Հարկային ու ջրային տեռորի սկիզբն ազդարարված է

24/08/2008 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Երեկ ԱԺ արտահերթ նստաշրջանում շարունակվեց մանր բիզնեսում, այդ թվում՝ նաեւ տոնավաճառներում հսկիչ-դրամարկղային մեքենաների տեղադրումը սահմանող օրինագծերի քննարկումը: Հիշեցնենք, որ արդեն երկար տարիներ է, ինչ Հարկային պետական ծառայությունը փորձում է ՀԴՄ-ներ տեղադրել տոնավաճառների տաղավարներում, սակայն այդ տարածքների առեւտուր կազմակերպողներն իրենց բողոքի ակցիաներով տապալում էին գործընթացը:

Եվ ահա վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարությունը որոշել է այս անգամ կոտրել տոնավաճառների առեւտրականների համառությունը: Իհարկե, առեւտուր կազմակերպողներն այս անգամ էլ բողոքի ակցիաներ կազմակերպեցին ԱԺ շենքի դարպասների մոտ, հանդիպեցին ՀՊԾ աշխատակիցների հետ, սակայն նրանց դժգոհությունները բանի տեղ դնող չկա, եւ հայրենի ընտրյալներն, ամենայն հավանականությամբ, այսօր կողմ կքվեարկեն ներկայացված փոփոխություններին: Կողմ կքվեարկի նաեւ ԱԺ պատգամավոր, «Հրազդան» տոնավաճառի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանը: Առեւտուր իրականացնողների համար ՀԴՄ-ներ գնելու պարտավորությունն էլ Հարկային ծառայությունը դրել է տոնավաճառների սեփականատերերի վրա: Աշոտ Աղաբաբյանը համաձայնել է նաեւ իր մոտ 450 վարձակալների համար գնել առանձին ՀԴՄ-ներ եւ ստեղծել դրանք կենտրոնական սերվերին միացնող ընդհանուր ցանցը: «Առեւտրի կազմակերպիչներին հարկային համակարգը նոր տարբերակ է առաջարկել` առեւտուրը պետք է լինի ցիվիլ, եւ եթե դա օրենք է, պարտադիր է, մենք այդ միջոցառումները կկատարենք»,- ասաց Ա.Աղաբաբյանը:

ՀՊԾ ղեկավարներն ու կոալիցիայի պատգամավորներն այս երկու օրերի ընթացքում փորձում էին բացատրել, թե որքան լավ կլինի, եթե բոլորը տեղադրեն ՀԴՄ-ներ` բոլորը կգործեն հավասար հարկային դաշտում, տոնավաճառներում թեւածող ստվերը, որն ահռելի չափերի է հասնում, վերջապես կպակասի, ու Հայաստանի բյուջեն ավելի շատ հարկեր կհավաքի: Տոնավաճառների վարձակալներն էլ չեն ուզում տեղադրել այդ ՀԴՄ-ները` պատճառաբանելով, թե այդպիսով իրենց առեւտուրն ընդհանրապես կոչնչանա: «Այդ մարդիկ ընդամենն իրենց ապրելու խնդիրն են լուծում, նրանք այդ տաղավարներով մեծ հարստություններ չեն կուտակում: Այս փոփոխությունները նրանց կզրկեն իրենց ընտանիքները պահելու հնարավորությունից: Բացի այդ, այս օրինագծերը միայն տոնավաճառներին չեն վերաբերում, դրանք վերաբերում են ողջ փոքր բիզնեսին: Օրինագծերի ընդունումով փոքր բիզնեսը ոչնչանալու վտանգի առաջ կկանգնի: Եթե հարկեր են ուզում հավաքել, եթե ստվեր են ուզում կրճատել, թող հարկման դաշտ բերեն բենզինի, ցեմենտի եւ այլ մենաշնորհային ոլորտները կամ նույն տոնավաճառների սեփականատերերին: Սեփականատերերն իրենց տարածքները վարձով տալիս են այդ առեւտրականներին ու ահռելի շահույթներ են ստանում: Թող նրանց գերշահույթը հարկեն»,- ասում է «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը:

Տոնավաճառների տերերը վարձակալության տված իրենց տարածքների համար վճարում են հաստատագրված հարկ: Ա. Աղաբաբյանը երեկ չհիշեց, թե քանի քմ տարածք է վարձակալության տալիս, որքան վարձավճար է հավաքում եւ 1 քմ-ի համար որքան հաստատագրված հարկ է վճարում: «Ես տեղյակ չեմ, ընդհանրապես չեմ զբաղվում: Դրա համար տնօրեն ունեմ, ես ընդամենը սեփականատերն եմ: Բայց բյուջեն որ բերում են, տեսնում եմ, որ ամսական միջինը 45 մլն դրամ հարկ եմ տալիս: Ես չգիտեմ, թե քանի քմ է, անկեղծ եմ ասում, չե՞ք հավատում»,- ասաց պատգամավորը:

Հիշեցրինք, որ Երեւան քաղաքում բացօթյա տոնավաճառների 1 քմ հաստատագրված հարկը կազմում է մոտ 3000 դրամ: Հիշեցրինք նաեւ, որ պատգամավորին պատկանող «Հրազդան» տոնավաճառում տաղավարների մեծ մասն ունի 9 քմ, եւ վարձակալները դրա դիմաց վճարում են 220.000 դրամ: Այս դեպքում սեփականատեր Ա.Աղաբաբյանն այդ մեկ տաղավարի համար վճարում է մոտ 27.000 դրամ հաստատագրված հարկ եւ ուրիշ այլ հարկեր չի տալիս: Այս թվաբանությունը կիրառելով «Հրազդանում» գործող շուրջ 450 տաղավարների վրա, պարզ կդառնա, թե հարկեր վճարելուց հետո որքան շահույթ է մնում սեփականատիրոջը: Տվյալ դեպքում՝ 600-700 տոկոսանոց գերշահույթ: «Գերշահույթի համար ես կրկնակի հարկ եմ վճարում,- արդարացավ պատգամավորը,- Ինչո՞ւ եք միայն իմ վրա դուրս գալիս: Ես այդ գումարներով ստադիոն եմ կառուցում, մնացածն ի՞նչ են անում, գնացեք` հարցրեք»:

Վարձավճարների հավաքման ու հարկեր վճարելու գրեթե նույն վիճակն է նաեւ մյուս բոլոր տոնավաճառներում: Եվ արդյոք այս փոփոխությունները հարկման դաշտ կբերե՞ն տոնավաճառի սեփականատերերի ահռելի գերշահույթը: «Հույս ունեմ` այո: Մենք կամաց-կամաց դրան էլ կհասնենք»,- ասաց ՀՊԾ պետի առաջին տեղակալ Ահարոն Չիլինգարյանը: «Իշխանությունները չեն կպնի սեփականատերերի գերշահույթին, որովհետեւ ընտրությունները կեղծելիս ստացել են նրանց թե՛ ֆինանսական, եւ թե՛ մնացած բոլոր տիպի աջակցությունը»,- ասաց Ա.Մարտիրոսյանը:

Կանչում է Սեւանը

Երեկ ԱԺ-ում քննարկվեց նաեւ Սեւանա լճից լրացուցիչ քանակի ջուր բաց թողնելու հարցը: Հիշեցնենք, որ նախապես որոշված էր Սեւանից բաց թողնել 240 մլն խմ ջուր: Տեղեկացնենք նաեւ, որ 2002թ. երբ որոշեցին Սեւանի մակարդակը բարձրացնել, լճից բաց թողնված ջուրը չի գերազանցել 160 մլն խմ սահմանը: Այս տարի իշխանությունները որոշել են կրկնակի անգամ ավելի շատ ջուր վերցնել Սեւանից:

ՀՀ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը կառավարության ցանկությունը բացատրեց այսպես. «Ցավոք սրտի, տարին սակավաջուր էր, կլիմայական պայմաններն աննախադեպ էին, ջրամբարները բավարար քանակությամբ ջուր չկուտակեցին: 44.000 հա ցանքատարածություն ոռոգման կարիք ունի, եւ մենք չենք կարող վտանգել գյուղացիական տնտեսությունների սպասելիքները»: Բացի այդ, Ա. Անդրեասյանը հաշվարկել է, որ Սեւանից բաց թողնվող ջուրը պետությանն այլ օգուտ կտա` «Սեւան-Հրազդան» կասկադը հնարավորություն կտա ավելի շատ էլեկտրաէներգիա արտադրել, որից բյուջե կգնա մոտ 30-35 մլն դրամ հարկ: Քննարկմանը ներկա բնապահպանական հ/կ-ների ներկայացուցիչները գտնում են, որ այս տարի բոլորովին էլ աննախադեպ չորային չի եղել, նախորդ տարիներին նույնիսկ երաշտ է եղել, բայց Սեւանից այդքան շատ ջուր բաց չեն թողել: Բացի այդ, գյուղատնտեսական ակտիվ տարին ավարտվել է, եւ ոռոգելու համար աշնանն այդքան ջուր բոլորովին էլ պետք չէ: «Սեւանը ռազմավարական ռեսուրս է, չէ՞: Աստված մի արասցե, էլի կարող ենք էներգետիկ բլոկադայի մեջ հայտնվել, այդ դեպքում մեր միակ հույսը Սեւանն է, եւ, ի վերջո, մեզ գլոբալ տաքացում է սպասում: Որքան ջերմաստիճանը բարձրանում է, այնքան լճի ճահճացումն արագանում է, որքան մակարդակը բարձրացնում ենք, այնքան դանդաղեցնում ենք այդ գործընթացը»,- ասաց «Հանուն կայուն մարդկային զարգացման» հ/կ նախագահ Կարինե Դանիելյանը` ավելացնելով, թե վախենում է, որ սա նախադեպ լինի, եւ ՀՀ իշխանություններն ամեն տարի որոշեն Սեւանից ավելի շատ ջուր բաց թողնել: Ա.Անդրեասյանը չբացառեց այս վտանգը, բայց ասաց, թե հույսն Աստծո վրա է թողնում: Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը նույնպես տեղին համարեց կառավարության` Սեւանից գյուղատնտեսական նշանակության համար լրացուցիչ ջուր վերցնելու ցանկությունը:

Նշենք, որ Սեւանա լճի ափամերձ տարածքներում կան մոտ 450 տնտեսական օբյեկտներ: Լճի ջուրը բարձրանալով` արդեն հասնում է այդ օբյեկտներին, եւ միշտ էլ կարծիքներ են հնչում, թե իշխանությունները չեն թողնում Սեւանի մակարդակը բարձրանա, որ ջրի տակ չանցնեն հատկապես օլիգարխների ափամերձ օբյեկտները: Բացի այդ, Սեւանի ջրի մակարդակը բարձրացնելու մասին օրենքն ընդունելուց հետո ՀՀ իշխանությունները ժամանակին չմաքրեցին ափամերձ տարածքները` չկտրեցին անտառները, չապամոնտաժեցին օբյեկտները եւ չլուծեցին ջրի տակ անցնող ճանապարհի ու երկաթգծի հարցը: Դրա համար էլ հիմա ավելի հեշտ եւ հարմար են գտել Սեւանից ջուր բաց թողնել, քան այդքան գործ անել, դրա հետ միասին՝ հաշվի նստել նաեւ հանգստյան գոտիներ ունեցող օլիգարխների հետ: