Հսկիչ-դրամարկղային մեքենաները տեղադրել պարտադրող օրինագծերին եւ Սեւանից 120 խմ ավելի ջուր բաց թողնելուն կողմ քվեարկելու համար ՀՀ իշխանությունները Մոսկվայից Հայաստան են կանչել նաեւ ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանին: «Այո, նիստ էր, ու ինձ կուսակցությունից կանչել են»,- մեր թղթակցի հետ զրույցում երեկ ասել է Տ.Արզաքանցյանը: Հիշեցնենք, որ անցած տարի Մոսկվայի «Մետրոպոլ» հյուրանոցի նախասրահում Տ.Արզաքանցյանի վրա կրակել էին: Կրակողը ձերբակալվել էր, բայց պատվիրատուները դեռեւս հայտնի չեն: Տ. Արզաքանցյանն ասել է նաեւ, որ պատվիրատուների համար որոշակի կասկածներ ունի, բայց դեռ չի ուզում բացահայտել: «Ես դեռ գալու եմ, նոր ոլորտ եմ մտնելու, բիզնեսն ընդլայնելու եմ: Կտեսնեք, թե ի՜նչ ներդրումներ ենք անելու»,- ավելացրել է գործարար պատգամավորը: