երկիրը
Բանաստեղծը եկավ մի մեծ երկիր, ուր բնավ երգեր չկային: Եվ նա խորապես ողբում էր այն ազգին, որը ոչ իսկ մի տխմար երգ ուներ, որը կարելի էր դնդնալ երեկոյան:
Եվ ի վերջո նա ասաց. «Ես ինքս կհորինեմ նրանց համար այդ տխմար երգերը, որպեսզի նրանք զվարթ լինեն փողոցներում եւ երջանիկ բուխարիի մոտ»: Եվ մի քանի օրվա ընթացքում նա նրանց համար աննպատակ երգեր ստեղծեց, հար եւ նման նրանց, որ աղջիկները երգում են բլուրներում` ավելի հին եւ երջանիկ երկրներում:
Այդժամ նա մոտեցավ բնակիչներից ոմանց, երբ նրանք նստած էին միջօրյա աշխատանքից խոնջացած, եւ նրանց ասաց. «Ես ձեզ օժտեցի մի քանի աննպատակ երգերով` փոքրիկ անխոհեմ լեգենդներից, որոնք ինչ-որ բանով նման են քամուն` իմ մանկության հեռաստաններում, եւ դուք կարող եք դնդնալ դրանք տրտում երեկոներին»:
Եվ նրանք պատասխանեցին. «Եթե դու մտածում ես, որ մենք հիմա ժամանակ ունենք այդպիսի պարապ բանի համար, ապա դու շատ քիչ բան գիտես ժամանակակից առեւտրի առաջադիմության մասին»:
Եվ բանաստեղծն արտասվեց. «Ավաղ, նրանք անիծյալ են»:
Սխալը
Բարի Փառքը մի անգամ երեկոյան քաղաքում քայլելիս տեսավ Գեշ Փառքի կարմիրով շպարած դեմքը, որ դեգերում էր գազի լամպերի լույսի ներքո, եւ շատերը նրա առջեւ ծնկի էին գալիս ճանապարհի կեղտի մեջ:
«Ո՞վ եք դուք»,- հարցրեց Բարի Փառքը:
«Ես Բարի Փառքն եմ»,- ասաց Գեշ Փառքը:
Այդժամ Բարի փառքն անաղմուկ թաքնվեց այնքան հեռու, որ ոչ ոք չգիտեր, թե նա ուր գնաց:
Եվ Գեշ Փառքն այդժամ շարունակեց ճամփան, եւ նրա բոլոր երկրպագուները ոտքի ելան ու հետեւեցին նրան, եւ նա տարավ նրանց, ինչպես եւ ճամփին հանդիպած շատ շատերին իր հարազատ Տարտարոսը:
Հրդեհից հետո
Երբ դա պատահեց` անթիվ-անհամար տարիներ առաջ, երբ սեւ, քարտեզի վրա չնշված աստղը փոշիացրեց աշխարհը, ինչ-որ վիթխարի արարածներ այլ մի աշխարհից հայտնվեցին այդ հրդեհավայրի մոտ, որպեսզի տեսնեն, թե արդյոք ինչ-որ բան մնացե՞լ է այնտեղ, ինչը արժեր հիշել: Նրանք խոսում էին մեծ բաների մասին, որոնք հայտնի էին աշխարհին: Նրանք հիշատակեցին մամոնտին: Եվ հետո նրանք տեսան մարդու տաճարները, որ պատուհաններից զուրկ դատարկ գանգերի նման շուրջբոլորն էին նայում:
«Այստեղ ինչ-որ մեծ բան էր,- ասաց մեկը,- այս վիթխարի վայրերում: Դա մամոնտ էր»: «Ինչ-որ ավելի մեծ մի բան, քան նա»,- ասաց մյուսը:
Եվ հետո նրանք հայտնաբերեցին, որ մեծագույն բանն աշխարհում մարդու երազանքն էր:
Լաստ կառուցողները
Մենք ամենքս, որ գրում ենք բառեր թղթի վրա, նման ենք այն նավազներին, որ շուտափույթ լաստեր են սարքում դատապարտյալ նավերի վրա:
Երբ մենք կոտրվում ենք տարիների ծանրության տակ եւ իջնում ենք հավերժությունն այն ամենով, ինչ մեզ է պատկանում, մեր մտքերը, փոքրիկ կորսված լաստերի հանգույն, որոշ ժամանակ լողում են Մոռացության ծովում: Նրանք շատ բան չեն տանում ծովային հոսանքներով` միայն մեր անունները, մի քանի նախադասություն, եւ եւս ինչ-որ բան:
Նրանք, ում համար գրականությունն առեւտրի պես է, որ բավարարում է առտնին հոգսերը, նման են այն նավաստիներին, որոնք աշխատում են լաստերի վրա միայն այն բանի համար, որ տաքացնեն ձեռքերն ու մտքերը վանեն գալիք կործանումից` նրանց լաստերը ցաքուցրիվ են լինում ավելի վաղ, քան նավը կկործանվի:
Նայիր` ահա Մոռացությունը պեծկլտում է մեր շուրջը, նրա բացարձակ հանգստությունը Մրրիկից մահաբեր է: Ինչ քիչ են նրան հուզում մեր ողնափայտերը: Ժամանակը նրա խորքերում լողում է հանց հրեշավոր կետաձուկ, եւ կետաձկան նման սնվում է ամենամանր բաներով` թույլ հնչյուններով, եւ վաղնջական, ոսկյա երեկոների չնչին երգերով, եւ շուտով փոխակերպվում է իսկական կետաձկան, որն ունակ է կործանելու բոլոր նավերը:
Նայիր` ահա անկում ապրեց Բաբելոնը, որ պարապ սահում է ջրերի վրայով, իսկ ահա այնտեղ մի ժամանակ Նինվեն էր, եւ նրանց թագավորներն ու թագուհիներն արդեն գտնվում են խորխորատներում` հինավուրց հարյուրամյակների դժգույն մնացորդների միջեւ, որոնք ծածկում են խորտակված Տյուրոսի մեծ մասը եւ խավարով են պատում Պերսեպոլիսը:
Ես տեսնում եմ նաեւ օվկիանոսի հատակում թագերով պատված խորտակված նավերի ուրվագծերը:
Բոլոր մեր նավերը հարմարեցված չէին ծովում նավարկելու համար, սկսած առաջինից:
Այնտեղ ընթանում է լաստը, որ Հոմերոսը ստեղծել էր Հեղինեի համար:
Բանվորը
Ես տեսա, ինչպես բանվորն ընկավ իր տախտամածով` մի վիթխարի հոթելի հենց ամենավերին հարկից: Եվ երբ նա ցած էր թռչում, ես տեսա, որ բանվորը դանակ է բռնել ու տախտամածի վրա ջանում է դրոշմել իր անունը:
Նա այդ փորձելու ժամանակ էլ ուներ, քանի որ նրան վիճակված էր թռչել համարյա 300 ոտնաչափ: Եվ ես կարող էի մտածել միայն նրա խելագարության մասին, որ դրսեւորվում էր այդ ունայն խնդրի իրականացման մեջ: Չէ՞ որ ոչ միայն հենց այդ մարդն անխուսափելիորեն մահացած կլինի 3 վայրկյան հետո, այլեւ տախտակները, որոնց վրա նա ջանում էր ճանկռել բառերը, որոշ ժամանակ անց վառելափայտ էին դառնալու:
Հետո ես գնացի տուն, քանզի կարեւոր աշխատանք էր սպասվում: Եվ ողջ այդ երեկո ես մտածում էի այդ մարդու խելագարության մասին, մինչեւ որ այդ մտքերը գործիս համար լուրջ խոչընդոտ դարձան:
Եվ այն երեկոյան ավելի ուշ, երբ ես դեռ տքնում էի, բանվորի ուրվականն անցավ պատի միջով, եւ ծիծաղելով կանգնեց իմ դիմաց:
Մինչ նրա հետ խոսելը, ես ոչ մի ձայն չէի լսել, բայց կարող էի տեսնել մոխրավուն-թափանցիկ կերպարանքը, որ կեցած իմ դեմ ծիծաղից ցնցվում էր:
Ես վերջապես խոսեցի եւ հարցրի, թե ինչի վրա է նա ծիծաղում, եւ այդժամ ուրվականը պատասխանեց: Նա ասաց. «Ես ծիծաղում եմ քեզ վրա, որ այստեղ նստած աշխատում ես»:
«Եվ ինչո՞ւ,- հարցրի ես,- դու ձե՞ռ ես առնում լուրջ աշխատանքը»:
«Դե, այդ ծաղկուն կյանքը կանցնի հանց քամի, եւ ինչպես քամի կսրբի ողջ այս հիմար քաղաքակրթությունը: Մի քանի հարյուրամյակից դուք կանհետանաք»:
Այդժամ նա դարձյալ կքեց այս անգամ պարզ լսելի ծիծաղից, եւ դեռեւս ծիծաղելով, պատի միջով ետքայլ արեց առ հավերժություն, ուրկից էլ հայտնվել էր:
Տեսակցություն
Սարսափելի բախտախնդիրների ուղեկցությամբ ճանապարհներին թափառող փառքը մի անգամ, անփույթ դնդնալով, անցավ բանաստեղծի կողքով: Եվ այդժամ բանաստեղծը նրա համար երգերից փոքրիկ պսակներ հյուսեց, որպեսզի վսեմացնի նրա գլուխը Ժամանակի դատաստանի առջեւ, բայց միեւնույն է, դրանց փոխարեն նա կրում էր ոչինչ չարժեցող դրասանգները, որոնք նրա ճամփին պատահող խելահեղ քաղաքացիները սարքում էին շուտ փչացող բաներից:
Եվ ամեն անգամ, երբ այդ դրասանգները թոշնում էին, բանաստեղծը գալիս էր նրա մոտ իր երգերի պսակներով, եւ, միեւնույն է, փառքը ծիծաղում էր նրա վրա ու ոչինչ չարժեցող զարդեր էր կրում, որոնք երեկոյան դեմ փչանում էին:
Եվ մի օր բանաստեղծը դառնորեն կշտամբեց նրան, այսպես ասելով. «Հիասքանչ Փառք, եւ մայթին, եւ լռին գյուղական ճամփեքին դու չես դադարում ծիծաղել, ճչալ եւ կատակել անարժան մարդկանց հետ, ես աշխատում եմ քեզ համար ու երազում քո մասին, իսկ դու ծաղրում ես ինձ ու դավաճանում»: Եվ փառքը մեջքը դարձրեց նրան ու հեռացավ, բայց գնալիս ուսը ծռելով նայեց եւ ժպտաց բանաստեղծին, այնպես, ինչպես երբեք չէր ժպտացել նախկինում, եւ համարյա շշնջալով ասաց. «Ես կհանդիպեմ քեզ աշխատատան ետեւի գերեզմանոցում, մի հարյուր տարի հետո»:
Պանի դամբարանը
«Նայեք,- ասացին նրանք,- այն հինավուրց Պանը մեռած է,- եկեք հիմա նրա համար դամբարան սարքենք եւ հուշարձան, որպեսզի վաղեմի ժամանակների երկրպագությունը կարելի լինի մտաբերել հետագայում եւ նման բաներից խուսափել»: Այդպես ասացին մարդիկ լուսավորյալ երկրներից: Եվ նրանք մարմարից ճերմակ վիթխարի դամբարան սարքեցին: Կառուցողների ձեռքի տակ այն դանդաղորեն աճում էր, եւ ամեն երեկո ավելի բարձր էին այն ոսկեզօծում հեռավոր արեգակի շողերը:
Եվ շատերը ողբում էին Պանին, քանի դեռ կառուցողներն իրենց գործն էին անում, շատերն անարգում էին նրան: Ոմանք կոչ էին անում շինարարներին դադար առնել եւ ողբալ Պանին, իսկ մյուսները պահանջում էին ընդհանրապես որեւէ հուշաքար չթողնել այդպիսի խայտառակ աստվածության համար: Սակայն շինարարները հուսալիորեն անում էին իրենց գործը:
Եվ մի օր էլ ամեն ինչ ավարտվեց, ու դամբարանը կեցած էր ուղղաբերձ ապառաժի պես: Եվ Պանի կերպարը դրոշմված էր նրա վրա` նվաստացման մեջ գլուխը հակած, եւ նրա վիզը տրորող հրեշտակաց կրունկներով:
Եվ երբ հուշարձանն ավարտվեց, արեւն արդեն նստել էր, բայց մայրամուտը շառագունում էր Պանի վիթխարի հարթաքանդակի վրա: Եվ հիմա բոլոր լուսավորյալ մարդիկ եկան, տեսան դամբարանը եւ հիշեցին Պանին, ով արդեն մեռած էր, եւ բոլորն անարգում էին նրան եւ նրա չարկամ դարը: Իսկ ոմանք հեռվում ողբում էին Պանի մահը:
Բայց երեկոյան, երբ նա դուրս սողոսկեց անտառից եւ ստվերի պես սահեց բլուրներով, Պանը տեսավ դամբարանն ու ծիծաղեց:
Սֆինքսը
(Մասաչուսեթս նահանգում)
Պղնձից կառուցված քաղաքում մի ժամանակ ապրում էր մի կին, ով ուներ ամեն ինչ, որ կարող էր փողով գնել, նա ուներ ոսկի եւ շահաբաժիններ, եւ գնացքներ ու շինություններ, եւ նա ուներ տնային կենդանիներ, որ խաղար նրանց հետ, բայց չուներ սֆինքս:
Այնպես որ, նա պահանջեց, որ իրեն կենդանի սֆինքս բերեն, եւ այդ պատճառով մարդիկ ուղեւորվեցին գազանանոցներ, այնուհետեւ՝ անտառներ ու անապատներ, եւ, միեւնույն է, չկարողացան գտնել սֆինքսին:
Նա կբավարարվեր նույնիսկ ոչ մեծ առյուծով, բայց մեկն արդեն պատկանում էր մի կնոջ, ում նա ճանաչում էր, այնպես որ, նրանք պետք է փնտրեին սֆինքսին ողջ աշխարհով մեկ:
Եվ երկար ժամանակ ոչ մեկը չէր գտնվում:
Սակայն դրանք այն մարդիկ չէին, որոնց հեշտ է կանգնեցնել, եւ վերջապես նրանք գտան սֆինքսին երեկոյան` անապատում, երբ սֆինքսն ուսումնասիրում էր կործանված տաճարը, որի աստվածներին խժռել էր հարյուրավոր տարիներ առաջ` քաղցից մոլագար: Եվ նրանք սֆինքսի վրա, որ դեռեւս պահպանում էր չարագուշակ անշարժությունը, շղթաներ նետեցին, եւ նրան իրենց հետ տարան Արեւմուտք եւ բերեցին տուն:
Եվ ահա սֆինքսը ժամանեց պղնձից կառուցված քաղաքը:
Եվ կինը գոհ էր, որ ձեռք էր բերել սֆինքսին, բայց սֆինքսը մի հիասքանչ օր նայեց նրա աչքերին եւ մեղմորեն կնոջը մի հանելուկ առաջարկեց:
Եվ կինը չկարողացավ պատասխանել ու մահացավ:
Եվ սֆինքսը դարձյալ լռում է, եւ ոչ ոք չգիտի, թե ինչ կանի նա հետո:
Մենավոր կուռքը
Ինձ ընկերոջիցս բաժին էր հասել մի հինավուրց արտասովոր քար, թեթեւակի խոզակերպ մի կուռք, ում ոչ ոք չէր աղոթում:
Եվ երբ ես տեսա նրա մելամաղձոտ վիճակը, տեսա, թե ինչպես էր նա նստած, ոտքերը խաչած, եւ ունկնդրելով պաղատանքներին, բռնած փոքրիկ մտրակը, որ ջարդվել էր շատ տարիներ առաջ (եւ ոչ ոք չէր ուղղել մտրակը, եւ ոչ ոք չէր աղոթում, եւ ոչ ոք չէր գնում նրա մոտ ճղճղացող զոհով, իսկ նա աստված էր), այդժամ ես խղճացի այդ փոքրիկ մոռացված իրին, եւ այսպես էի նրան աղոթում, ինչպես հնարավոր է, վաղուց էին աղոթում, տարօրինակ մռայլ նավերի գալուստից առաջ: Եվ ես կռացա ու ասացի.
«Օ՜, կուռք, կուռք ամրապինդ դժգույն քարից` տարիներին չենթարկվող: Օ՜, մտրակ բռնող, ունկ դիր իմ պաղատանքին:
Օ՜, փոքրիկ դժգույն-կանաչավուն կերպար, հեռուներից եկած, գիտցիր, որ Եվրոպայում եւ այլ շրջակա երկրներում չափազանց շուտ են մեզնից հեռանում քաղցրությունն ու երգերը, եւ պատանության առյուծի ուժը. չափազանց շուտ է անհետում նրա շառագույնը, մազերը ճերմակում են, եւ մեր սիրելիները մահանում են, չափազանց փխրուն է գեղեցկությունը, չափազանց հեռու է փառքը, եւ տարիները թռչում են չափազանց շուտ, տերեւները հայտնվում են ու ընկնում, ամեն բան քայքայվում է. այժմ մարդոց մեջ իշխում է աշունը, աշունն ու հունձքը, այստեղ են դժբախտությունները, մահն ու լացը, եւ ողջ հիասքանչը մեզ հետ չի մնում, այլ անհետում է հանց առավոտյան ճաճանչը ջրերի վրա:
Նույնիսկ մեր հիշողություններն են հալչում հնամենի ձայների հնչյունների հետ, քաղցրահունչ վաղնջական ձայների, որոնք այլեւս չեն հպվում մեր լսողությանը, մեր մանկության այգիներն անհետում են, եւ տարիների ընթացքում խամրում է նույնիսկ մեր ակն հոգեւոր:
Օ՜, չկա այլեւս Ժամանակի ընկերը, քանզի լռին սուրում են նրա դաժան ոտքերը, տրորելով ամենայն լավն ու կախարդականը, ես համարյա թե լսում եմ տարիների մռունչը, որ շների պես վազում են նրա ետեւից, եւ նրանց շատ քիչ բան է պետք մեզ քրքրելու համար:
Այն, ինչ գեղեցիկ է, նա կործանում է, ինչպես մեծ մարդը տրորում է մարգարտածաղիկները, ամենայն լավն ու կատարյալը: Ի՜նչ հիասքանչ են մարդկանց փոքրիկ երեխաները:
Սա` ողջ աշխարհի աշունն է, եւ աստղերը լալիս են՝ հայելով նրան:
Այդու, մի եղիր այլեւս Ժամանակի ընկերը, որը չի թողնում մեզ գոյել, եւ բարի մի եղիր նրա հանդեպ, այլ խղճա մեզ, եւ թույլ տուր հիասքանչ բաներին ապրել մեր արցունքների մեջ»:
Այդպես էի ես աղոթում կարեկցանքից մի քամոտ օր խոզակերպ կուռքին, որի առջեւ ոչ ոք ծնկի չէր գալիս:
Մահվան սնունդը
Մահը հիվանդ էր, բայց նրանք նրան հաց բերին, որը սարքում էին ժամանակակից հացթուխները, սպիտակ, թթխմորով, եւ պահածոյացված միս Չիկագոյից, մեր ժամանակակից աղի փոխարինիչի պտղունցով:
Նրանք տարան նրան մեծ հոթելի հյուրասրահը (այդ հեղձուցիչ մթնոլորտում մահն ավելի ազատ էր շնչում), եւ այնտեղ նրանք տվեցին նրան իրենց էժանագին հնդկական թեյը: Նրանք բերին նրան մի շիշ գինի, որն իրենք շամպայն էին կոչում: Մահը խմեց այն: Նրանք թերթ բերին եւ գտան հասանելի դեղերը, նրանք տվին նրան պարենամթերք, որ երաշխավորված էր հաշմանդամների համար, եւ դեղատոմսով նախատեսված դեղահեղուկ:
Նրանք տվեցին նրան մի քիչ կաթ եւ բորաքս, այդ անգլիացի երեխաների թմրանյութը:
Մահը ելավ թեւարձակ, ուժեղ, եւ դարձյալ քայլեց աշխարհով մեկ: